Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՔՈՉԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ

Մայիս 18,2002 00:00

«ՔՈՉԱՐՅԱՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ «Երեք աղբյուրներն ու բաղկացուցիչ մասերը» Հետխորհրդային տարածքում ասպարեզ է իջել մի սերունդ, որը «Ո՞վ է Լենինը» հարցին պատասխանում է՝ «Մեկը, ում ֆաշիստները դիմահար կրակոցով սպանեցին Հայրենականում» կամ էլ՝ «Մոսկվայի քաղաքագլուխը» (կեպիները նման են)։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը պատկանում է այլ սերնդի, որը հարկադրված ուսումնասիրել է Լենինի անունն ու գործը, այդքանով էլ հարիր է «Քոչարյան» քաղաքական երեւույթը՝ ինչպես մարքսիզմ-լենինիզմը, մասնատել աղբյուրների եւ բաղկացուցիչ մասերի: Խառնվածքը՝ ՀՅԴ Չէի ցանկանա նշել՝ ում, բայց հայաստանյան խմբագիրներից մեկի դիտարկումն է, թե դաշնակցական լինելը գաղափարական ընտրություն չէ, այլ՝ խառնվածք։ Ռոբերտ Քոչարյանը հենց այս՝ խառնվածքի ընդհանրությունն ունի Դաշնակցության հետ: ՀՅԴ-ն՝ իր հիմնադրումից ի վեր, գործել է թե՛ ազգային172ազատագրական պայքարի դաշտում, թե՛ պետականության դրոշի ներքո, սակայն դաշնակցականի դատողությունը երբեւէ գերակայող չի եղել զգացումների հանդեպ: Քաջազնունին մի գնահատական ունի. երբեմն դժվար է տարբերել՝ ժողովո՞ւրդն է գնում Դաշնակցության ետեւից, թե՞ Դաշնակցությունը՝ ժողովրդի։ Արդյունքն, ամեն դեպքում, այն է, որ ինչպես ժողովուրդը, այնպես էլ՝ Դաշնակցությունը, շատ ավելի ամբոխի վարքագիծ է դրսեւորում, քան միտք ու կամք ունեցող անհատի։ Ինչ խոսք, եղել են ՀՅԴ172ն ներկայացնող առանձին անհատներ՝ ի զորու պատասխանատվություն ստանձնելու եւ ոչ ամբոխահաճո քայլեր կատարելու, ինչպիսիք էին Անթիլիասի կաթողիկոսական աթոռի հաստատումը կամ հիտլերյան բանակի կազմում հայկական զորագունդ ստեղծելը: Սակայն մեկ-երկու ծաղկով գարուն չի գալիս: Ընդհանրության մեջ ՀՅԴ-ն մնում է հեղափոխական, մարգինալ զանգված, որը չի ընդունում դրվածքներ եւ չի ընկրկում ավերման առաջ: ՀՅԴ-ն ճանաչում է Հայ Դատ, եւ դրան հասնելու «Այո, ոչ, ուղիղ գիծ, նպատակ» ընթացք: Մնացյալը բառային փրփուր է: Դաշնակցականները երբեւէ գիտակցե՞լ են «դարի հետ դարի լեզվով խոսելու» նպատակահարմարություն, դրսեւորե՞լ են ցանկությունները մտասեւեռում չդարձնելու խորաթափանցություն, ունեցե՞լ են մահը բացառելու իմաստնություն: Դաշնակցականները գուցե նույնիսկ չգիտեն, որ «Կյանքը պատկանում է նրանց, ովքեր ապրում են»: Ռոբերտ Քոչարյանը նույնպես դա չգիտե, այլապես Հայաստանի անկախ գոյության՝ տնտեսական ու արտաքին քաղաքական հիմքերը նժարին չէր դնի՝ գրավյալ ադրբեջանական տարածքները վերադարձնելու հետ: Եվ որ դեռ ծանրության կենտրոնն էլ հակվեր դեպի տարածքներ չվերադարձնելը: Մտահորիզոնը՝ ՀՀՇ Որքան էլ ՀՀՇ172ն եւ Ռոբերտ Քոչարյանը փոխադարձաբար հրաժարվեն միմյանցից, միեւնույն է, Քոչարյանը գաղափարական առումով ՀՀՇ-ի ծնունդ է: Ի վերջո, ՀՀՇ172ականները մնացյալ հասարակությունից տարբերվեցին նրանով, որ դեռ ԽՍՀՄ-ը չփլուզված՝ լիբերալիզմի առջեւ ծնրադրեցին։ Կոմունիստական ռեժիմի կապանքներից ազատագրումը սոցիալիստական ճամբարում հրապարակներ էր հանել միլիոնավոր մարդկանց։ Ավելի ուշ, երբ ռեժիմ մերժող այդ պոռթկումը քաղաքական շարժման եւ հասկացությունների ուղեծիր բերվեց, առավել պատշաճող գաղափարախոսություն թվաց լիբերալիզմը։ Եվ անկախ հանգամանքից, թե լիբերալիզմի ինչ ըմբռնում ունեին, կոմունիստական ռեժիմը մերժող մարդիկ իրենց համարեցին լիբերալներ։ Նրանք նաեւ համոզված էին, որ արտադրամիջոցները հանրային սեփականությունից մասնավորի վերածելով, իրենք էլ զուգընթաց երդվյալ լիբերալների են վերածվում։ Մինչդեռ կարճ ժամանակ անց ակնհայտ էր, որ ի՜նչ լիբերալիզմի ոգի կամ գաղափար, նույնիսկ Մարդու իրավունքների հռչակագրի չափանիշներին, մերօրյա լիբերալները, այդ թվում՝ ՀՀՇ-ականները, դժվարությամբ են համապատասխանում։ Համենայնդեպս, ՀՀՇ-ականները խոսքի ազատություն հռչակելով՝ փակեցին մամուլ, քաղաքական այլակարծություն դավանելով՝ ձերբակալեցին գործիչների ու ճնշեցին կուսակցություններ, անհատին հռչակելով գերագույն արժեք՝ գործազրկության ու թշվառության մատնեցին հազարավոր մարդկանց։ Անշուշտ, պատճառներն օբյեկտիվ էին եւ սուբյեկտիվ, սակայն պարսավելի է այն, որ ՀՀՇ172ականները նույնիսկ հետահայաց սեփական սխալները չեն տեսնում, այլոց հիշեցումներն էլ սվիններով են ընդունում: Ինչպես կուզեն, դրանից ոչինչ չի փոխվի, չհաշված հայտնի ասույթի տրամաբանությունը՝ «Սխալը չընդունելը կրկնակի սխալ է»: Բայց դա երկրորդական է: Էականն այն է, որ լիբերալիզմը ընդդեմ գաղափարախոսություն է, ընդդեմ կոնսերվատիզմի կամ սոցիալիզմի: Եվ այն, որ հետկոմունիստական տարածքում լիբերալիզմի դրոշով իշխանություն ստանձնողները գրեթե համատարած ասպարեզից հեռացել են, սուբյեկտիվ հանգամանքներով չի բացատրվում։ Դա լիբերալիզմի գաղափարախոսության տեղատվությունն է: Իսկ Քոչարյանը լիբերալիզմի հետեւորդ է… Հավակնությունները՝ ԵԿՄ Քոչարյանի քաղաքական հավակնությունների հիմքում թերեւս պատերազմ անցածի սինդրոմն է: Քոչարյանը, ինչպես հազարավոր այլ մարտիկներ, հաղթահարել է մահվան սարսափ, գուցե նաեւ հաղթել է մահվանը, եւ իբրեւ հետեւանք՝ մահվանը չառնչվող որեւէ խնդիր նրան թվում է միանգամայն լուծելի: Ինչպե՞ս ապրել, ինչպե՞ս նյութական բարեկեցություն ստեղծել, ինչպե՞ս հոգեւոր վերելքի հասնել։ Ռազմադաշտում նման հարցերը ի՜նչ բարդություն, նույնիսկ խնդիր չեն թվում: Սեփական ուժերի այս գերագնահատումը երեւի թե պատերազմների աղետալի հետեւանքներից մեկն է։ Կայացած հասարակություններում ռազմադաշտից վերադարձած մարդիկ հետզհետե վերագտնում են իրենց, պատերազմին նախորդած կյանքը: Խարխլված իրականություններում, ուր ներքին բախումները կամ արտաքին թշնամին խեղել են իրերի բնականոն դրվածքը, ռազմադաշտից վերադարձածները, իբրեւ նախահարձակ ու չտատանվող շերտ, մղվում են իշխանության: Նրանք թյուրիմացաբար կարծում են, թե հասարակական կյանքը նույնպես ռազմադաշտ է: Հետեւաբար, էլ ո՞վ պետք է գործի այդտեղ, եթե ոչ իրենք՝ մահվան հաղթողները: Մինչդեռ խաղաղ կյանքում ամեն քայլափոխի ոչ թե երկընտրանքներ են, այլ այլընտրանքներ, ոչ թե երկու գույն, այլ բազմագունություն: Եվ ռազմադաշտից իշխանության եկածները կամքից կախյալ հաջողությունների փոխարեն դիմահարվում են մտքի արգասիք ձախողումների: Ծուղակից ելքը, թերեւս, սեփական տրամաչափը գիտակցելն է եւ չարդարացված հավակնություններ չցուցաբերելը։ Իսկ այն, թե Ռոբերտ Քոչարյանը ձախողվեց, մինչդեռ երկրապահ կամ զինվորական մեկ այլ անձ ավելի հաջող կառաջնորդեր երկիրը, պատրանք է: Ձախողվելու էր այդ խավին պատկանող ցանկացած մեկը։ Ճիշտ ինչպես, եթե փորձեր անձամբ սրտի վիրահատություն կատարել կամ հեծանի դիմադրության սահմանը հաշվարկել։ Ցանկությունը քիչ է, կարողություն է հարկավոր։ Հեղափոխության ալիքի վրա բարձրացած Քոչարյանին էլ՝ իբրեւ աղբյուրների ու բաղկացուցիչ մասերի հիբրիդ քաղաքական երեւույթ, ասպարեզից հեռանալ է հարկավոր, որպեսզի Հայաստանում ավարտվի հեղափոխությունը: ԼՈՒՍԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել