Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐՎԱԳՆԵՐ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԲԱԽՏԻՑ

Մայիս 18,2002 00:00

ԴՐՎԱԳՆԵՐ «ԶՎԱՐԹՆՈՑԻ» ԲԱԽՏԻՑ ՀՀ կառավարության եւ «Կորպորասիոն Ամերիկա Ս.Ա.»-ի (ի դեմս Էդուարդո Էրնեկյանի) միջեւ պայմանագիրը՝ «Զվարթնոց» օդանավակայանի առնվազն 30 տարի ժամկետով շահագործման, կառավարման եւ առեւտրային օգտագործման մասին, ԱԺ պատգամավորների եւ այլ քաղաքական ուժերի քննարկման աղմկոտ թեմա է դարձել։ ՀՀ կառավարության եւ ԱԺ-ի հերթական հանդիպման օրը, թեեւ արդեն պայմանագիրը երկրորդ ընթերցմամբ հաստատվել էր, փորձեցի քննարկել պայմանագրին կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկած պատգամավորների հետ։ Ինչ խոսք, շատ դժվար էր այդքան պատգամավորների մեջ (գրեթե բոլորը ներկա էին) գտնել մի քանիսին, որոնք պայմանագրի բովանդակությանը ծանոթ էին՝ անձնական ընթերցման արդյունքում։ Մոտ տասը պատգամավորի անուն էր տրվում, որոնք տեղյակ էին քննարկման նյութին՝ Աղասի Արշակյան, Արշակ Սադոյան, Հայկ Բաբուխանյան, Գուրգեն Արսենյան… Արշակ Սադոյանը բոլորիս հայտնի ոճով այս պայմանագիրը բնութագրեց «Հանցագործություն Հայաստանի կառավարության կողմից»։ Ա. Սադոյանի կարծիքով, անընդհատ խոսվում է խոշոր ներդրումների մասին, սակայն պայմանագրում որեւիցե բառ չկար ներդրումների ծավալի մասին. «Ընդհակառակը, ծայրից ծայր միայն Հայաստանի եւ ՀՀ կառավարության պարտավորություններն են կոնցեսիոներ կոչվող Կառավարչի նկատմամբ»։ Իսկ ահա ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի պնդմամբ. «Մաստեր-պլանում է ամրագրվում կատարվող աշխատանքների ծավալը, փուլայնությունը, առաջնայնությունը, որից էլ բխում են ներդրումների ծավալը եւ վերահսկողությունը։ Ըստ պայմանագրի, մաստեր-պլանը հաստատվում է ՀՀ կառավարության կողմից։ Այսինքն՝ ՀՀ կառավարությունը ՀՀ-ին պատկանող օդանավակայանի տարածքի զարգացման ծրագրին հավանություն է տալիս կամ մերժում։ Ավիացիան, ատոմային էներգետիկան այն ոլորտներն են, ուր կոնկրետ ծրագրերի առկայության դեպքում են երեւում ֆինանսական ներդրումը, ներդրման աղբյուրները»։ Արշակ Սադոյանի մեկնաբանմամբ, «այդ կոնցեսիոներին (տվյալ դեպքում՝ Է. Էրնեկյանին- Ս. Ս.) 30 տարով եւ հետագայում նաեւ տարիներն ավելացնելով որպես բացարձակ սեփականություն է տրվում օդանավակայանը, նրա հարակից տարածքները՝ իր բոլոր կառույցներով, նրան իրավունք է տրվում ինչ ուզի անի, նույնիսկ՝ այս ժամանակավոր սեփականությունը գրավ դնի, եւ սնանկանալու դեպքում Հայաստանն է կորցնում»։ Պրն Սադոյանը, թերեւս, մանրամասն չի ընթերցել պայմանագիրը, որում նշված է. «Կառավարիչը հանդես է գալու օդանավակայանի ղեկավարման իրավասու մարմնի կարգավիճակով» եւ «Կառավարիչն իրավունք ունի իրականացնել այդ գույքի կառավարումը, տնօրինումը, ցանկացած եղանակով ծանրաբեռնումը, գրավի, գրավականի առարկա դարձնելը, գրավի ցանկացած իրավունքով ծանրաբեռնումը, փոխանցումը եւ ընդհանրապես՝ ՀՀ օրենսդրությամբ չարգելված ցանկացած այլ կերպ օգտագործումը ժամկետի ընթացքում»։ Նշենք նաեւ, որ ըստ պայմանագրի, Կառավարիչը (Էրնեկյանը) իրավունք չունի վաճառել օդանավակայանը՝ առանց ՀՀ կառավարության համաձայնության։ Մեկ այլ կետ, որը, օրինակ, ԱԺ պատգամավոր Մարտին Հովհաննիսյանի համար կարեւոր փաստարկ է եղել՝ Ավիացիայի մասին օրենքին կողմ քվեարկելու համար։ Այն է՝ որ Կառավարիչը ժամկետի ընթացքում ձեռք բերված ողջ շարժական գույքի սեփականատերը լինելով, պարտավոր է օդանավակայանային գործունեությանն առնչվող նշված շինությունների եւ շարժական գույքի սեփականությունը պայմանագրի դադարեցման դեպքում փոխանցել ՀՀ կառավարությանը։ Պայմանագրի «ՀՀ կառավարության իրավունքները եւ պարտականությունները» մասում նշված է, որ եթե ՀՀ կառավարությունը այս օդանավակայանից բացի կառուցում է որեւէ այլ միջազգային օդանավակայան ՀՀ տարածքում կամ գոյություն ունեցող օդանավակայաններից որեւէ մեկը ցանկանում է դարձնել միջազգային, կամ եթե կառուցվում է տեղական նշանակության օդանավակայան՝ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, ապա նշված շինարարության սկսվելու պահից մինչեւ ավարտին հաջորդող մեկ տարվա ավարտի պահը Կառավարիչն իրավունք ունի դադարեցնել այս պայմանագիրը եւ հատուցում ստանալ ՀՀ կառավարությունից։ Պայմանագրի մեկ այլ կետում նշված է, որ եթե ՀՀ կառավարությունը ցանկանա մեկ այլ օդանավակայան վաճառել, ապա առաջին հերթին պետք է առաջարկի «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ին, համաձայնեցնի։ Պայմանագրի այս կետերը երկու եւ ավելի մեկնաբանություններ կարող են ունենալ, առաջին հերթին այն, որ Էրնեկյանին մենաշնորհային դիրք է տրվում։ Սակայն կա նաեւ այլ կարծիք։ Գ. Արսենյանի համոզմամբ. «Երկու կողմն էլ կարող է համարել, որ նպաստավոր պայմանագիր է կնքել։ Հայաստանի ոչ ուղեւորաշրջանառության ծավալն է համապատասխանում մի այլ օդանավակայան ունենալու հնարավորությանը, ոչ տեխնիկական հագեցվածությունը, ոչ պրոֆեսիոնալ պատրաստվածության մակարդակը։ Երեւի մոռացել են, որ Գյումրիի օդանավակայանում երկրաշարժից հետո վայր ընկավ օգնություն բերող ինքնաթիռը, սարերին բախվեց…»։ Մ. Հովհաննիսյանի կարծիքով՝ «Հայաստանը 30000 քմ տարածքով երկիր է եւ երկրորդ միջազգային օդանավակայանի անհրաժեշտությունն անիմաստ է»։ Իհարկե, Գյումրու օդանավակայանը կարող է սպասարկել թռիչքներ ԱՊՀ երկրներ։ Սակայն հաշվի առնելով, որ Կառավարիչը պայմանագրով առնվազն 30 տարվա շահագործման, կառավարման իրավունք է ստանում եւ միայն մեր երկրի այսօրվա տնտեսական վիճակով, վիճակագրական տվյալներով, ուղեւորաշրջանառությամբ ճիշտ չէ դատել եւ որոշումներ կայացնել. ոչ ոք չգիտի 30 եւ ավելի տարի անց Հայաստանը մեկ այլ միջազգային օդանավակայանի անհրաժեշտություն կունենա՞, թե՞ ոչ։ Մի քանի պատգամավորներ, բացի օդանավակայանի գործունեության եւ որակի բարելավման հարցերից, նաեւ կարեւորում են բեռնահամալիրի՝ Եվրաբանկի վարկի պետական պարտքը՝ մոտ 18 մլն դոլար։ Ընդ որում, ՀՀ կառավարությունը մարել էր այդ վարկի 1,8 մլն դոլարը, որը «Կորպորասիոն Ամերիկան» պետք է վերադարձնի ՀՀ կառավարությանը։ Ինչպես նշվեց, քիչ պատգամավորներ կան, որոնք մանրամասն ծանոթ են պայմանագրի բովանդակությանը եւ կարող են նկատել պայմանագրի բացերը։ Պայմանագիրը, բնականաբար, իդեալական չէ եւ անհրաժեշտ էր ավիացիայի մասնագետների եւ անկախ իրավաբանների ուսումնասիրություն։ Եվ նաեւ հետաքրքիր չէ՞, արդյոք, թե պրն Էրնեկյանը, որը մեծ փորձ ունի միջազգային ավիաբիզնեսի ոլորտում, ինչպիսի բովանդակությամբ պայմանագրեր է կնքել Հայաստանի տիպի երկրներում։ Երկու գերիշխող կարծիք կա նաեւ պայմանագրի այն կետերի շուրջ, որոնցում նշվում է, որ ՀՀ կառավարությունը Կառավարչի իրավունքներին ընդառաջ ՀՀ օրենսդրության մեջ փոփոխություններ պետք է կատարի։ Այդ թվում նաեւ խաղատների խնդիրը։ Երեւանի խաղատները, ինչպես հայտնի է, ըստ օրենքի, պետք է 50 կմ շառավղով հեռացվեն։ Բայց, քանի որ օդանավակայանի ապագա Կառավարիչը իբրեւ ազատ տնտեսական գոտի նաեւ նախատեսում է խաղատուն բացել, օրենքում շուտով փոփոխություն կարվի՝ 50 կմ-ն կփոխվի 15 կմ-ի։ Մի կողմից հասկանալի է, որ ազատ տնտեսական գոտում խաղատան առկայությունը պայմանավորված է նրանով, որ ոչ թե սովորական քաղաքացիների, այլեւ ուղեւորաշրջանառության ժամանցը ապահովող ենթակառույց պետք է դա լինի։ Մյուս կողմից էլ թերեւս ճիշտ չի լինի՝ Երեւանի խաղատները 50 կմ հեռացնել, սակայն օդանավակայանում՝ թույլատրել։ Մեկ այլ կողմից՝ խաղատների տերերը ուրախացած են, որ Էրնեկյանի խաթր իրենց 15 կմ կհեռացնեն։ Հայտնի է, որ Հայաստանում «Զվարթնոց» օդանավակայանը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական օղակ է, քաղաքական ներազդեցության միջոց, ռազմավարական նշանակության կառույց։ ԽՍՀՄ տարածքում, Վրաստանի, Ադրբեջանի օդանավակայանների հետ համեմատ, ամենաարդիականը համարվում էր «Զվարթնոցը»։ Հաշվի առնելով, որ Հայաստանը հետպատերազմական վիճակում է գտնվում, պայմանագրում պետք է պարտադիր եւ մանրամասն հստակեցվեր, թե պատերազմական կամ ռազմական գործողությունների դեպքում ՀՀ կառավարությունը եւ Կառավարիչը օդանավակայանի նկատմամբ ինչ պարտավորություններ եւ իրավունքներ ունեն։ Օրինակ, ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին կատարված ողբերգությունից հետո ԱՄՆ կառավարությունը դիմել էր միջինասիական երկրներին՝ նրանց օգնությունն ակնկալելու, որպեսզի թույլատրեն օգտվել իրենց օդանավակայաններից՝ ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Պայմանագրում նշված է, իհարկե, որ ազգային պաշտպանության ողջամիտ խնդիրների պատճառով ՀՀ կառավարությունը կարող է դադարեցնել պայմանագիրը՝ փոխհատուցելով ներդրողի վնասները։ Բացի այդ, մեկ այլ կարծիքով, սա ֆորս-մաժորային իրավիճակ է համարվում։ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը այս խնդրի մասին նշեց, որ «ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ նախագահի եւ կառավարության լիազորությունները արտակարգ իրավիճակների դեպքում ամրագրված են եւ տվյալ պարագայում դադարում են գործել այլ օրենքներ»։ Գ. Արսենյանին խիստ զարմացրել էր պայմանագրում հաճախ կրկնվող «Եթե Կառավարչի գործերը լավ են ընթանում» միտքը եւ ձեւակերպումը. «Ոչ մի չափման միավոր չկա՝ ի՞նչ է նշանակում Կառավարչի գործերը լավ են գնում»։ «Զվարթնոց» օդանավակայանի նոր կառավարման եւ շահագործման այս պայմանագիրը, իրականում, տնտեսական մանր ու մեծ շահագրգիռ ուժերի ու անձերի անհանգստությամբ է պայմանավորված։ Դա նկատելի էր նաեւ ԱԺ-ում, ուր մեծամասամբ նյութին ծանոթ չլինելով, դեմ կամ կողմ էին քվեարկել օրենքին։ Այնինչ երեւույթը եւ փաստը պետք է քննարկվի բոլոր տեսակի տնտեսական շահ հետապնդող ուժերից վեր՝ սա բարելավման քաղաքականությո՞ւն է, թե՞… տեղական օլիգարխների կռիվ։ ԱԺ պատգամավոր Գ. Արսենյանի կարծիքով. «Այս աղմուկի պատճառներից մեկն էլ այն է, որ, բնականաբար, մարդիկ, որոնք տվյալ գործունեության արդյունքում ունեն անաշխատ եկամուտների ուղղակի աղբյուր, զրկվելու են։ Եվ պարզ է, որ այդ մարդիկ ջանք ու եռանդ են ծախսում աղմուկ բարձրացնելու համար»։ ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել