Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական ապօրինությունը

Մայիս 21,2002 00:00

Հերթական ապօրինությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նոր մրցույթ հայտարարեց: Միայն մեկ՝ 21-րդ հաճախության համար: Հիշեցնենք, որ այդ հաճախությանը հավակնում է արդեն հեռարձակվող «Հայրենիք» հեռուստաընկերությունը, սակայն նախորդ անգամ մրցույթը չկայացավ: Ինչո՞ւ հունիսին անց է կացվելու միայն այդ մրցույթը, ի՛նչ է՝ այլ ազատ հաճախություններ չկա՞ն, մնացած հեռուստաընկերությունների արտոնագրի ժամկետը չի՞ անցել, առանց արտոնագրի աշխատող հեռուստաընկերություններ չկա՞ն: Այդ բոլոր հարցերի պատասխաններն իրավական դաշտում փնտրելն անիմաստ է: Հաշվարկը պարզ է. ապրիլին եթերից զրկել «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին», հաջորդ մրցույթը հայտարարել հոկտեմբերին, եւ եթե նույնիսկ որոշվի այդ հեռուստաընկերություններին եթեր տալ, ապա նրանց կպահանջվի կես տարի՝ հաղորդակ ձեռք բերելու համար, իսկ 2003 -ի ապրիլին Քոչարյանն արդեն վերընտրված կլինի, եւ ոչ մի անկախ հեռուստաընկերություն դրան չի խանգարի: Սա է Քոչարյանի մտահղացումը եւ Ալիկ Հարությունյանի փայլուն ռազմավարական մտքի արգասիքը: Սակայն առայժմ մի կողմ թողնենք քաղաքականությունը: Խոսենք երկու շաբաթ հետո կայանալիք մրցույթի հենց իրավական կողմի մասին: «ՀՀ»-ում տպագրված մրցույթի պայմաններում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը գրում է, որ մրցույթ է հայտարարվում մանկական հաղորդումներ հեռարձակող հեռուստաընկերությունների համար: «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ո՞ր կետով է հանձնաժողովը որոշում հեռարձակվելիք հաղորդումների ուղղվածությունը: Մի՞թե սա ապօրինություն չէ: Խոստովանեմ. «Հայրենիք» հեռուստաընկերությունը ինձ դուր է գալիս: Ճիշտ է, մանկական հաղորդումներ ես չեմ նայում, բայց մեծագույն հաճույքով երեկոյան դիտում եմ նրա կողմից հեռարձակվող դասական երաժշտության համերգները: Ի պատիվ «Հայրենիքի», կարելի է նաեւ նշել, որ այդ հեռուստաընկերությունը չի ստորագրել «Ա1+»-ի փակումը ողջունող 17 իշխանամետ լրատվամիջոցների հայտարարությունը: Այնպես որ, անկեղծորեն հաջողություն եմ ցանկանում «Հայրենիքին» այս մրցույթում: Պարզապես թե՛ այս, թե՛ մնացած հեռուստաընկերությունները պետք է մտածեն` որքանով է ճիշտ, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը իրեն է վերապահում օրենքով չնախատեսված իրավասություններ: Հասկանում եմ, որ այս պահին «Հայրենիքը» խնդիր չի ունենա: Բայց այս կյանքում ոչ մի բան հավերժ չէ: Ի՞նչ ենք անելու, եթե վաղը հանձնաժողովը մրցույթ հայտարարի միայն սարսափ ֆիլմերի ուղղվածություն ունեցող հեռուստաընկերությունների համար, որտեղ պարտադիր պետք է ցուցադրվի պրն Ամալյանի դեմքը: Կամ հանձնաժողովը մի օր զարթնի եւ որոշի, որ այս կամ այն հեռուստաընկերությունը չի կատարում իր ծրագրային պարտավորությունները: Չլինի՞ ամեն ամիս կաշառք ենք մուծելու պրն Ամալյանին կամ նրան, ով վաղը կհայտնվի այդ տեղում, որ մեր հեռուստաընկերությունները չփակվեն: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել