Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկչական ակտիվության ալեցայտը

Մայիս 18,2002 00:00

Ահաբեկչական ակտիվության ալեցայտը Իսրայելի հանգստյան փոքր քաղաքներից մեկում, բիլիարդի սրահում արաբ կամիկաձեի կողմից իրականացվեց պայթյուն: Պակիստանում կատարված ահաբեկչական ակտը, որի զոհ դարձան 11 ֆրանսիացի զինվորներ, եւ վերջապես, իր մասշտաբներով ու դաժանությամբ նախադեպը չունեցող սպանդը Կասպիյսկում, որի հետեւանքով զոհվեց 43 եւ վիրավորվեց 177 մարդ։ Ըստ որում, սպանվածներից 11-ը երեխաներ էին։ Ավելի ուշ պարզվեց, որ Ռուսաստանի Հատուկ ծառայությունները կարողացան կանխել եւս մի խոշոր ահաբեկչական գործողություն, որը պետք է տեղի ունենար նույնպես մայիսի 9-ին, Մախաչկալայում։ Պարզ է, թե ինչու մայիսի 9-ին, պարզ է, թե ինչու՝ Դաղստանում, եւ պարզ է, որ ահաբեկչական ակտերի շարքը նախապատրաստվում էր չեչեն գրոհայինների կողմից՝ ի պատասխան նրանց առաջնորդներից մեկի՝ արաբ Խաթաբի սպանության։ Կասպիյսկի ահաբեկչության դաժանությունը, թվում է, թե վերջնական բեկում մտցրեց միջազգային հանրության պատկերացումների մեջ՝ չեչենական պատերազմի մասին. եկան այն եզրակացության, որ չեչեն գրոհայիններն առաջին հերթին ոչ թե անջատողական են, այլ ահաբեկիչ եւ սերտորեն կապված են միջազգային ահաբեկչական սինդիկատի հետ։ Կասպիյսկի դեպքերի մասին գրեցին ամերիկյան եւ եվրոպական բոլոր նշանավոր թերթերը եւ հաղորդագրություններ տրվեցին բոլոր խոշոր հեռուստաալիքներով, այդ առիթով հատուկ արտահայտվեց ԱՄՆ նախագահ Բուշը։ Այս ամենը հնարավորություն կտա Ռուսաստանին ավելի կտրուկ գործողություններ ծավալել չեչենների զինյալ խմբավորումների դեմ, եւ այդ հնարավորությունը Պուտինը բաց չի թողնի՝ չէ՞ որ սարերի ետեւում չեն ՌԴ-ում նախագահական ընտրությունները։ Ռուսաստանը առիթը չի կորցնում նաեւ հակաահաբեկչական պայքարի ֆոնի վրա ուժեղացնել ԱՊՀ սահմաններում ռազմական համագործակցությունը՝ հիշենք 4 կովկասյան երկրների կողմից ստորագրված անվտանգության պայմանագիրը եւ մայիսի 14-ին Մոսկվայում կայացած Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի վերափոխումը ռազմաքաղաքական միջազգային կազմակերպության։ Հաղորդագրություն եղավ, որ սկզբում վեց նախագահներից ոչ բոլորը համաձայնեցին այդ գաղափարին, բայց վերջիվերջո եկան ընդհանուր համաձայնության եւ դարձան նոր ռազմաքաղաքական բլոկի անդամ (Հայաստանը ներառյալ, իհարկե)։ Թե ինչքանով է դա ձեռնտու մեզ՝ վերլուծության առանձին խնդիր է, սակայն պարզ է, որ այլընտրանք չկար։ Մեր նախորդ նյութում («Առավոտ», թիվ 87, էջ 9) Ֆրանսիայում նախագահական ընտրություններում ծայրահեղ ազգայնական Լե Պենի հաջողությունը գնահատվեց որպես պատասխան գլոբալիզացիայի եւ ամերիկանիզացիայի գործընթացների, բայց կա եւս մի կարեւորագույն հանգամանք՝ եվրոպացիները վախեցած են, իհարկե, ահաբեկչության վերելքով։ Իսկ ահաբեկչությունը նրանք կապում են առաջին հերթին (ճիշտ, թե սխալ) արաբների եւ, ընդհանրապես, մահմեդականների հետ։ Այժմ հիշեցնենք, որ արաբական երկրներից էմիգրանտները Ֆրանսիայում կազմում են արդեն բնակչության շուրջ 10%-ը (6 մլն)։ Գերմանիայում մահմեդականները 2,5 մլն են, Մեծ Բրիտանիայում՝ 2 մլն, իսկ Իտալիայում՝ 1 մլն։ Այդ երկրներում բուն բնակչությունը նաեւ մահմեդականների հետ է կապում հանցագործությունների ընդհանուր թվի աճը եւ վախենում է, որ վերջիվերջո փոքրամասնություն կդառնա սեփական երկրում։ Սա էլ դրդում է նրանց ձայն տալ ծայրահեղ ազգայնականներին, որոնք խոստանում են կարգուկանոն հաստատել իրենց երկրներում։ Այժմ «ֆրանսիական» իրավիճակը խոստանում է կրկնվել նաեւ Հոլանդիայում, որտեղ սոցիալական հարցումների արդյունքով ազգայնականները կարող են մեծ թվով պատգամավորական տեղեր նվաճել պառլամենտում։ Խնդիրն այն է, որ երկար տարիների ընթացքում եվրոպական երկրների դեմոկրատական իշխանությունները ջայլամի քաղաքականություն են վարել ե՛ւ տոտալ ամերիկանիզացիայի, ե՛ւ էմիգրացիոն քաղաքականության պրոբլեմների հանդեպ։ Ժամանակն է գլուխը հանել ավազից եւ լրջորեն զբաղվել այդ խնդիրներով, հակառակ դեպքում վտանգված կլինեն ե՛ւ ժողովրդավարական արժեքները, ե՛ւ ազգային անվտանգությունը, ե՛ւ եվրոպական ինտեգրացիայի գործընթացները։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել