Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեգործ նախարարը

Մայիս 18,2002 00:00

Գինեգործ նախարարը Գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանը, պարզվում է, ամենեւին էլ պատահաբար չի դարձել գյուղնախարար։ Վայոց ձորի մարզի Արփի գյուղի «Գինեթաս» ՍՊԸ եւ Գետափ գինու գործարան (որն արտադրում է «Արենի» եւ «Վերնաշեն» գինիներ) կատարած այցերի ժամանակ, համտեսելով գինիներ, նա պրոֆեսիոնալ գինեգործի պես իր կարծիքն էր հայտնում (թեպետ հետո խոստովանեց, որ կոնյակից ավելի շատ է հասկանում) եւ ոմանց զարմանքին ի պատասխան ասաց, թե պապը գինեգործ է եղել։ Գինեգործի թոռ նախարարին այցի ժամանակ ուղեկցում էր ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի տնօրենը, որը ներկայացրեց. «Մեր աշխատանքի հիմնական ուշադրությունն այն է, որպեսզի օգնենք գործարար մարդկանց՝ բարձրորակ ապրանք արտադրելու, արտահանելու։ Մեր ծրագիրը նրանց տրամադրում է ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մասնագիտական, ե՛ւ մարքեթինգային աջակցություն»։ Ասենք, որ արտադրանքն իրացվում է հիմնականում Ռուսաստանում եւ ԱՊՀ այլ երկրներում։ Նույն ծրագրի շրջանակներում ստեղծված այծաբուծական ֆերման խիստ ուշագրավ էր իր ամերիկյան չորս տեսակի այծերով, տեղականներով եւ այծի կաթի արտադրության բավականին բարձր ցուցանիշներով։ Այս կաթը եւս դուրս է տարվում երկրից։ Ֆերմայի տնօրենի բացատրությունները լսելով եւ դիտելով այծերի կթարանը, գյուղնախարարը նկատեց. «Էս պայմաններում ում էլ կթես՝ լավ կաթ կտա»։ Ավելի ուշ, ամփոփելով Վայոց ձորի մարզ կատարած այցի արդյունքները, գյուղնախարար Դավիթ Զադոյանն ասաց, որ այցելում է հանրապետության բոլոր մարզեր՝ սեփական աչքերով տեսնելու այն, ինչ կատարվում է այսօր գյուղատնտեսության մեջ. «Բոլորդ գիտեք, որ այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ չի, մեծ ուշացումներ կան, տարին կարծես շուրջ 20 օր ուշացել է եւ սա, ինչ խոսք, բավականին վնասներ է բերելու իր հետ։ Համենայնդեպս, ես հույս ունեմ, որ եղանակը լավանալու է, եւ մեր ժողովուրդն աշխատասեր է, կաշխատի եւ կհասցնի ծրագրերն իրականացնել»։ Մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցեցին մարզպետը, գյուղապետերը, անասնաբույծներն ու Զարգացման ծրագրերի գրասենյակի աշխատակիցները։ Խորհրդակցության ժամանակ մարզպետը գյուղապետերին տեղեկություն տվեց պետական բյուջեից սնվող միջոցառումների մասին. «Դա բույսերի պաշտպանության եւ անասնաբուժության խնդիրներն են։ Ես անընդհատ խնդրում եմ գյուղապետերին՝ իրենք էլ աջակցեն, իրենք էլ հետեւեն, որ այդ նպատակով տրվող գումարները քամուն չտրվեն, հատկապես՝ բույսերի պաշտպանության։ Որովհետեւ մրցույթները շահում են սեփականատերեր, կազմակերպություններ, սակայն անհրաժեշտ է, որ բոլորս հսկենք։ Օգտվելով առիթից, ես պետք է խնդրեմ, որ հսկողությունը իրականացնեն նաեւ լրագրողները։ Ես կարող եմ նրանց տալ անհրաժեշտ ինֆորմացիան։ Թող բոլորը հսկեն, որ հետո, եթե պետք է հետագայում ասվի, թե փողերը քամուն են տրվել, դրանում իրենց մեղքը ունենան ոչ միայն գյուղնախարարությունը, այլ՝ բոլորը միասին»։ Բույսերի պաշտպանության համար հատկացված է շուրջ 167 միլիոն դրամ, շուրջ 500 միլիոն՝ անասնաբուժության համար։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել