Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՆԵՐԸ

Մայիս 18,2002 00:00

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՆԵՐԸ Այս օրերին Հայաստանի ատոմային էլեկտրակայանից (ՀԱԷԿ) բազմաթիվ մարդիկ են ազատվել աշխատանքից։ Նրանք անգործ մնալու պատճառով հուսահատվելուց բացի, մտավախություն են հայտնում, որ սա ատոմակայանի աշխատանքները կամաց-կամաց դադարեցնելու նախապատրաստություն է։ Բայց «օրինակ, Ձեր տան լուսավորությունը (նկատի ունի էլեկտրամատակարարումը- Ա. Ու.) փոխվե՞լ է այն բանից, որ բաշխիչ ցանցերի համակարգում 4000 հոգի ազատվել է աշխատանքից»,- հիշյալ մտավախության չհիմնավորվածությունն այսպես փաստարկեց տնօրենի պաշտոնակատար Գագիկ Մարկոսյանը։ Իմիջիայլոց նշենք, որ շատերիս տների լուսավորությունը փոխվել է՝ համապատասխանելով մթնոլորտային տեղումների որոշակի հաճախականության, քանակի, ուժգնության եւ տեւողության հետ։ Բայց թե անձրեւներից հետո ենթակայանների աշխատանքի խափանումն ու վթարների վերացման մեծ տեւողությունը որքանով է առնչվում կրճատված հաստիքների թվին՝ պարզել է պետք։ Աշխատանքից ազատվողների տրամադրած տվյալներով, արդեն գործազուրկ է դարձել շուրջ 134 էներգետիկ։ Այս տվյալը, սակայն, Գագիկ Մարկոսյանը չհաստատեց։ Ըստ նրա, այդ թիվն ավելի փոքր է, որոշ հիմնավորումներով՝ շուրջ 66։ 134 թե 66, այս երեւույթը խուճապային տրամադրություն է առաջացրել նախկին աշխատակիցների, այժմ գործազուրկների, շուտով սոցիալապես անապահով համարյա նույն թվով ընտանիքների շրջանում։ Առավել եւս, որ լսել են, թե կրճատվողների թիվը պետք է հասնի 500-ի։ Իրենց աշխատանքից ազատվելն անարդար որակելը հիմնավորում են 25-30 տարվա աշխատանքային ստաժով, 4-5 երեխա ունենալով, ինչը մենեջերը բիզնեսի կատեգորիա չի համարում։ Իսկ երկու օրվա իրենց արտադրած էլեկտրաէներգիայի (օրական 9 մլն կվտ/ժ) արժեքը, պնդում են, որ բավական է չկրճատված ողջ անձնակազմին վարձատրելու համար։ Բայց պետությունն այլ կերպ է մտածում. սա օպտիմալացում է։ Ըստ ՀԱԷԿ-ի տնօրենի պաշտոնակատար Գագիկ Մարկոսյանի, ատոմակայանը բիզնես է։ Թեկուզ ոչ մասնավոր, թեկուզ պետական, բայց բիզնես է։ Եվ ինչպես բոլոր ընկերություններում, ՀԱԷԿ-ում էլ ավելորդ հաստիքներ ու անգործ «մասնագետներ» պետք չեն։ Ինքը որպես մենեջեր, չի կարող հանդուրժել, երբ միջանցքներում քայլելիս այս «պարապ կադրերին» է դիպչում։ «Օրինակ, հանրապետությունում այսքան թերթեր կան, բոլորովին անտեղի է «Խոշոր ատոմ» թերթը՝ իր 5 (+1 արտահաստիքային) աշխատողներով»։ Ինչպես նաեւ մենեջերը ատոմակայանի համար շռայլություն է համարում կոմերցիոն տնօրենի 1 խորհրդականի, մարքեթինգի բաժնի 1 աշխատակցի հաստիքները եւ կանաչապատման 23 հոգանոց բաժինը. «Նրանք աշխատանքից դուրս են եկել, ընկերություն են հիմնել, որի հետ պայմանագիր ենք կնքել եւ հիմա էլ եկեք, տեսեք, որ մեր կանաչ տարածքները խնամված վիճակում են։ Այժմ նույն աշխատանքը կատարվում է ավելի էժան ծախսերով»,- «Առավոտի» հետ հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրեց պարոն Մարկոսյանը։ Ու նա իրեն վիրավորված է զգում նախկին աշխատակիցների այն տեղեկությունից, թե իր՝ Գ. Մարկոսյանի, այս պաշտոնում մնալու եւ նշանակվելու համար անհրաժեշտ պայման է կրճատվածների թիվը 500-ի հասցնելը. «Ինձ, որպես տնօրենի պաշտոնակատար, իմ վերադասի կողմից ոչ գրավոր, ոչ բանավոր, ոչ հեռախոսի, ոչ որեւէ մեկի միջոցով նման առաջադրանք չի տրվել»։ «Եվ ո՞վ ասաց, թե միայն կրճատումներ են լինելու։ Ատոմակայանն այժմ դիտարկվում է բիզնեսի տեսանկյունից։ Գուցե շուտով անհրաժեշտ լինի 1-2 նոր բաժին բացել»։ Սակայն աչքաչափով անգամ պարզ է, որ էներգետիկայի համակարգում գերկորուստներն առաջանում են ոչ այս «անգործ» կադրերին վճարված աշխատավարձի պատճառով. «Իհարկե, ՀԱԷԿ-ում օպտիմալացում կատարելով, շատ կրճատումներ անելով համակարգի կորուստները չեն պակասի։ Ճիշտ է։ Բայց ես էլ կասեմ, որ ՀԱԷԿ-ի բիզնեսում եթե կան աշխատողներ, որոնք անգործ են՝ վտանգավոր են»։ Սակայն Գագիկ Մարկոսյանը մեր ժողովրդի վիճակը պատկերացնում է՝ գործ չկա, փող չկա, մեծ ընտանիքներ ունեն։ Բայց բիզնեսը մնում է բիզնես։ Իհարկե, ոչ ոք չի ասում, թե պետությունը չպետք է օպտիմալ կառավարի իր սեփականությունն ու տնտեսությունը եւ չազատվի ավելորդ կադրերից։ Սակայն այդ ամենն անելուց առաջ մարդկանց առանց կոնկրետ այդ հիմնարկում աշխատելու՝ ապրելու հնարավորություն տա։ Այսինքն աշխատատեղի այլընտրանք ստեղծի։ Թե չէ՝ ոչ մեկն իրեն չի կոտորում առողջության համար այդ վտանգավոր տեղում աշխատելու համար։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել