Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիան Վահան Հովհաննիսյանի թիկունքում

Մայիս 18,2002 00:00

Կոռուպցիան Վահան Հովհաննիսյանի թիկունքում Վահան Հովհաննիսյանին երբեւէ հետաքրքրե՞լ է, թե 1998 թ. եւ 2003 թ. նախագահական ընտրությունների արանքում ինչպես կարող է ընդդիմադիր Ֆիլարետ Բերիկանը դառնալ իշխանամետ: Սկիզբը՝ նախորդ համարում: Ավելին, անդամագրվել Անդրանիկ Մարգարյան, Գալուստ Սահակյան եւ Տիգրան Թորոսյան ունեցող կուսակցությանը: Ես չէի ցանկանա Վահան Հովհաննիսյանին տեսնել այնքան միամիտ, որ կոռուպցիան փնտրեր հենց բերված օրինակների մեջ, այսինքն, կառչեր տառից: Դա խրախուսելի չէր լինի իսկապես տաղանդավոր հնագետի համար, որը կարծեմ Քարաշամբի դամբարանից պեղել եւ գտել է խիստ հնադարյան մի արծաթե գավաթ՝ յոթ շարք դիցաբանական պատկերներով, ոսկե գավաթ եւ ոսկե ուլունքներ եւ դրանցով արժանիորեն մտել հայ հնագիտության պատմության մեջ: Այնուամենայնիվ, բարեկամաբար եւս մեկ օրինակ: Այս տարվա մարտի 6-ին ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ «ՀՀ նախագահի առաջարկած սահմանադրական փոփոխությունների վրա ծախսվել է առնվազն 100 հազար դոլար»: Հիշեցնեմ, որ թվարկված բոլոր մարդկանց հետ ՀՀ քաղաքացիները ժամանակ առ ժամանակ հույսեր են կապում եւ նրանց դիմում են իրենց խնդիրները լուծված տեսնելու հույսով: Եվս մեկ փաստ: Մայիսի 14-ին 239 ՏՏ 01 Հունդայ մեքենայի վարորդ պետավտոտեսուչը կանգնեցնում է «Հրազդան» մարզադաշտից դեպի Կարեն Դեմիրճյանի անվան մշակութային համալիրին հարող փողոցով դանդաղ ընթացող «Սան» տաքսի ծառայության մեքենան (62 ՏԼ 160) եւ իր վկայականը մեկնած վարորդին ասում է. «Էս ի՞նչ ձեւի ես ներկայանում, մեջը սկի՞ բան չկա»: Նյարդայնացած վարորդը նստում է մեքենան եւ ակամայից հիշում, որ հանրապետության պետավտոտեսչության նոր պետը ղարաբաղցի է: Բայց կարող էր, չէ՞, չհիշել: Ինչու՞ պետք է Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը մի սերժանտի լկտիության պատճառով փող հավաքողի (ավելի քաղաքակիրթ՝ կոռումպացվածի) համբավ ձեռք բերեն: Այսպիսով, Վահան Հովհաննիսյանը փաստեր չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ կոռուպցիա ասելով հասկանում է հովանավորչությունն ու կաշառակերությունը առանց հովանավորին ու կաշառակերին նախապես ճանաչելու: Քանի դեռ հանցագործին ուզում է ճանաչել հանցագործությունը կատարածի դեմքով: Քանի դեռ այդ հանցագործը չգիտի իր նման այլ հանցագործներին պետական պաշտոն տալու եւ պետական մակարդակով նրանց բարեկեցությանն աջակցելու պատճառները: Քանի դեռ կոռուպցիոնիստին չի բռնացրել դեպքի վրա, առանց իմանալու, որ նա կոռուպցիոնիստ էր այդ դեպքից առաջ, ասենք, Անդրանիկ Մարգարյանի, Դավիթ Զադոյանի կամ քաղաքապետարանի սոցիալական վարչության պետի շրջանակում առանց նրանցից մեկ լումա վերցնելու կամ տալու: Քանի դեռ կոռուպցիան էներգետիկ չարաշահումներն են եւ ոչ թե մարդուն էներգետիկայի բնագավառում պաշտոն տալը՝ առանց նրա մեջ ագահությունը ճանաչելու: Այսպիսով, 1)Կոռուպցիան այն է, երբ ոչ թե մուրացկանն է դառնում չինովնիկ, այլ չինովնիկը՝ մուրացկան: 2)Կոռուպցիան այն է, երբ շարքային մարդասպանը գայթակղվում է մարդ չսպանած չինովնիկի բարեկեցությամբ եւ այդպես էլ չի հրաժարվում նրան սպանելու գաղափարից: Իսկ Վահան Հովհաննիսյանից չտեղեկանալով կոնկրետ կոռումպացված անձի մասին՝ հասարակության դեռեւս չխաբված եւ մարդ չսպանած անդամը դիմում է այդ անձին հերթական խնդրով: Դիմում է ոչ միայն այն պատճառով, որ ԱԺ ՆԳ, ԱԱ եւ պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը կոռուպցիայի ոչ մի օրինակ չունի, այլ որովհետեւ թեկուզ իր խնդրի շրջանակներում վերջապես հավատում է այդ պաշտոնյային: Իսկ առանց այդ օրինակի, հասարակության հիշյալ անդամը ինքնաբերաբար խաբվում է պետական պաշտոնյային ուղղված իր հավատի մեջ: Այսինքն, հասարակության մեկ այլ անդամի համար դառնում է վտանգավոր, քանզի ցանկացած խաբված մարդ վտանգավոր է: Այսինքն, ինձ համար է դառնում վտանգավոր: Վաղը իմ այսպես կոչված չխաբվածությամբ պետական պաշտոնյայի կողմից արհամարհված այդ մարդուն կարող եմ համբերությունից հանել, ինձ տեսնելով նա կարող է հիշել իր անիրավվածությունը: Բայց նա ինձ կարող է հանդիպել եւ ոչ թե իրեն արհամարհած պաշտոնյայի որդուն: 3)Կոռուպցիան այն է, երբ պետական պաշտոնյայի որդին չի կարող հարաբերվել շարքային արհամարհվածի հետ, որպեսզի հասկանա իր հոր ամբողջ շփացածությունը: Ուրեմն, մենք գործ ունենք ոչ թե քաղաքական, այլ հոգեւոր կոռուպցիայի հետ: Իսկ սա արդեն երեք միլիոն Վահան Հովհաննիսյան կոռուպցիայի մասին իրենց փիլիսոփայությամբ չեն կարող հաղթահարել: ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել