Լրահոս
Օրվա լրահոսը

«Դպրոցը ստվերային տնտեսության մի մասն է»

Մայիս 17,2002 00:00

«Դպրոցը ստվերային տնտեսության մի մասն է» Կարծում է փորձառու մանկավարժը Տարիների փորձ ունեցող մանկավարժին, որը սակայն չցանկացավ անունը մամուլում հրապարակել, խնդրեցինք ներկայացնել իր մտորումները այսօր դպրոցում տիրող մթնոլորտի եւ ուսուցման գործընթացի մասին։ Սկսվում են ընդունելության քննությունները, որի հիմքում ընկած է մասնավոր պարապողների մրցակցությունը։ Արհեստականորեն ստեղծված է մասնավոր պարապմունքների անհրաժեշտություն՝ դպրոցական ծրագրի ծանրաբեռնվածությունը, ընդունելության քննությունների կտրուկ բարդացումը եւ այս ամենին զուգահեռ՝ ուսուցչի չնչին աշխատավարձը։ Հայաստանում այսօր դպրոցի տարբերակումներ կան՝ վարժարան, կրթահամալիր, մասնավոր դպրոց։ Դասական ուսուցումը ենթադրում է վարժարանային ուսուցում, երբ բարձր դասարաններում երեխան ընտրում է այն առարկաները, որոնք անհրաժեշտ են իրեն։ Իսկ Հայաստանում վարժարանային ուսուցումը կրում է ձեւական բնույթ։ Դպրոցի կրթական ծրագրերը բարդ են, առարկաների բազմազանության պայմաններում անգամ բարձր ունակությունների տեր երեխան չի կարող յուրացնել բոլոր առարկաները։ Առաջանում է ծիծաղելի իրավիճակ՝ երեխան շատ կարճ ժամանակահատվածում պետք է յուրացնի ամբողջ դպրոցական դասընթացը կրկնուսույցների (ռեպետիտոր) միջոցով։ Կրթության եւ գիտության նախարարության Կրթական բարեփոխումների կենտրոնը, ըստ մանկավարժի, պարզեցնելու փոխարեն, ավելի բարդացրեց կրթական ծրագիրը։ Շատ հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ կենտրոնը աշխատում է իրացնել իր ապրանքը՝ հրամցնելով դպրոցին աշխատանքային տետրեր, լրացուցիչ խնդրագրքեր։ Իսկ այս ամենը բնականաբար չի կարող կրթական բարեփոխումների հիմք հանդիսանալ։ Հանրապետությունում այսօր բավական մեծ թիվ են կազմում մասնավոր, այսպես կոչված, «էլիտար» դպրոցները։ Մասնավոր դպրոցի նպատակներից մեկը պիտի լիներ որպես մրցակից հանդես գալը, նոր մեթոդներով ուսուցմանը նպաստելը։ Սակայն այսօր էական տարբերություններից մեկը պետական եւ մասնավոր դպրոցի, ուսուցչի տեսանկյունից, ունեւոր դասի դիրքի ընդգծումն է (նաեւ ավելի են հեշտացված ավարտական վկայական ստանալու պայմանները)։ Այսինքն, այսօր մասնավոր դպրոցը լուրջ մրցակցություն չի ստեղծում։ Ավելին՝ մասնավոր դպրոցը հակառակ ազդեցություն է ունենում՝ դպրոցն ավելի հետ մղելով ձեւապաշտության ճահիճը։ Դպրոցների ընդհանուր վիճակը անպայմանորեն փոխկապակցված է տնօրենների ընտրության հետ։ Ովքե՞ր են այսօր դառնում տնօրեն։ Մանկավարժը գտնում է, որ տնօրենն այսօր «անպորտֆել նախարար» է հիշեցնում։ Ստվերային տնտեսության մեջ մի ակտիվ մաս էլ դպրոցն է կազմում՝ իր տնտեսական համակարգով, մամլիչ եղանակներով, դրամահավաքության հայտնի եւ նորահայտ արվեստին տիրապետելով։ Եվ այս ամենը «շնորհիվ» տնօրենի։ Սակայն հարց է առաջանում. ինչպե՞ս են դառնում տնօրեն։ Այն առնվազն կարելի է համեմատել պատգամավորական ընտրությունների հետ, որտեղ եւս կա նման սուր մրցակցություն։ Եվ «սուր մրցակցության» պայմաններում ընդունված տնօրենը ավելի շատ տնտեսական գործիչ է, քան դպրոցի գիտակ։ Բուն դպրոցի նպատակը վարպետորեն վարագուրված է (միջոցառումներ, ցուցադրական ելույթներ), ավելի հասկանալի՝ դպրոցն այսօր պատրանքային ուսուցում իրականացնող հիմնարկ է հանդիսանում։ Իսկ ի՞նչ պետք է արվի, որպեսզի նման զավեշտական եւ ողբալի իրավիճակ չստեղծվի, մանկավարժն ուներ իր պատասխանը. «Դպրոցը հասարակությունից առանձնացված օղակ չէ՝ դպրոցում դրսեւորվում են հասարակության մեջ իշխող երեւույթները, ուստի դպրոցի բարեփոխումները ուղիղ ձեւով կապված են հասարակության զարգացման հետ։ Արհեստականորեն, լոզունգներով չի կարելի դպրոցը բարեփոխել, առաջին քայլը, որ պետք է արվի, ուսուցիչների աշխատավարձի բարձրացումն է, ուսուցիչը պետք է անկախ լինի մասնավոր պարապմունքներից։ Դպրոցի բուն նպատակը չպետք է լինի ընդունելության քննությունների պատրաստումը…»։ ԵՎԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԵՊՀ, ժուռն. 4-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել