Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԽ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ

Մայիս 21,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵԽ-ՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ Օրեր առաջ Հայաստան ժամանած «Ագոյի» խմբի հետ հայ իրավապաշտպանների հանդիպման մասին «Հելսինկյան ընկերակցության» նախագահ Միքայել Դանիելյանի առաջին արձագանքը գոհունակությունն էր: Հանդիպմանը հայ իրավապաշտպանները փաստել էին, որ Հայաստանը ոչ միայն չի կատարում ԵԽ առջեւ ստանձնած իր պարտավորությունները, այլեւ՝ ակնհայտ ճնշումներ է գործադրում խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ, ոտնահարում մարդու իրավունքները, որ կան քաղբանտարկյալներ, ինչպիսին, օրինակ՝ ՔՊԻՎ նախկին պետ Մ.Սաղաթելյանն է: «Դեռ անցյալ ապրիլին, «Ագոյի» խմբի հետ հանդիպման ժամանակ ես ներկայացրել էի «Հելսինկյան ընկերակցության» հայտարարությունը «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի ընդունման եւ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման կարգի անթույլատրելիության մասին: Նշել էինք, որ այդ հանձնաժողովի անդամներին նախագահն է նշանակում, ինչը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին, եւ հույս էինք հայտնել, որ ԵԽ-ն դրան կարձագանքի: Բայց քանի որ ՀՀ-ում գործող իրավապաշտպանները ոչ միայն մեզ չսատարեցին այդ հարցում, այլեւ հայտարարեցին, թե Հայաստանում միակ ձեռքբերումը, որ կա, խոսքի ազատությունն է, մեր արած հայտարարությունը «Ագոյի» խումբը, այդ ոլորտում առկա վտանգների մասին, թերեւս, լուրջ չհամարեց»,- պարզաբանեց Մ.Դանիելյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, թե այս անգամ հարց է բարձրացվել «Եհովայի վկաների» նկատմամբ կիրառվող բռնաճնշումների առնչությամբ, որոնց դատապարտում են բանակից խուսափելու եւ կրոնական համոզմունքների համար: «Այսօր բանտերում դրա համար իրենց պատիժն են կրում 24 հոգի, որոնց ցուցակը ես փոխանցեցի «Ագոյի» խմբին»,- ասաց Մ.Դանիելյանը եւ պնդեց, թե միջազգային չափանիշներով այդ մարդիկ եւս քաղբանտարկյալներ են: ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաեւ լրագրող Մուրադ Բոջոլյանի կալանավորման փաստին, որը ներկայացվել է խոսքի ազատության սահմանափակման համատեքստում: «Մ.Բոջոլյանն այսօր ԱԱՆ մեկուսարանում է եւ մեղադրվում է Թուրքիայի օգտին, իբր, կատարած, լրտեսության մեջ: Այդ մեղադրանքն անհեթեթ է, որովհետեւ ՀՀ օրենսդրությամբ լրտեսը կարող է լինել այլ պետության քաղաքացի կամ քաղաքացիություն ընդհանրապես չունենալ, մինչդեռ Մ.Բոջոլյանը ՀՀ քաղաքացի է»: Հանդիպման ժամանակ հատուկ ուշադրություն է հրավիրվել նաեւ այն փաստի վրա, որ ՀՀ-ում ԱԱՆ-ն իրավունք ունի լսել քաղաքացիների հեռախոսները եւ կարդալ էլեկտրոնային փոստը: «Ես խոսեցի նաեւ դպրոցներում կրոնական զտումների մասին, անդրադարձա ասպիրանտներին ապօրինաբար բանակ զորակոչելու փաստին: Նրանցից մեկն, ի դեպ, բանակում սպանվեց: Մենք հետեւում ենք այդ գործին, ավելին՝ ներկայացնում ենք տուժողի իրավահաջորդի շահերը»,- ասաց Մ.Դանիելյանը: Իրավապաշտպաններն անդրադարձել են նաեւ այսօր կալանքի մեջ գտնվող Մ.Սաղաթելյանի քրգործին: «Ագոյին» հայտարարվել է, որ նա պետք է ճանաչվի քաղբանտարկյալ, քանի որ այն քրգործը, որը հարուցվել է նրա դեմ, քաղաքական ենթատեքստ եւ դրդապատճառներ ունի: Ի դեպ, վերջինիս վերաբերյալ իրավապաշտպանների գործադրած ջանքերին ավելի մանրամասն կանդրադառնանք մեր վաղվա համարում: Իրավապաշտպաններն, իհարկե, փաստել են նաեւ հանրահավաքների եւ երթերի մասնակցող քաղաքացիների ձերբակալությունների, նրանց վարչական տույժի կամ կալանքի ենթարկելու դեպքերը՝ նշելով, որ նրանք էլ են քաղաքական հետապնդումների զոհեր: Մ.Դանիելյանն ասաց, որ անցյալ շաբաթ ձերբակալված 70 հոգուց 10-ն այսօր դեռ վարչական կալանքի տակ են. «Կան փաստեր, երբ դատավճիռների տակ նշված է՝ «բողոքարկման ենթակա չէ»: Մ.Դանիելյանը հավաստիացրեց, թե միայն դա բավական է Եվրոպական դատարան դիմելու համար, ինչը իրավապաշտպանները մտադիր են անել: Նա նշեց, որ «Հելսինկյան ընկերակցությունը» Եվրոպական դատարան դիմելու համար արդեն երկու հայց է պատրաստել. մեկը՝ «Ա1+»-ի, մյուսը՝ 98-ին Գյումրիի ոստիկանությունում սպանված Գ.Դիլանյանի գործով: Փորձագետները վստահեցրել են, որ երկուսն էլ կարող են Եվրոպական դատարանում ընդունվել՝ որպես քննարկման առարկա: Նա պնդեց նաեւ, որ Հայաստանն այսօր չի կատարում ԵԽ-ին անդամակցելիս ստանձնած մի շարք պարտավորություններ, մասնավորապես՝ մինչ օրս չի վավերացրել «Խոշտանգումների դեմ» եվրոպական կոնվենցիան: «Չգիտեմ՝ ինչու չի վավերացվում, երեւի, որ շարունակեն հանգիստ խոշտանգել»,- ասաց Մ.Դանիելյանը: Հայաստանը չի ընդունել նաեւ նոր «Քրեական օրենսգիրքը», Այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որը պետք է ընդունվեր անդամակցությունից հետո 3 տարվա ընթացքում: ԵԽ-ն պայման էր դրել, որ մինչ այդ ներում պետք է շնորհվեր կրոնական համոզմունքների համար դատապարտվածներին, ինչը չի արվել: «Չեն ընդունվել մամուլի, օմբուդսմենի մասին օրենքները: Թեեւ ես դեմ եմ դրանց, բայց եթե պարտավորվել ենք՝ պետք է ընդունենք եւ ընդունենք նորմալ օրենք»: Վերջինս զարմացավ, որ մեր պատվիրակությունը ե՛ւ ԵԽ-ում, ե՛ւ Հայաստանում, շարունակում է պնդել, թե մեր երկրում պրոբլեմներ, քաղբանտարկյալներ, մարդու իրավունքների ոտնահարման դեպքեր չկան: Նա վստահեցրեց, թե «Ագոյի» խումբը Հայաստանին շատ լուրջ է վերաբերվում, եւ եթե վերջինս ԵԽ-ին հասցնի այն դիտարկումներն ու հայտարարությունները, որոնք Երեւանում արել են իրավապաշտպանները, ապա մեր իշխանությունները կարող են լուրջ պրոբլեմներ ունենալ, ընդհուպ՝ մինչեւ ՀՀ-ի դեմ պատժամիջոցների կիրառումը: Իհարկե, նա խոստովանեց, որ շատ դեպքերում միջազգային ատյաններում եւս որոշումներ ընդունելիս առաջնորդվում են կոնյունկտուրայից եւ սեփական երկրի քաղաքական շահերից ելնելով, միաժամանակ՝ «կոմպրոմատներ» կուտակելով՝ անհրաժեշտ պահին որեւէ երկրի հարվածելու համար: Ըստ նրա, այդ է ապացուցում ԵԽ եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ մեր երկրի նկատմամբ վարած վերջին մի քանի տարիների քաղաքականությունը: Միաժամանակ նա ընդգծեց, թե բոլոր դեպքում ամեն ամեն ինչ կախված է հայ իրավապաշտպանների սկզբունքայնությունից, հետեւողականությունից եւ համերաշխությունից: Այդ դեպքում, թերեւս, ավելի հեշտ լինի Հայաստանում առկա հիմնախնդիրները լուծել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել