Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳՆԱՆՔ ԾՈ՞ՎՆ ԸՆԿՆԵՆՔ»

Մայիս 17,2002 00:00

«ԳՆԱՆՔ ԾՈ՞ՎՆ ԸՆԿՆԵՆՔ» «Ագուլիս» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Երվանդ Մանարյանի կարծիքով, հասարակությունում առկա բոլոր այլանդակությունները փոխանցվել են նախորդ հասարակարգից, ուր այնպիսի՜ ջանադրությամբ ու ինտենսիվությամբ էին զբաղվում «դաստիարակության» հարցերով։ Այդ ամենի հետեւանքով, ըստ դերասանի, հակառակ արդյունքը ստացվեց։ Եվ բոլորը այն պատճառով, որ «սոսկալի շատ էին բղավում հայրենասիրության մասին»։ Երվանդ Մանարյանի կարծիքով, ամենամեծ հայրենասիրությունը ընտանեկան լավ դաստիարակությունն է, ինչը թույլ չի տալիս կարգին մարդկանց ո՛չ հայրենիքը լքել, ո՛չ հանուն պաշտոնի հրապարակավ սուտ խոսել։ «Եթե ինչ-որ տեղ էլ ընտանեկան լավ դաստիարակություն երբեւէ եղել է, այն աղճատվել է, աղավաղվել միայն հասարակական կազմակերպություններում, արհմիություններում եւ թատրոններում»,- գտնում է Ե. Մանարյանը։ Ի դեպ, նա դեմ է թատրոններում վաղուց ձեւավորված այն մտայնությանն ու գիտակցությանը, որ նրանց պետք է պետությունը պահի. «Էսօր պետությանը թատրոններն ասում են՝ տվեք, որ աշխատենք։ Ախր, նախ մենք պետք է ինչ-որ բան տանք, հետո պետությունից պահանջենք, որ վերջինս իր դիրքերի վրա գտնվի»։ Ե. Մանարյանը մոտավորապես նույն կարծիքին է նաեւ ստեղծագործական միությունների մասին. «Ստեղծագործական միությունները վաղուց սպառել են իրենց, որովհետեւ այլեւս գոյություն չունեն նրանց երբեմնի ֆունկցիաները։ Նախկինում մեզ քիչ էին վճարում, բայց պետությունն ու կուսակցությունը մեր պետքը շատ ունեին։ Դրա համար էլ արվեստագետներին դասդասում էին տարբեր «կարգերի» ու շերտերի. արդյունքում՝ մեկին ավելի շատ էին վճարում, մյուսին՝ ավելի քիչ։ Իսկ ստեղծագործական միություններն էլ այս ամենը կարգավորում էին, մանր-մունր բաներ գցում մեր առաջ, որ ձայններս կտրենք։ Մեկին մի քիչ երկար էին ծափահարում, երկրորդին՝ կոչում տալիս, երրորդին՝ ավտոմեքենա, չորրորդի էլ բնակարանն էին բարելավում»։ Եվ Մանարյանը ցավում է, որ այսօր ո՛չ պետական, ո՛չ հասարակական կառույցները, ո՛չ էլ քաղաքականությամբ մեծապես հետաքրքրվող անհատները «գլուխ» չունեն թատրոնի հետ, որովհետեւ նրա աշխատանքի հեռանկարը՝ շատ հեռու, իսկ մշակույթը «ապառիկ» գործ են համարում իրենց համար։ Բայց դա, նրա կարծիքով, իրավունք չի տալիս արվեստագետներին ձեռքները ծալած նստել։ «Լա՛վ, եթե պետությունը չի մտածում թատրոնի մասին, կամ, ենթադրենք՝ նախարար Ռ. Շառոյանը ապիկար մարդ է, չի կարողանում իրեն հանձնված նախարարությունը լավ կառավարել, գնանք ծո՞վն ընկնենք»,- դժգոհում է դերասանը, վստահ, որ իր գործընկերներին հաստատ դուր չեն գա իր բարձրացրած հարցերը։ Նա արդարացնում է նաեւ երիտասարդների թատրոն չհաճախելը մեր օրերում. «Էդ թատրոնում ի՞նչ են ցույց տալիս, որ երիտասարդի հոգին այնպես կեղեքվի, որ նա էլ բանուգործ թողած՝ թատրոն վազի, մուտքի մոտ հերթեր գոյանան ու տոմս չլինի։ Թատրոնների ցուցադրածից տասն անգամ ավելի լավ բան երիտասարդը կարող է հեռուստացույցով դիտել, դրան գումարած շոուներն ու տուրուդմփոցը։ Էլ ինչո՞ւ է գնում թատրոն»։ Ե. Մանարյանի կարծիքով, այսօր ընդհանրապես բոլոր արվեստագետները շփոթության մեջ են, որ ազատ են։ Պատճառը մեր հոգու վրա ծանրացած զոհված երիտասարդների հիշատակն է. «19-20 տարեկանների կյանքերը խլեցինք եւ ո՞նց ենք այդ պարտքը վերադարձնում։ Մի տարվա ընթացքում «Հուշամատյանը» մի քանի րոպե էկրանից նրանց նկարն է ցույց տալիս, իսկ թատրոններն ինչո՞ւ չեն կերտում նրանց կերպարը»։ Ըստ Ե. Մանարյանի, «Ագուլիս» թատրոն- ստուդիան 13 տարի գործում է, սակայն որեւէ միություն դեռեւս չի հետաքրքրվել նրանով։ Այն ստեղծվել է իբրեւ այն ժամանակվա քաղխորհրդի Մշակույթի վարչությանը կից թատրոն, որի հետ հիմա համարյա առնչություն չունի. «13 տարիների ընթացքում ընդամենը մի 5 լիտր ձեթ, 4 հատ կալգոտկի ու մի քանի կիլոգրամ ոսպ են ստացել, 2-3 ամիսը մեկ էլ՝ խորհրդակցության կանչել»։ Իսկ Ե. Մանարյանի՝ թատրոնը քաղաքապետարանի ենթակայությունից հանելու ցանկությանն ի պատասխան՝ քաղաքապետարանի իրավաբանական ծառայությունից հայտնել են, թե չեն գտնում համապատասխան որոշում, որով հնարավոր լինի այդ հարցը լուծել եւ թատրոնը լուծարել։ Մի հավերժական պրոբլեմ էլ է շատ մտահոգում Ե. Մանարյանին. «Ագուլիս» թատրոն-ստուդիան (եւ ոչ միայն այս մշակույթի օջախը) «Գրանդ Քենդիի» հետ նույն դաշտում են դրել։ Ախր, խղճուկ թատրոնն ինչքա՞ն կարող է շահել, որ էդ հարկերի տակից դուրս գա»։ Քաղաքապետարանի Կրթության վարչությունն էլ, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի, անցյալ տարվանից արգելել է նրա մուտքը մայրաքաղաքի դպրոցներ, փոխանակ՝ «թատրոնը դիտելու իբրեւ կրթության ասպարեզի կարեւորագույն օղակ»։ Ե. Մանարյանը խորապես համոզված է, որ «եթե փոքրիկ երեխան «Երեք խոզուկները» դիտելուց հետո գայլի նկատմամբ բարձրաձայն իր բացասական վերաբերմունքն է արտահայտում, մյուսներն էլ նրան ձայնակցում են, ներկայացումը դառնում է ազատախոհության արտահայտման միջոց, կարեւորագույն դաստիարակչական ակտ, որ հետագայում կտա իր պտուղները»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել