Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ են ստեղծվում «միասնական» թեկնածուները

Մայիս 21,2002 00:00

Որտե՞ղ են ստեղծվում «միասնական» թեկնածուները «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց նաեւ երրորդ ընթերցմամբ եւ ընդմիշտ։ Կառավարությունն այս եւ մի շարք այլ օրենքներ, ինչպես, օրինակ՝ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամին մաքսային եւ պարտադիր վճարների գծով արտոնություններ տրամադրելու մասին», նաեւ՝ «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը խիստ էր կարեւորել, եւ արտահերթ նիստով կարողացավ իր ուզածին հասնել։ Անկեղծ ասած, լուրջ կասկածներ ունենք, թե կառավարությունը նույնքան կարեւորել էր նաեւ «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելը, թեպետ, ի թիվս այլ (2,5 էջ կազմող) օրենքների եւ նախագծերի՝ ընդունվեց նաեւ այս մեկը։ Օրենքի ընդունումից զինծառայողների սոցիալական վիճակը կտրուկ աճ չի ունենա, բայց որ «Գաֆեսճեան թանգարան» հիմնադրամը, խաղատները եւ հայկական ավիացիան յուրաքանչյուրը յուրովի «կշվացնեն», այդ մեկը՝ հաստատ։ ՍԻՄ-ը հայտարարեց, որ չի ուզում մասնակցել «Ավիացիայի մասին» օրենքի քննարկումներին եւ ընդունմանը, եւ դուրս եկավ դահլիճից եւ ուրիշ սենյակում մամուլի ասուլիս հրավիրեց։ Հայկ Բաբուխանյանն ասաց, թե իրենք պաշտոնական նամակ են ուղարկելու Ռոբերտ Քոչարյանին՝ կոչ անելով չստորագրել «Ավիացիայի մասին» օրենքի նախագիծը։ Արդյո՞ք ՍԻՄ-ն այդքան միամիտ է եւ կարծում է, թե իր կոչը նախագահ Քոչարյանը կլսի եւ չի ստորագրի։ Ո՞վ է կասկածում, որ մեզանում հարցերի շուրջ նախ պայմանավորվում են, հետո՝ օրենքի ուժ են տալիս դրանց։ Պատասխանելով «Առավոտի» այս հարցին, Հայկ Բաբուխանյանն ասաց. «Մենք պետք է տարանջատենք հարցի զգացմունքային, քաղաքական եւ իրավական կողմերը։ Քաղաքական եւ զգացմունքային կողմով ակնհայտ է, որ այս գործընթացը ղեկավարում է անձամբ երկրի նախագահը։ Իրավական կողմով այդ փաստը կհաստատվի, երբ նախագահը կստորագրի այս օրենքները, որոնք այսօր այստեղ թխվում են։ Որպեսզի նախագահը կրի նաեւ իրավաբանական պատասխանատվություն, մենք առաջարկում ենք եւ գրավոր դիմելու ենք նախագահին՝ որ չստորագրի։ Գրեթե համոզված ենք, որ նախագահը կստորագրի, մեր գործը նախազգուշացնելն է ստեղծված ծանր եւ վտանգավոր իրավիճակից»։ Ընդդիմադիր քաղաքական ուժերի նախաձեռնությունը՝ սկսել նախագահի պաշտոնանկությունը պահանջող ստորագրահավաքը, հայտնի հանգամանքների պատճառով, չկայացավ։ Մեր դիտարկմամբ, այդ չկայացմանն ինչ-որ չափով ազդեցություն ունեցավ նաեւ Հրանտ Խաչատրյանի այն հայտարարությունը, թե ստորագրողների շարքում ՍԻՄ-ը կլինի 43-րդը եւ 44-րդը։ Հայկ Բաբուխանյանը մամուլի ասուլիսում որոշ ակնարկ արեց այն մասին, որ ոմանց ուշքն ու միտքը միայն ստորագրահավաքն է, որպես սպառնալիք։ «Առավոտը» հիշեցրեց ՍԻՄ-ի նախագահի հնչեցրած միտքը։ Հայկ Բաբուխանյանը նախ ասաց, թե ՍԻՄ-ը նման հայտարարություն չի արել, Հրանտ Խաչատրյանն ընդունեց, որ ինքը նման բան ասել է։ Իսկ ստորագրահավաքը, ըստ Հայկ Բաբուխանյանի. «պետք է ունենալ նպատակ ստորագրահավաք անելու համար։ Միայն ասել, որ նախագահին պետք է հանել, եւ չասել, թե ո՞ւմ համար է դա արվում, ո՞վ է գալու նրա փոխարեն, ո՞ւմ համար ենք մենք բարձրացնում ժողովրդական զանգվածը, ի՞նչ ծրագրի համար ենք պայքարում, մենք համարում ենք շատ անզգույշ եւ անհեռատես քայլ»։ Այսինքն՝ եթե երկրում չկա Ռոբերտ Քոչարյանի այլընտրանքը, ուրեմն նա կարող է ընդմիշտ մնա՞լ։ Մեր հռետորական հարցին Հայկ Բաբուխանյանը փորձեց պատասխանել. «Այսինքն, պետք է ստեղծել ե՛ւ ծրագիր, ե՛ւ նպատակ, ե՛ւ միասնական թեկնածու»։ Եթե միասնական ծրագրի եւ նպատակի ստեղծումն ինչ-որ կերպ կարելի է պատկերացնել, մի քիչ դժվար է միասնական թեկնածուի «ստեղծումը» պատկերացնել։ Կարելի է կարծել՝ դրա համար հատուկ հիվանդանոցային պայմաններ են հարկավոր։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել