Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԷՍ ԽՄՈՐԸ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՏԱՆԻ

Մայիս 18,2002 00:00

ԷՍ ԽՄՈՐԸ ՇԱՏ ՋՈՒՐ ԿՏԱՆԻ Ազատության հրապարակում պարբերաբար հանրահավաքներ ու երթեր նախաձեռնող քաղաքական ուժերի ներկայացուցիչները երեկ ասուլիս էին հրավիրել։ Գլխավոր թեման զանգվածային հիշյալ միջոցառումներին մասնակցած քաղաքացիների նկատմամբ բռնություններն էին։ «Դրա նպատակը մեր ժողովրդին եւ ընդդիմությանն ահաբեկելն է՝ հույսով, որ մենք խուսափենք քաղաքական պայքարից։ Մենք վստահեցնում ենք, որ մեր նպատակներից չենք հրաժարվելու։ Այսօր խոսքը ոչ թե մեկ անձի, այլ սահմանադրական ճանապարհով վարչակազմի փոփոխության, արտահերթ ընտրությունների մասին է»,172 ընդգծեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը։ Վերջինս շեշտեց, որ հանրահավաքների ու երթերի մասնակից քաղաքացիների դեմ վարչական պատժամիջոցների կիրառման համար հիմք է հանդիսացել Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի այն պնդումը, թե տեղի ունեցող երթերն արտոնված չեն։ «Մենք իրականացնում ենք Սահմանադրությամբ մեզ տրված իրավունքները եւ քաղաքապետից ոչ թե հանրահավաք կամ երթ կազմակերպելու թույլտվություն ենք խնդրում, այլ՝ միայն դրա մասին տեղյակ ենք պահում։ Մինչդեռ պրն Նազարյանի գործողությունները համարվում են հիմք՝ ՀՀ քաղաքացիների նկատմամբ դատական պրոցեսներ իրականացնելու համար»,- պարզաբանեց Ա. Սարգսյանն ու ընդգծեց, թե այսօրինակ գործողությունները իշխանությունների խուճապի մեջ լինելու ապացույց են։ Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերը ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնություններին անդրադարձավ «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը. «Մարդիկ գիշերով մուտք են գործել քաղաքացիների անձեռնմխելի համարվող բնակարաններ եւ ուժի գործադրմամբ բերման ենթարկել։ Սա բացահայտ ապօրինություն է։ Բացի այդ, մենք բոլորս իրավահավասար ենք, եւ որեէ մեկը չի կարող խտրական վերաբերմունքի ենթարկվել։ Եթե արարքը զանցանք կամ իրավախախտում է, ինչպես փորձում են ներկայացնել, ապա պատիժը պետք է կրեն բոլորը»,- ասաց Ա. Զեյնալյանը եւ հայտարարեց, որ ինքն էլ, ինչպես ասուլիսին ներկա մյուս գործիչները, մասնակցել է բոլոր երթերին: «Սոցիալիստական Հայաստան» միավորման ներկայացուցիչ Գառնիկ Մարգարյանն էլ կիրառվող բռնարարքները համեմատեց 37 թվականի կամ ֆաշիզմին հատուկ մեթոդների հետ. «Հայաստանում իշխանությունը հանցավոր ռեժիմ է, ինչն ապացուցվում է մայիսի 9-ից ի վեր։ (…) Թող իշխանությունները մտածեն, թե այսպես ուր են գնում։ Այդպես ժողովրդին չեն կարող ահաբեկել, որովհետեւ վերջինս իր վճիռն արդեն կայացրել է»։ Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել