Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՂՂՈՐԴԵԼ

Մայիս 18,2002 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՈՒՂՂՈՐԴԵԼ Հավանաբար հաջորդ շաբաթ Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավոր Վազգեն Լալայանը կհրապարակի ՔՊԻ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դատավճիռը: Որ վերջինիս դեմ առաջադրված մեղադրանքներին մենք դեռ էլի ենք անդրադառնալու արդեն վերաքննիչ դատարանում քրգործի քննության ընթացքում, կասկած չունենք: Առայժմ հարկ ենք համարում անդրադառնալ նաեւ Մ.Սաղաթելյանին մեղսագրված մեղադրանքների քաղաքական ենթատեքստին: Միաժամանակ կփորձենք հենց այդ համատեքստում դիտարկել «Հոկտեմբերի 27»-ի գործով ընթացող դատավարության եւ քրգործից անջատված մասով ընթացող նախաքննության հեռանկարները: Վերստին շեշտում ենք, որ սրանք բոլորը միեւնույն հարթության վրա են՝ օրգանապես կապված, բայց տարբեր կարգավիճակներում: Սրան քիչ անց կանդրադառնանք: Առայժմ փորձենք հասկանալ այն պնդումները, որոնք արել է Մ.Սաղաթելյանի գործով պետական մեղադրող Կորյուն Փիլոյանը՝ իշխանամետ մամուլում տված իր վերջին հարցազրույցում: Դատախազը մի խոստովանություն է արել՝ հաստատելով իրեն ուղղված ամբաստանյալի այն մեղադրանքը, թե մեղադրողը՝ անտեսելով դատաքննության ընթացքում հնչած եւ նախաքննական ցուցմունքներին հակասող վկայությունները եւ պնդելով մեղադրական եզրակացությունը, պատվեր է կատարում: «Շատ կուզեի իմանալ՝ այն ժամանակ, որ գնդապետներին ծեծում էին, քո բարի կամքի արտահայտությո՞ւնն էր»,- երեւի ինքնամխիթարանքի համար ասում է Կ.Փիլոյանը: Վերջինս փորձում է ապացուցել, որ Մ.Սաղաթելյանի մեղքը հաստատված է նաեւ նրա գործերում «կեղծ դիպլոմի պատճենի» հայտնության դրվագով: Իբրեւ դրա հիմնավորում՝ մատնանշում է «ակնհայտ կեղծ դիպլոմի պատճենի» գոյությունը, հարցումների, փորձաքննության արդյունքները: Բայց դիպլոմի կեղծ լինելն ինքնին նշանակո՞ւմ է, որ Մ.Սաղաթելյանն է այն կեղծել, հրահանգել կցել իր գործերին կամ, որ նա տեղյակ է այդ փաստաթղթից: Մեղադրողը մատնանշում է ՆԳ այն աշխատակիցների ցուցմունքները, որոնք ստացվել են միայն ՀՀ գլխավոր դատախազի՝ ՆԳ նախարարին ուղղված հայտնի գրությունից հետո. ազդել ՆԳ աշխատակիցների վրա, որ «ճիշտ» ցուցմունքներ տան: Կ.Փիլոյանը իրավաբանական տեսանկյունից, թող ների մեզ, տգետ հայտարարություն էլ է արել: Նա պնդում է, թե Մ.Սաղաթելյանի մեղքը գնդապետներին առնչվող մասով եւս ապացուցված է, ու աննրբանկատորեն կրկնում է իր մեղադրական ճառում թույլ տված սխալը: Ըստ այդմ, 95-ին Բուսաբանական այգում տեղի ունեցած բռնարարքների ժամանակ գնդապետ Ժ.Գրիգորյանի ծնոտի ջարդվածքը ապացուցում է Մ.Սաղաթելյանին այդ դրվագով ներկայացված մեղադրանքը, թեեւ Ժ.Գրիգորյանը պնդել է, որ իր ծնոտը Մ.Սաղաթելյանը չի ջարդել, որ նա չի իրեն ծեծել: Բայց ոչ: Մեղադրողին պետք է հատկապես «ջարդված ծնոտը»՝ ծանր մարմնական վնասվածքը, մեղսագրել Մ.Սաղաթելյանին, որովհետեւ մյուս բոլոր դեպքերում վերջինիս վերագրվում է թեթեւ, առողջության համար ոչ վտանգավոր մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանք: Նա «միամտորեն» ու իր պրոֆեսիոնալիզմը վտանգելու գնով՝ հայտարարում է, թե Մ.Սաղաթելյանն այդ դրվագով մեղավոր է, որովհետեւ գնդապետի ծնոտը ջարդվել է այն գործողությունների արդյունքում, որոնց մասնակցել է Մ.Սաղաթելյանը: Սա արդեն ջայլամային քաղաքականություն է, որովհետեւ յուրաքանչյուր ոք պետք է պատժվի կոնկրետ իր արարքների համար: Հակառակ դեպքում՝ նույն տրամաբանությամբ պետք է քրեական պատիժ կրեն նաեւ նրանք, ովքեր, ասենք՝ մասնակցել են 94-ին փախստական դատապարտյալներին հետապնդելու ու բռնելու գործողությանը, կատարել են, ասենք, Մ.Սաղաթելյանի հրամանն ու մերկացրել, սառը ջուր են լցրել Ռ.Զորոյանի վրա, «ակնհայտ կեղծ» փաստաթուղթը կցել են նրա գործերին ու լռել այդ մասին, եւ այսպես շարունակ: Բայց չէ՞ որ բոլոր այդ դեպքերի համար յուրաքանչյուր ոք իր բաժին պատիժը պետք է կրի, եթե մեղավոր է: Կ.Փիլոյանը պաշտպանին մեղադրում է, թե նա գործի ապացույցների վերլուծություն այդպես էլ չկատարեց, թեեւ նույն մեղադրանքը հենց իրեն կարելի էր ուղղել: Մյուս կողմից, դատավարության ընթացքում պաշտպանը միտումնավոր չծանրացավ այդ ապացույցների վրա, թեեւ դրանք շատ հաճախ հակասական էին, որովհետեւ հենց փաստաբանի խոստովանությամբ դա տվյալ դեպքում նույնիսկ էական չէր: Փաստաբանը պնդել եւ պնդում է, որ բոլոր մեղադրանքները իր պաշտպանյալին առաջադրվել են Քրդատօրի մի շարք հոդվածների խախտումներով, ինչն ի սկզբանե արդեն կասկածի տակ է առնում նախաքննությամբ ապացույցների ձեռքբերման օրինականությունն ու դրանց ապացուցողական նշանակությունը: Իսկ վերջիններս պարզապես պետք է հայտարարվեն ապացուցողական նշանակություն չունեցող հանգամանքներ: Մեղադրողը փորձել է նաեւ խորամանկ հնարքի դիմել՝ բացատրելու, արդարացնելու համար Գլխավոր դատախազության թույլ տված օրինախախտումները: Փաստաբան Ռ.Գրիգորյանը պնդում է, թե Քրդատօրի բազմաթիվ հոդվածների խախտումներով են վերանայվել մեկ վարույթում միացված գործերը՝ առանց քրգործ հարուցելու որոշումներ կայացնելու եւ մասնավորապես Քրդատօրի 28 եւ 184 հոդվածները շրջանցելով, դատախազն ասում է, թե պաշտպանը մինչեւ վերջ չի մեջբերում նույն Օրենսգրքի 184 հոդվածը, որն ընդամենը քրգործերի անջատմանն է վերաբերում: Մեղադրողը շրջանցում է փաստաբանի օրենսգրքից արված մյուս հիշատակումները, նաեւ՝ հոդված 28-ը, որն ուղղակի վերաբերում է քրգործերը նույն վարույթում միացնելուն, նաեւ՝ այն փաստը, որ Մ.Սաղաթելյանի գործով նույն վարույթում առկա առանձին դրվագներ քրգործին միացվել են առանց դրանց մասով քրգործեր հարուցելու, նախաքննություն կատարելու եւ այլն: Բայց ամենահետաքրքիրը Կ.Փիլոյանի՝ «Հոկտեմբերի 27»-ին առնչվող ձայներիզների վերաբերյալ արած հայտարարությունն է: Նա պնդում է, թե «ակնհայտ է, որ Մ.Սաղաթելյանն ունեցել է սեւեռուն գաղափարներ՝ ստեղծել եւ փնտրել այդ կասետը»: Ընդունեք, որ «27»-ի ոճրագործության հնարավոր կազմակերպիչների կամ գործով չբացահայտված անձանց մասին փաստող ձայներիզի գոյությունը հիվանդագին երեւակայության կամ սեւեռուն գաղափարների արդյունք համարելը շատ հավակնոտ հայտարարություն է: Մի կողմ թողնելով տարրական տրամաբանությունը՝ մեղադրողը դատողություններ է արել հիշյալ ձայնագրությունների մտացածին լինելու մասին՝ որեւէ կերպ նույնիսկ չփորձելով փաստարկել կամ փարատել դատարանում Մ.Սաղաթելյանի այն դիտարկումը, թե երկու տարբեր անձնավորություններ՝ Գարիկ Արզումանյանն ու ՆԳՆ գործակալ Հարություն Գրիգորյանը՝ գտնվելով տարբեր վայրերում. առաջինը՝ Կոշի գաղութում, «Շեյթանը»՝ Երեւանի թիվ 1 մեկուսարանում, ինչպե՞ս կարող էին իմանալ, խոսել «27»-ի կազմակերպիչներին առնչվող նույնաբովանդակ ձայներիզների, դրանց գոյության մասին: Եթե մեր երկրում արդարադատությունը դեռեւս մեռած կատեգորիա չէ, ապա պատկան մարմինները՝ «27»-ի քրգործից անջատված մասով նախաքննական խումբը, ՀՀ Գլխավոր դատախազությունը պետք է որ հարցաքննեին եւ Գ.Արզումանյանին, եւ «Շեյթանին», ու փոխարեն Մ.Սաղաթելյանի դեմ քրգործ հարուցելու, փորձեին ճշտել դեռ 2001-ին, թե ինչու, օրինակ՝ Գ.Արզումանյանը կալանավայրից փախուստի դիմելու այլ պատրվակ, քան՝ «27»-ին առնչվող ձայներիզն էր, չէր «հորինել»: Կամ ինքը՝ մեղադրողը, ինչո՞ւ այդպես էլ չէր վերլուծել, թե այդ ինչպե՞ս էր պատահել, որ մինչեւ Մ.Սաղաթելյանի դեմ քրգործ հարուցելը դեռ օգոստոսի 28-ին նույն «Շեյթանը» ցուցմունք էր տվել, թե իր նախաձեռնությունն է եղել՝ գտնել այն ձայներիզը, որի մասին իմացել էր «27»-ի գործով նախկին մեղադրյալ Մ.Մովսիսյանից: Եթե չկար կամ ինքը տեղյակ չէր դրա գոյության մասին, ինչո՞ւ էր փնտրում: Հենց այս հարցադրումն արեց Մ.Սաղաթելյանն իր պաշտպանական խոսքում: Որ այդ ուղղությամբ ոչինչ չի արվել՝ համոզված ենք: Դառնանք մեղադրող Կ.Փիլոյանի վերոհիշյալ դիտարկմանը: Կ.Փիլոյանը ՀՀ Գլխավոր դատախազության քննիչ է: Իսկ իշխանություններն՝ ի դեմս Գլխավոր դատախազության, ինչպես փաստաբան Ռ.Գրիգորյանն ասաց, Մ.Սաղաթելյանին ցանկացած գնով մեղադրելու հանձնարարական են տվել, որի կենսագործողը դատարանում պետական մեղադրողն էր: Հենց նա էլ պնդում է, թե իրականում ոչ մի ձայնագրություն էլ չկա, թեեւ այդպիսի պնդում անելու համար պետք էր ձեռքի տակ ունենալ գոնե օպերատիվ գործողությունների արդյունք: Չի եղել նման գործողություն: Դա փորձել է իրականացնել միայն Մ.Սաղաթելյանը՝ միայնակ ու այն պատճառով, որ մյուսները՝ ի դեմս Գլխավոր եւ Զինվորական դատախազությունների, դրա վրա թքած են ունեցել: Իսկ Կ.Փիլոյանն իր պնդումն արել է ելնելով իր ներկայացրած գերատեսչության, իշխանությունների շահերից, որոնց համար մահու չափ վտանգավոր կլինի հնարավոր գոյություն ունեցող ձայներիզների փնտրտուքով լրջորեն զբաղվելն ու դրանք ի հայտ բերելը: Ի վերջո, «27»-ի անջատված մասով նախաքննություն վարող մարմինն այդպես էլ չի հարցրել նույն «Շեյթանին»՝ բարեկամս, ինչո՞ւ ես դժգոհ մեզնից, քո այդ ո՞ր օպերատիվ տեղեկությունն է, որ չենք ստուգել կամ պատշաճ ուշադրության չենք արժանացրել: Թե՞ «Շեյթանի» բոլոր հայտարարություններն են ընդունվում որպես ստահոդ տեղեկություն: Եթե այո, ինչու այդպիսին չեն գնահատվում նրա նաեւ այն հայտարարությունները, որոնք վերաբերում են 50 հազար ԱՄՆ դոլարի, իբր, Մ.Սաղաթելյանի տված խոստմանը կամ նրա «թելադրանքով» գրված «հայտարարությանը»: Հասկանալի է, որ Գլխավոր դատախազության գերխնդիրն իրականությունը պարզելը չէ, այլ՝ «27»-ին վերաբերող Մ.Սաղաթելյանի հայտարարությունները «ջրելը»: Հստակ է եւ կասկած չի հարուցում մի բան. իշխանությունները Գլխավոր դատախազության եւ մեղադրող Կ.Փիլոյանի անմիջական մասնակցությամբ փորձում են ուղղորդել նաեւ «27»-ի գործից անջատված մասի նախաքննությունը: Միաժամանակ Մ.Սաղաթելյանին փակի տակ պահելով իշխանություններն, ըստ էության, նպատակ ունեն ամեն կերպ խանգարել նաեւ «27»-ի կազմակերպիչներին ի հայտ բերելուն ուղղված որեւէ «ինքնագլուխ» գործողությանը: Բայց դրա համար միայն Մ.Սաղաթելյանին դատապարտելը, հաստատ, բավարար չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել