Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունին դատարկվում է

Մայիս 18,2002 00:00

Մարտունին դատարկվում է Մարտունու տարածաշրջանի բնակիչները դիմում են հղել ԱԺ պատգամավոր Խորեն Սարգսյանին եւ «Առավոտին»՝ ՀՀ Գեղարքունիքի մարզից Մարտունի տարածաշրջանը առանձնացնելու եւ Մարտունի կենտրոնով առանձին վարչատարածքային միավոր ստեղծելու մասին։ Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանի բնակչության անունից Հայաստանի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովի նախագահին եւ վարչապետին 2001 թ. մայիսի սկզբներին հղվել է դիմում՝ Մարտունի տարածաշրջանը ՀՀ Գեղարքունիքի մարզից առանձնացնելու եւ Մարտունի կենտրոնով մարզ ստեղծելու մասին։ Դիմումը բաց նամակի տեսքով՝ «Մարտունին Հայաստանի Հանրապետության միջնաբերդն է» վերտառությամբ հրապարակվեց «Առավոտ» օրաթերթի 26.05.2001 թ. 100/1507 համարում։ Դիմումն ունի իրավական ուժ։ Նրան կցված են տարածաշրջանի համայնքների ավագանիների՝ խնդրո առարկայի վերաբերյալ արտահերթ նիստերի որոշումները եւ ուղղակի բնակչության կողմից տրված ստորագրությունները։ Այսինքն, կատարվել է հանրաքվե։ Դիմումով սոցիալ-տնտեսական եւ օպերատիվ կառավարման պատճառական կապի հենքով եւ կյանքի բնականոն թելադրանքով հիմնավորված է հարցի հրատապությունն ու խնդրվել է հանդես բերել պետական կառուցողական մտածողություն եւ լուծել խնդիրը։ Սակայն առ այսօր դիմումին պատասխան չի տրվել, այն չի հնչեցվել Ազգային ժողովում եւ քննարկման նյութ չի դարձել։ Նախաձեռնող խմբի անդամներիս հանդիպումները հանրապետության Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալի, վարչատարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարարի ու ղեկավար այլ անձանց հետ՝ որոշակիություն չի տվել, միայն անցած տարվա հուլիս ամսին Գեղարքունիքի մարզկենտրոն է եկել վարչատարածքային կառավարման եւ ենթակառուցվածքները համակարգող նախարարի տեղակալ պարոն Վաչե Տերտերյանը, խորհրդակցության հրավիրել Մարտունու տարածաշրջանի համայնքապետերին եւ խիստ տոնով հարցրել՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս եք նախաձեռնող խմբին տվել համայնքների ավագանիների արտահերթ նիստերի խնդրին առնչվող որոշումները, ո՞վ է ձեզ թույլ տվել։ Երբ համայնքների պետերը հարցրել են, թե իսկ ինչո՞ւ եւ ո՞ր իրավունքով չպետք է տայինք, ինչո՞ւ չեք հանդիպում բնակչությանը, նախաձեռնող խմբին, պարոն Վաչե Տերտերյանը հանձնարարել է գալ հանդիպումների, սակայն մինչեւ հիմա պարոնը, մեղմ ասած, քաջություն եւ ժամանակ չի գտել։ Տարածաշրջանում աշխատատեղերի բացակայությունը, անարդյունավետ գյուղատնտեսությունը, մարդկանց նկատմամբ արհամարհանքն ու քար լռությունը կամ սին խոստումները ստեղծել են անելանելի վիճակ՝ մարդը ում դիմում է՝ պատին է դեմ առնում։ Այս վիճակից դուրս գալու համար բնակչության մեջ լայն թափ է ստացել ընտանիքներով արտագաղթը։ Դատարկվում է տարածաշրջանը, այսպես շարունակվելու դեպքում տարածաշրջանն ամայանալու է։ Մենք գտնում ենք, որ այս հարցը չպետք է նմանվի Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտությանը. այն պետք է լուծվի քաղաքակիրթ ճանապարհով, պետության անվտանգության շահերից ելնելով՝ չէ՞ որ Մարտունու տարածաշրջանն իսկապես Հայաստանի Հանրապետության միջնաբերդն է։ Մարտունու տարածաշրջանի բնակչության անունից՝ Դ. ԶԱՔԱՐՅԱՆ, Ռ. ԳԱԼՍՏՅԱՆ, Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ (եւս 10 ստորագրություն)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել