Եվրախորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը վերահսկող խմբի ղեկավար Պիետրո Ագոյի ջանքերի, Ռոբերտ Քոչարյանի հետ երկարատեւ բանակցությունների շնորհիվ հաջողվեց կորզել մի խոստում, թե «Ա1+»-ը կկարողանա մասնակցել նոր մրցույթի։ Ինչի իրավունքն «Ա1+»-ն ուներ առանց այդ էլ։
Եթե Ագոն ու իր խումբն ավելի լավ ծանոթ լինեին մեր իրականությանը, Քոչարյանից ոչ թե կփորձեին կորզել համաձայնություն, որ «Ա1+»-ը հնարավորություն է ունենալու մասնակցելու նոր մրցույթի, այլ, որ նախագահը հրապարակավ խմբագրելու է իր նախկին հայտարարությունը, թե հաճախությունների մրցույթում օրենքի խախտումներ չեն եղել։ Այ, եթե նա հայտարարեր, թե՝ վստահ չէ, խախտումներ եղե՞լ են, թե՞ ոչ՝ թող դատարանը որոշի, տնտեսական դատարանի դատավորները՝ մեկը մյուսի ետեւից, աչք փակելով ակնհայտ օրինախախտումների վրա, հերթով չէին մերժի «Ա1+»-ի հայցադիմումները։ Այս շարքում հերթական վճիռը երեկ կայացրեց դատավոր Վարդան Ավանեսյանը։ Հազիվ երկու ժամ տեւած քննությունից հետո նա մերժեց «Ա1+»-ի դիմումը, որում մասնավորապես պարունակվում էր հետեւյալ խնդրանքը՝ պարտավորեցնել «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ին՝ միացնել «Ա1+»-ի 37-րդ կապուղու հաղորդակը։ Ըստ էության, եթե դատարանը բավարարեր էլ այս պահանջը՝ «Ա1+»-ն էլի չէր կարողանալու հեռարձակել հաղորդումներ, քանի որ զրկված է արտոնագրից։ Եվ այս հայցադիմումն ուներ ավելի շատ բարոյական նշանակություն՝ յուրաքանչյուրը պիտի պատասխանատվության ենթարկվի իր կատարած ապօրինությունների համար։
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (որն այս դատավարությունում ճանաչված էր հարակից պատասխանող) օրինախախտմանն առիթ ունեցել ենք հանգամանալից անդրադառնալու։ Հանձնաժողովն օրենսդրությամբ իրավասու չէր դիմել կապի եւ տրանսպորտի նախարարությանը (այն ՀՀՑ-ի հիմնադիրն է)՝ «Ա1+»-ի հեռարձակումը դադարեցնելու խնդրանքով։ Ապօրինի էին նաեւ ՀՀՑ-ի գործողությունները։ Այն 2001 թ. հունվարի 31-ին պայմանագիր էր կնքել «Մելտեքս» ՍՊԸ-«Ա1+» հեռուստաընկերության հետ, որով տրամադրել էր 5,8 քմ մակերեսով մի արտադրական տարածք՝ «Ա1+»-ի սարքավորումները (հաղորդակը եւ այլն) տեղադրելու համար։ Ըստ այս պայմանագրի, ՀՀՑ-ն չուներ իրավասություն «Ա1+»-ի հաղորդումները դադարեցնելու։ Մինչդեռ, ինչպես նշված է «Մելտեքս» ՍՊԸ հայցադիմումում, ՀՀՑ-ն «դուրս էր եկել իր լիազորությունների շրջանակներից, ապօրինի, առանց վարձակալի գիտության, մտել է վարձակալի կողմից օգտագործվող տարածք եւ դադարեցրել «Ա1+»-ի հաղորդումները»։
Ի դեպ, Ազգային հանձնաժողովի 3 փաստաբաններին այս դատավարությունում միացան ՀՀՑ շահերի երկու ներկայացուցիչները՝ Հասմիկ Բարսեղյանը եւ Բորիս Ալեքսանյանը։ ՀՀՑ ներկայացուցիչների գլխավոր փաստարկը (որը եւ պատճառաբանված ու հիմնավոր գտավ դատարանը), հետեւյալն էր, թե իրենք ղեկավարվել են «Մելտեքսի» հետ կնքած վարձակալական պայմանագրի 7.4 կետով։ Այն է. «Հեռահաղորդակցության բնագավառում գործունեություն իրականացնելու վերաբերյալ Վարձակալի արտոնագրի գործողության ժամկետի լրանալը հիմք է հանդիսանում պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար»։
Կարդացեք նաև
ՀՀՑ ներկայացուցիչ Հասմիկ Բարսեղյանը «Ա1+»-ի փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի հետ հարցուպատասխանի ընթացքում խոստովանեց. «Մենք մեզ իրավունք ենք վերապահել իրականացնել պայմանագրի 7.4 կետը»։
«Ա1+»-ի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հակափաստարկն էր, թե պետք է տարբերել պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը եթերից ապօրինի զրկելուց։ Քաղդատօրենսգրքի համաձայն, պայմանագիրը միակողմանիորեն դադարեցվում է միայն դատական կարգով, եւ ՀՀՑ-ն՝ «պայմանագրի անվան տակ՝ եթերը դադարեցնելու իրավասություն չուներ»։
Այս առնչությամբ ուշագրավ երկխոսություն ծավալվեց դատարանում «Ա1+»-ի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի եւ ՀՀՑ Պայմանագրային բաժնի պետ Հասմիկ Բարսեղյանի միջեւ, որից կներկայացնենք հատվածներ։
Լ. Բ. Պայմանագիրն ինչպե՞ս է վաղաժամկետ միակողմանի դադարեցվում մեր օրենսդրությամբ։
Հ. Բ. Ես գիտեմ՝ դատական կարգով։
Լ. Բ. Ուրեմն ինչի՞ հիման վրա եք եթերից զրկել «Ա1+»-ին։
Հ. Բ. Պայմանագրի։
Լ. Բ. Պայմանագրում կա՞ կետ, որի հիման վրա դուք եթերից զրկելու իրավունք ունեիք։
Հ. Բ. Ո՛չ։
Լ. Բ. Բայց զրկե՞լ եք «Ա1+»-ին եթերից։
Հ. Բ. Այո՛։
Ի դեպ, երեկ դատարանում Ազգային հանձնաժողովի փաստաբանները այլեւս չէին շեշտադրում, թե «իրականում գոյություն չունի» այնպիսի գրություն, որտեղ Ամալյանը պահանջում է դադարեցնել «Ա1+»-ի հեռարձակումը։ Քանի որ կա նաեւ ՀՀՑ գլխավոր տնօրեն Աշոտ Սիմոնյանի գրությունը «Մելտեքսի» նախագահ Մեսրոպ Մովսեսյանին, որտեղ տեղեկացնում է, թե Ազգային հանձնաժողովի նախագահը «պահանջել է Երեւանում 37-րդ դեցիմետրային կապուղով «Ա1+» հեռուստաալիքի հեռարձակումները դադարեցնել»։ Փաստաբանները փորձեցին այս գրության բովանդակությունն այսպես ներկայացնել. թե դա ոչ թե պահանջ էր, այլ տեղեկացում։
Դատարանում մեկ այլ նոր հնարք էլ գործադրեցին։ Եվ հարց ուղղեցին «Ա1+»-ին՝ ընդունո՞ւմ են, որ արտոնագրի ժամկետը լրանալուց, այսինքն՝ հունվարի 22-ից հետո իրենք ապօրինի են հեռարձակել հաղորդումներ… Այս գործելակերպին արդեն փոքրիշատե մեղմ բնորոշում գտնելն էլ է դժվար. նախ՝ հանձնաժողովը օրենքով սահմանված ժամկետում մրցույթ չի կազմակերպում, հետո էլ՝ անտեղյակի կեցվածք ընդունած, մեղադրում է, թե «Ա1+»-ը հունվարի 22-ից հետո գործել է ապօրինի։
Դառնանք նրան, թե այս ամենին ինչպես էր վերաբերվում դատավոր Վարդան Ավանեսյանը։ Ի տարբերություն Նախշուն Տավարածյանի, որն իր դեմքի անհաղորդ ու ձանձրացած արտահայտությամբ էլ էր կարծես ակնարկում, թե շուտ պրծեք՝ մերժումս կարդամ-գնամ, Վարդան Ավանեսյանն արտաքուստ գործուն հետաքրքրություն էր ցուցաբերում խնդրո առարկայի նկատմամբ։ Զանազան հարցեր էր տալիս։ Ասենք, թե ինչ կարգով պիտի լիներ հեռարձակման դադարեցումը. «Եթե ոչ դուք, ապա ո՞վ, ուրիշ ի՞նչ ձեւով»։
Հասմիկ Բարսեղյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ ուրիշ ձեւի անհրաժեշտություն էլ չկար»։
Վարդան Ավանեսյանը նաեւ հետաքրքրվում էր, թե ով ունի հաղորդակն անջատելու իրավասություն։ Հեռուստաընկերության փաստաբանների պարզաբանումներից հայտնի դարձավ, որ եթե «Ա1+»-ը դա չէր արել ինքնակամ, պիտի արվեր դատական կարգով։ Երբեմն էլ դատավորն էր կողմերի փոխարեն ներկայացնում հիմնավորումներ։ Ասենք, Հասմիկ Բարսեղյանի հետ հարցուպատասխանի ընթացքում ոչ թե նա, այլ դատավորը հայտարարեց. «Այսպիսի պայմանագրերի կնքման համար հիմք է հանդիսանում արտոնագիրը։ Եթե արտոնագիր չկա՝ որեւէ մեկի հետ Դուք այսպիսի պայմանագիր կնքելու իրավունք չունեք, որովհետեւ այդ գործունեության տեսակը պարտադիր արտոնագիր է պահանջում»։
ՀՀՑ ներկայացուցչին մնում էր միայն ստեպ-ստեպ հայտնել իր համաձայնությունը։
Ուստի, ներկաները ոչ անակնկալի եկան, ոչ էլ դույզն-ինչ զարմացան, երբ խորհրդակցական սենյակում 20 րոպե անցկացնելուց հետո Վարդան Ավանեսյանը կարդաց իր վճիռը։ Ներկաներն անգամ սովորականի պես «ամոթ» չգոռացին՝ իմաստը ո՞րն էր։ Եվ միամիտ հույս է, թե Ռոբերտ Քոչարյանի վերոհիշյալ հայտարարությունը կունենար ազդեցություն։ Առանց դրա էլ՝ դատավորները «ողնաշարով» են զգում իշխանությունների տրամադրվածությունն «Ա1+»-ի նկատմամբ։ Եվ այստեղ արդեն գրեթե ոչինչ չի կարող անել ոչ դեսպան Ագոն, ոչ էլ նրա խումբը։
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ