Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԾԱԹ», ՈՐՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է

Մայիս 17,2002 00:00

«ԱՐԾԱԹ», ՈՐՆ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ Է Հունգարիայի Կոկչեմետ քաղաքում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը։ 35 երկրների 178 մասնակիցներից հինգը ներկայացնում էին Հայաստանը։ Մեր տղաներից գերազանց մրցելույթներ ունեցավ վանաձորցի 67 կգ քաշային Սամվել Մաթեւոսյանը։ Մեր բռնցքամարտիկն իր առաջին մենամարտն իսրայելցի մրցակցի հետ շահեց արդեն երկրորդ ռաունդում, միավորների բացահայտ առավելությամբ։ Նույն սցենարով ընթացավ նաեւ Սամվելի երկրորդ մարտը։ Այս անգամ նրան չդիմացավ Հարավսլավիայի ներկայացուցիչը։ Երկու հաղթանակ տոնելով՝ հայ մարզիկը մտավ կիսաեզրափակիչ, որտեղ ուժերը չափելու էր թուրք ուժեղ մրցակցի հետ։ Ճիշտ է, այդ ժամանակ Սամվելն իր համար արդեն իսկ ապահովել էր աշխարհի առաջնության բրոնզե մեդալ, սակայն կայանալիք մենամարտը թե՛ նրա, թե՛ հավաքականի գլխավոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի համար պատվախնդրության հարց էր։ Երեկ փորձառու մարզիչ Ֆ. Ալեքսանյանի հետ զրույցից հետաքրքիր մանրամասներ իմացանք։ Պատմածից պարզվեց, որ պայքարը «սկսվել» է մինչեւ մարզիկների ռինգ մտնելը, երբ բռնցքամարտիկները «մկաններ էին տաքացնում»։ Այդ ժամանակ Ֆ. Ալեքսանյանը, որը ժամանակին եղել է Հայաստանի լավագույն մարզիկներից մեկը, սանին կարողացել է վստահություն ներշնչել իր ուժերի նկատմամբ։ Իսկ ահա մրցակից «թիմը», ըստ երեւույթին, իր բռնցքամարտիկի ուժն ու կարողությունները ցուցադրելու եւ հոգեբանորեն ազդելու նպատակով անհրաժեշտից շատ ու ինտենսիվ է նախավարժանքներ կատարել՝ ծախսելով բավականին էներգիա ու ինքն է հայտնվել ծուղակում։ Արդյունքը եղել է այն, որ ռինգում Սամվելն ավելի թարմ վիճակում է եղել ու տակտիկական գեղեցիկ պայքարում շահել է նաեւ այդ մրցամարտը ու մտել եզրափակիչ։ Այստեղ, սակայն, նա վճռորոշ մենամարտում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ, ավելի փորձառու Թեմուր Նալգիեւին ու արժանացել աշխարհի առաջնության արծաթե մեդալին։ Այս հաջողությունն ըստ արժանվույն է գնահատել ԱԻԲԱ-ի մրցավար, բուլղարացի Սոկոլ Սոկոլովը, որը մարտից հետո Ֆ. Ալեքսանյանին ասել է, թե այս «արծաթը» այլ երկրների նվաճած ոսկե մեդալներից ավելի ծանր քաշ ունի, որովհետեւ, ի տարբերություն մյուս երկրների պատվիրակությունների, որոնք մրցավայր էին ժամանել մի քանի մարզիչներով ու նաեւ ամեն ինչի նախապատրաստված, Հայաստանը Կոկչեմետ էր եկել ընդամենը մեկ մարզչով ու հինգ բռնցքամարտիկով։ Եվ այս մեդալը նվաճեց արդար պայքարում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել