Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ

Մայիս 18,2002 00:00

ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԱԾ Ինչ է իրականում թաքնված «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միաձուլման ետեւում «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միաձուլման առեղծվածը դեռ երկար ժամանակ հուզելու է թե՛ մասնագետներին, թե՛ բանկի հաճախորդներին: Շատերն են այսօր հարց տալիս, թե ինչ տեղի ունեցավ իրականում, ինչ է թաքնված պաշտոնական հայտարարության տողերի ետեւում: Չունենալով լիարժեք տեղեկատվություն, կարելի է ընդամենը առկա փաստերի հիման վրա ենթադրություններ անել, հիշելով, որ ենթադրությունը ընդամենը վարկած է, որը այլ վարկածների հետ միասին տեղ ունի այնքան ժամանակ, քանի դեռ բացահայտված չէ ճշմարտությունը: Եվ այսպես, փետրվարի 28-ին մամուլում հրապարակվեց Կենտրոնական բանկի հայտարարությունն այն մասին, որ «Արդշինբանկ» եւ «Ադանա» բանկերում նշանակվել են ժամանակավոր ադմինիստրացիաներ, բանկերի կառավարման բարձրագույն մարմինները միաձուլման վերաբերյալ որոշումներ են կայացրել, Կենտրոնական բանկը տվել է իր համաձայնությունը միաձուլման գործընթացին եւ միացյալ բանկին տրամադրել է 5,5 մլն ԱՄՆ դոլար համակարգային վարկ: Միաժամանակ՝ ԿԲ-ից հնչում էին հավաստիացումներ, որ ամեն ինչ լավ է, ընթանում է բնականոն գործընթաց, ինչը, իհարկե, կասկած էր ներշնչում, քանի որ ադմինիստրացիայի նշանակումը պայմանավորված է «Բանկերի սնանկության մասին» օրենքի գործողությամբ: Երբ Կենտրոնական բանկը ստանձնում է բանկի ժամանակավոր կառավարումը եւ իրավունք է ստանում վաճառել բանկը կամ միաձուլել այլ բանկի հետ, առաջին տեղ է դուրս գալիս բանկի իրական արժեքի որոշումը, գնահատումը, ինչը բացարձակ չի արվել տվյալ դեպքում: «Ադանայի» բաժնետեր Ա. Վարդանովը միաձուլման արդյունքում, որը երկու բանկի կանոնադիր կապիտալների պարզ հանրագումարն էր, դարձավ միացյալ բանկի շուրջ 35%172ի տերը, այն դեպքում, որ բոլոր այլ պայմանների հավասարության դեպքում նա պետք է ունենար ոչ ավելի, քան 5%: 2002թ. հունվարի 1-ի դրությամբ «Արդշինբանկի» ընդհանուր ակտիվների մեծությունը կազմում էր 23,2 մլրդ դրամ, իսկ «Ադանա» բանկի ընդհանուր ակտիվների մեծությունը կազմում էր 2,4 մլրդ դրամ: Սա նշանակում է, որ բոլոր այլ հավասար պայմանների դեպքում «Արդշինբանկը» առնվազն 10 անգամ ավելի շատ արժեք ունի, քան «Ադանա» բանկը: Միաժամանակ՝ միաձուլման գործընթացը պետք է իրականանա որոշակի ծրագրի շրջանակներում: Տվյալ դեպքում նման ծրագիր միաձուլման պահին չի եղել: Տպավորությունն այն էր, որ ինչ172որ գործընթացներ դուրս են եկել հսկողությունից եւ իրականացվում են արտակարգ, պահից բխող միջոցառումներ, միաժամանակ փորձելով այդ ամենը ներկայացնել իբրեւ «նորմալ» իրավիճակ: Այստեղ ժամանակն է հիշել, որ 90-ականների սկզբին Ա.Վարդանովը հրավիրվել էր Սանկտ-Պետերբուրգից Երեւան եւ նշանակվել էր «Արդշինբանկի» տնօրեն, բանկը այդ ժամանակ պետական էր եւ նշանակումը կատարվել էր կառավարության կողմից: Ա.Վարդանովի համար միջնորդել էր Գերագույն խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Վերջինիս Ա.Վարդանովի հետ կապում են մտերիմ ընկերական հարաբերությունները, նրանք միասին ուսանել են Լենինգրադում: Հետագայում, երբ Տիգրան Սարգսյանը, որպես ԱԺՄ կարկառուն դեմքերից մեկը, զրկվեց իշխանական լծակներից, բնականաբար զրկվեց պաշտոնից նաեւ Ա.Վարդանովը, որը 1993թ. վերադարձավ Սանկտ-Պետերբուրգ, ուր զբաղվում էր բիզնեսով: Ի դեպ, Վարդանովի «Արդշինբանկում» պաշտոնավարման տարիներին նրա առաջին տեղակալն էր Գագիկ Ստեփանյանը, ներկայումս՝ բանկի խոշոր բաժնետեր եւ կենտրոնական մասնաճյուղի տնօրեն, որը կասկածվում է բանկից կատարված մեծ չափի հափշտակումների մեջ եւ որի հանդեպ հայտարարված է հետախուզում: Բնական էր, որ Տիգրան Սարգսյանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո հայաստանյան բանկային բիզնեսում նորից հայտնվեց Ա.Վարդանովը՝ ձեռք բերելով «Ադանա» բանկը: Ակնհայտ է, որ նման գործարքներ, ինչպիսին էր «Արդշինբանկի» եւ «Ադանա» բանկի միաձուլումը, մեկ օրվա, նույնիսկ մեկ ամսվա խնդիր չէ: Բնական է, որ այս սցենարը մանրակրկիտ մշակվել եւ հաշվարկվել է: Եվ բնական է, որ նման տիպի գործարք, որի արդյունքում Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկի փայատերերը ըստ էության զրկվում են իրենց փայերից, հնարավոր չէր առանց Կենտրոնական բանկի իմացության, ավելի ճիշտ՝ մասնակցության: Գործարքին անմիջապես նախորդեցին Կենտրոնական բանկի կողմից երկու բանկերում ժամանակավոր ադմինիստրացիաների նշանակումը: «Արդշինբանկի» ղեկավար նշանակվեց Կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Արտաշես Դավթյանը, իսկ «Ադանայի» ղեկավար՝ նրա տեղակալ Կարեն Համբարձումյանը: Այս գործարքին նախորդած ամսվա ընթացքում տեղի է ունեցել առնվազն երկու հանդիպում՝ Տ.Սարգսյանի, Ա.Վարդանովի եւ Գ.Ստեփանյանի մասնակցությամբ: Մեզ հայտնի չեն մանրամասները՝ հանդիպումները բավական գաղտնի մթնոլորտում էին անցնում, բայց կարելի է ենթադրել, որ քննարկվում էր Ա.Վարդանովի «մուտքը» «Արդշինբանկ»: Այստեղ շատ անհասկանալի է մնում Գ. Ստեփանյանի դերակատարությունը՝ արդյոք այն՝ ինչ կատարվեց, նախագծված սցենարի շրջանակներո՞ւմ էր, թե՞ Ստեփանյանի անհետացումը, բանկի փողերի հետ միասին, վերջինիս ինքնագործունեությունն էր: Մեր համոզմամբ, նման բան չէր կարող նախագծված լիներ, ավելի հավանական է, որ քննարկումների ժամանակ այնպիսի պայմաններ են դրվել Գ.Ստեփանյանի առջեւ, որ նա այլընտրանք չի ունեցել, քան դիմել փախուստի՝ ձեռքի հետ տանելով բանկի գումարները: Բացի դրանից, մնաց անհասկանալի «Ադանա» բանկում կատարվածը: Ըստ ԿԲ պաշտոնյաների հայտարարությունների, միաձուլման պահին «Ադանա» բանկը սնանկ էր, միաժամանակ հայտարարվել էր վերջինիս գործադիր տնօրենի ձերբակալության մասին: Իսկ եթե բանկը սնանկ է, նշանակում է փայատերերը կորցրել են իրենց ներդրած փողերը: «Ադանա» բանկում կանոնադիր հիմնադրամի մոտ 80%172ը պատկանում էր Վարդանովների ընտանիքին, իսկ «Արդշինբանկում» խոշոր փայատերերի թվում էին գործադիր տնօրեն Լ.Ֆարմանյանը եւ Գ.Ստեփանյանը՝ համատեղ շուրջ 30%: Ինչպես նշեցինք, միաձուլման արդյունքում Վարդանովների փայը միացյալ բանկում կազմեց 35%, իսկ Լ.Ֆարմանյանի եւ Գ.Ստեփանյանի փայը նվազեց մինչեւ 13%: Ըստ էության, հաշվի առնելով մնացած բաժնեմասի ցրվածությունը, կարելի է արձանագրել, որ գործարքի արդյունքում Վարդանովը ձեռք է բերել բանկի եթե ոչ հսկիչ փաթեթը, ապա վճիռների վրա լուրջ ներազդելու հնարավորություն: Սա է իրավիճակը փայամասնակցության առումով: Տեսնենք, թե ինչ ունենք բանկային այլ ցուցանիշների տեսանկյունից: Միացյալ բանկի պարտավորությունները եւ համապատասխանաբար՝ ակտիվները աճեցին 2.76 մլրդ դրամով (համարժեք 5.5 մլն ԱՄՆ դոլար)՝ Կենտրոնական բանկի կողմից տրված համակարգային վարկի չափով: Սակայն դրանից հետո սկսվեց միջոցների կտրուկ արտահոսք, ինչը շատ բնական էր նման վիճակում եւ միացյալ բանկի ակտիվները ապրիլի 1-ի դրությամբ կրճատվեցին 5.9 մլրդ դրամով: Համապատասխանաբար նվազեցին նաեւ բանկի պարտավորությունները` հիմնականում ի հաշիվ ֆիզիկական անձանց ավանդների կրճատման` 2.5 մլրդ դրամով եւ ցպահանջ հաշիվների կրճատման` 3.2 մլրդ դրամով: Մեր գնահատականներով՝ նվազման միտումը պահպանվել է նաեւ ապրիլ ամսվա ընթացքում եւ կշարունակվի մայիսին: Միաժամանակ մոտ 500մլն դրամով ավելացել է միացյալ բանկի վնասը եւ ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1.8 մլրդ դրամ բացասական մեծություն: Սակայն իրական վնասի մեծությունը կավելանա շուրջ 1,5-2,0 մլրդ դրամով՝ այդքան է գնահատվում Գ.Ստեփանյանի գլխավորած մասնաճյուղի կողմից ստանձնած, բայց «Արդշինբանկի» հաշվեկշռում չարտացոլված պարտավորությունների չափը: Ինչ է ստացվում արդյունքում: Ա.Վարդանովը դարձավ «Արդշինբանկի» հիմնական փայատերը, որն ըստ էության իր ձեռքին ունի հսկող փաթեթը: Բանկ, որն ունի համակարգային նշանակություն, ամենամեծ մասնաճյուղային ցանցերից մեկը, լուրջ հաճախորդներ եւ ավանդույթներ: Մյուս կողմից, սցենարում չնախատեսված փոփոխություններ մտցրեց Գ.Ստեփանյանը՝ իր փախուստով: Վերջնականապես չկործանվելու եւ նորմալ գործելու համար բանկում շատ արագ անհրաժեշտ է ներդնել 5-6 մլն ԱՄՆ դոլար, իսկ 9 ամիս անց՝ եւս 5.5 մլն դոլար, քանի որ լրանում է Կենտրոնական բանկի վարկի մարման ժամկետը: Եվ մեր նկարագրած սցենարով, բնականաբար, այդ ներդրումը պետք է կատարի Տիգրան Սարգսյանի մտերիմ ընկեր Ա.Վարդանովը, դառնալով Հայաստանի ամենախոշոր բանկերից մեկի միակ տերը: Հակառակ դեպքում՝ կամ մեր վարկածը ճիշտ չէ, կամ էլ իրոք ինչ172 որ բան է փոխվել նախնական մշակված սցենարում: Բոլոր դեպքերում, եթե 1-2 ամսվա ընթացքում չարվի այդ չափի ներդրում, ապա «Արդշինբանկը» կկործանվի, տանելով անդունդ ոչ միայն հաճախորդների եւ ավանդատուների փողերը, այլ նաեւ պետության 5.5 միլիոն ԱՄՆ դոլարը: ՎԱՐԱԶԴԱՏ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031