Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԱՇՏՈՆՍ ՄԻ՛ ՑԱԾՐԱՑՐՈՒ»

Մայիս 18,2002 00:00

«ՊԱՇՏՈՆՍ ՄԻ՛ ՑԱԾՐԱՑՐՈՒ» Նեղացավ փոխվարչապետի կարգավիճակ ունեցող Հովիկ Աբրահամյանը, երբ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանը նրան ներկայացրեց որպես «ՀՀ կառավարության փոխնախարար»։ Մինչդեռ պարոն Աբրահամյանն այնքան էր կարեւորել մասնավոր բուհերի խնդիրներին նվիրված սեմինարը, որ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի հետ այն պատվել էին իրենց ներկայությամբ։ ՀՀ կառավարության ներկայացուցիչների ելույթներում, ինչպես եւ կարելի էր ենթադրել, կարեւորվեց մասնավոր բուհերի կայացումը, այս բնագավառում «պետության կարգավորիչ դերը», համապատասխան օրենսդրական դաշտի ապահովումը։ Ի հակառակ սիրուն խոսքերի՝ հարկ է արձանագրել, որ այս առումով անելիք դեռ շատ կա։ Իսկ թե՛ կառավարության անդամները, թե՛ պետության ուշադրությունից մշտապես դժգոհող մասնավոր բուհերը գոնե պետք է հիշեն, որ հավատարմագրման եւ լիցենզավորման սկսված գործընթացը խայտառակ օրինախախտումների պատճառով ժամանակավորապես ընդհատված է։ Իսկ կաշառակերության մեղադրանքով քրեական հետախուզման մեջ գտնվող Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության նախկին պետին մեր իրավապահ մարմինները մինչեւ օրս իբրեւ թե չեն կարողանում «գտնել»։ ԿԳ նախկին նախարարն էլ որեւէ պատասխանատվություն դրա համար չկրեց, թեեւ բացի քրեականից, այլ օրինախախտումներ եւս թույլ էին տրվել. ենթարկվելով մասնավոր բուհերի ճնշումներին, անհրաժեշտ օրենսդրական դաշտը դեռ ամբողջովին չապահովված՝ սկսեցին հավատարմագրման գործընթացը, երբ նույնիսկ մասնագիտական չափորոշիչները չէին հաստատել։ Այդ չափորոշիչները մինչ օրս դեռ չկան, սակայն հավատարմագրված բուհերն արդեն ասպիրանտուրա ունենալու պահանջ են դնում։ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ կրթական համակարգում առկա մրցակցության պայմաններում «չպետք է գերիշխեն կոմերցիոն հավակնությունները, քանի գործ ունենք այնպիսի ազգային, ստրատեգիական նպատակի հետ, ինչպիսին է քաղաքացու կերտումը»։ Մինչդեռ այս գործոնը հաճախ մոռացվում է, քանի որ մասնավոր բուհերը շտապում են օր առաջ ստանալ ցանկալի պետական կարգավիճակ՝ իր բոլոր արտոնություններով (պետպատվեր, բանակից տարկետում, ասպիրանտուրա եւ այլն), որ մեծացնեն իրենց ուսանողների, հետեւաբար՝ ակնկալվող եկամուտների թիվը, իսկ պետությունն էլ դանդաղում է այս դաշտը հստակեցնելու գործում՝ չնայած մասնավոր կրթական համակարգը գործում է տասը տարուց ավելի։ «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժ. Ջհանգիրյանը նկատեց, որ մասնավոր ու պետական բուհերի հավասարությունը միայն օրենքով է երաշխավորված եւ չմոռացավ շեշտել, որ պետական բուհերը արտոնյալ պայմաններում են եւ մինչեւ օրս չեն լիցենզավորվել ու հավատարմագրվել, ինչպես պահանջում է օրենքը։ Ենթադրել տալով, որ այդ բուհերի որակի ստուգումն էլ պակաս անհրաժեշտ չէ, պարոն Ջհանգիրյանը դժգոհեց մասնավոր բուհերի որակի ստուգումներից, որոնք այդ բուհերի հանդեպ «հասարակության մեջ անվստահություն են ձեւավորում»։ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, հիշեցնելով հետխորհրդային շրջանի պրոբլեմների ազդեցությունը կրթական համակարգի վրա, նկատեց, որ համակարգի ազատականացումը ընթացավ ե՛ւ թերացումներով, ե՛ւ ձեռքբերումներով, ինչը հատկապես բուհական համակարգի վրա ազդեց. «Ազատականացնելով համակարգը՝ հաշվի չառանք, որ չկային ավանդույթներ, չկային նորմատիվ հենքեր եւ ձեւավորված չէր մրցունակ այն միջավայրը, որը հնարավորություն կտար մասնավոր եւ պետական համակարգի միասնականության քաղաքականություն իրականացնել»։ Ըստ նախարարի՝ գիտնականների եւ ուսանողների թիվը նվազել է, իսկ ուսումնական ու գիտական հաստատություններինը՝ աճել ու կարծես մոռացել ենք, որ կրթական համակարգը ուսանողի համար է, գիտականը՝ գիտնականի։ Արձանագրելով, որ մասնավոր կրթական համակարգը Հայաստանում օրեցօր կայանում է՝ Լեւոն Մկրտչյանը նաեւ նկատեց, որ պետական բուհերը փորձում են հաճախ մոնոպոլիզացնել մասնագիտությունները՝ չընդունելով, որ մրցակցությունը կրթական համակարգի զարգացման համար կարեւոր նախապայման է։ Միաժամանակ, պետականների բոլոր իրավունքներից օգտվել շտապող մասնավոր բուհերին հիշեցրեց, որ պետական բուհերը մի քանի տասնամյակների պատմություն եւ ավանդույթներ ունեն, իսկ մասնավորները՝ մի տասը տարվա։ Հավաստիացրեց, որ ԿԳՆ-ն եւս շահագրգիռ է, որ որոշ մասնագիտությունների, ասենք՝ իրավագիտության գծով ասպիրանտական դպրոցների թիվը աճի, սակայն այսօր անհրաժեշտ որակ չեն կարողանալու ապահովել եւ կհեղինակազրկեն այդ համակարգը։ ԿԳ նախարարը խիստ կարեւորեց, որ մեր կրթական համակարգը նաեւ միջազգային չափանիշներով մրցունակ լինի։ Ըստ Լեւոն Մկրտչյանի՝ ԿԳՆ-ն իր պարտքն է համարում այնպիսի բարեփոխումներ անցկացնել բուհական համակարգում, որ այն դիմակայի միջազգային մրցակցությանը. «Հակառակ դեպքում չենք կարող բավարարել ուսանողի պահանջմունքները։ Մենք աշխատավարձ ենք ստանում, որ ուսանողին բարձր որակի գիտելիքներ տանք»։ ԿԳ նախարարը նշեց, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուհերից գործունեության իրավունք պետք է ստանան միայն նրանք, որոնք անհրաժեշտ որակ կապահովեն։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել