Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ

Մայիս 17,2002 00:00

ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ Կոռուպցիան Հայաստանի Հանրապետությունում ծաղկում է առանց կոնկրետ փաստերի: Համարյա առանց իրականությանը համապատասխանելու: Փաստն այն է, որ կոռուպցիան մեր երկրում գոյություն ունի: Այս մասին տեղեկացանք «Հակաստվեր» կազմակերպությանը հյուրընկալված ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Վահան Հովհաննիսյանի վերջին հանդիպումից: Վերջինս լրագրողներին դիմելով ասաց, որ կոռուպցիոն դեպքերի մասին մենք ավելի լավ գիտենք: Շնորհակալություն: Ուրեմն, մենք ընկեր Վահանին տալիս ենք փաստեր, իսկ նա շարունակում է փիլիսոփայել կոռուպցիայի մասին առանց փաստերի, ինչպես դա անում են Ներքին գործերի նախարարի խորհրդական Միքայել Գրիգորյանը կամ ԱԺ իրավաբանական վարչության աշխատակից Ստեփան Ծաղիկյանը: Լավ: Համարենք, որ ես կոռուպցիոն փաստերին լավ եմ տիրապետում: Սակայն այն փաստը, որ Վահան Հովհաննիսյանը հրաժարվում է լրագրողների միջոցով հասարակության սեփականությունը դարձնել կոռուպցիայի դեպքերը, արդեն հագեցած է կոռուպցիայով: Որոշակի իմաստով Վահան Հովհաննիսյանը քայլող քրեական հոդված է, այսինքն, Արմեն Խաչատրյանի գոյության դաշտում ծավալվող քրեական դեպք: Ոչ ոք, անշուշտ, չի կարող երաշխավորել, որ Վահան Հովհաննիսյանը տեղյակ է ստորեւ շարադրվելիք կոռուպցիոն մի քանի դեպքերին, որոնք իրենց բնույթով սահմանադրական հիմքեր ունեն շրջանցելու «քաղաքական կոռուպցիա» հասկացությունը շրջանառության մեջ դնող Վահան Հովհաննիսյանին՝ օրենսդիրում յուրաքանչյուրիս պաշտպանության, յուրաքանչյուրիս ներքին գործերի եւ յուրաքանչյուրիս ազգային անվտանգության երաշխավորին: Կապանի ենթամարզի Շիկահող գյուղի բնակիչը խնդիր ունի Սյունիքի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակցի հետ: Վերջինից է կախված՝ շիկահողցու ոչխարը արոտավայր կունենա՞, որպեսզի դառնա շուկայի միս, թե՞ սկզբից կվճարի հնարավոր արոտավայրի ձեռքբերման արժեքը եւ հետո իր քաշի կորստյան գնով ոչխարի միսը կհանի շուկա: Մարզպետարանի աշխատակիցը շիկահողցուն հիշեցնում է, թե ինչ երկրում են ապրում երկուսն էլ, որ խնդիրն այնքան էլ ոչխարը չէ: Եթե հասել ես իմ դուռը, պետք է կարողանաս տարբերակել ոչխարին կերակրելը եւ ինձ կերակրելը: Բնականաբար այս մասին շիկահողցին տեղեկացնում է իր համագյուղացիներին: Միաժամանակ ոչխարին կերակրելու մասին մտահոգությունից այն կողմ չանցնող նրա երեւակայությունը ելքեր է փնտրում: Բայց արդեն առանց պետության հանդեպ հավատի: Սա կոռուպցիայի տեսական օրինակ է, որը ճշմարիտ չէ միայն այն պատճառով, որ Կոտայքի մարզպետարանի փոխարեն նշվեց Սյունիքի մարզպետարանը: Այսպիսով, օրենսդրական պաշտոն զբաղեցնող Վահան Հովհաննիսյանը լրագրողից տեղեկանում է, թե ինչ անօրինականությունից պետք է խոսի: Ես ուզում եմ միանգամից հիասթափեցնել Վահան Հովհաննիսյանին: Երկրում իսկապես կոռուպցիա չկա: Իսկ այն ինչու՞ է ծաղկում: Որովհետեւ երեւացող ներքեւները (այսինքն՝ ստորին պաշտոնյաները) հող են պատրաստում չերեւացող վերեւների այլասերության համար: Սա ի դեպ իմ առաջին եզրակացությունն է: Իսկ քանի որ երկրում կոռուպցիա չկա, ինձ համար ավելի հեշտ է երեւակայել, որ այն կա: Համարյա ելքեր փնտրող շիկահողցի ոչխար պահողի երեւակայության սահմաններում: Կամ ինչպես Ռոբերտ Քոչարյանն է հորինում «Ա1+»-ը: Այսպիսով, բերենք ավելի համեղ օրինակներ: Շատ ավելի քաղաքական: Վերցնենք Սեյրան Ավագյանի գլխավորած ՀԺԱՄ-ի մարզեր կատարած վերջին այցելությունները: Այս մարդը Արմավիրում քաղաքացիների մեջ հավատ է սերմանում իշխանությունների նկատմամբ, մինչդեռ Ալբերտ Հերոյանը համառորեն մնում է մարզպետի պաշտոնում: Այստեղ որտե՞ղ է կոռուպցիան: Այն երկուստեք է: Պարոն Ավագյանը թմրեցնում է հասարակությանը, այսինքն ապուշի տեղ է դնում, այսինքն, հասարակությունից փորձում է կերտել դեգեներատ, որպեսզի վերջինս հանդուրժող լինի իրեն նվաստացնող Ալբերտ Հերոյանի եւ հանձին նրա, երկրի իշխանությունների նկատմամբ: Այսպիսով, եզրակացություն երկրորդ՝ քաղաքական կոռուպցիան ներքեւների հանդուրժողականությունն է վերեւների նկատմամբ: Բայց այս եզրակացությունը մանկամտություն է հաջորդի համեմատ: Պարզվում է, կոռուպցիան կարող է այնքան թաքնված լինել, որ իր մասին կհուշի միայն ոմանց բառապաշարով: Ունկնդիրը կամ ընթերցողը դրանից կարող է հասկանալ, որ այդ բառերի հեղինակից հաստատ սպասելի է կոռուպցիայի ցանկացած դրսեւորում: Վերցնենք ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանին: Այս մարդը հայտնի է ստրիպտիզների հանդեպ սիրով: Պաշտոնյայի համար դա չափազանց անհույս զբաղմունք է: Դա նշանակում է, որ նա նախարարի կարգավիճակով մի սովորական սիրո կարիք ունի, որը հնարավոր չէ եւ այդ անհնարինությունը նա խեղդում է կանանց մարմիններին հետեւելով: Ընդ որում, նույնիսկ ամենավերջին անառակը Վարդան Խաչատրյանին նայելով ավելի շատ կկենտրոնանա իր անառակ լինելու, քան ֆինանսների նախարարի տղամարդ լինելու հանգամանքի վրա: Բայց խոսքն այն մասին է, որ Վարդան Խաչատրյանը բոլորովին վերջերս մի ասուլիսի ժամանակ գործարարին ասում էր «բիզմեսմեն», իսկ Վերդիի «Տրավիատան» ձեւակերպել էր իբրեւ «Տրավիատուրա»: Ընդ որում, անգլիական HSBC բանկը պարոն Խաչատրյանի բերանով վերադարձրել էր իր նախկին «Միդլենդ» անվանումն առանց «դ»-ի: Պարզապես կրթություն ստացած քաղաքացու համար հասկանալի է, թե ինչեր կարելի է սպասել մեր ծերերի թոշակները, մեր երեխաների նպաստները եւ մեր հաշմանդամների գումարները հատկացնող այս մարդուց: Վկան՝ ամիսներով ուշացող թոշակները, նպաստները, բուժաշխատողների եւ Մեծամորի ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերը: Ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը վերջերս կառավարության շենքում լրագրողներին հայտարարեց, որ կառավարության նիստում ընդունվեց «Օդային օրենքը»: Խոսքն անշուշտ վերաբերում էր «Ավիացիայի մասին» օրենքին, որն ընդունելու էր ԱԺ-ն: Հովհաննես Երիցյանն այն մարդն է, որը չկարողացավ պահել ՀՀ-ում TCAS համակարգ ունեցող միակ ինքնաթիռը՝ ֆրանսիական «Էյրբասը»: Լրագրողների համար վաղուց ձանձրալի թիրախ դարձած այս մարդն անշուշտ երբեւէ չի հետաքրքրել Վահան Հովհաննիսյանին: Իսկ, ասենք, արժե՞ կոռուպցիայի հոտ առնել ԱԺ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից, որը այս տարվա մարտի 4-ի դրությամբ հայտարարեց, թե 98-ին պաշտպանել է վարչապետ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում եւ այսօր էլ է պաշտպանում: Սակայն պարոն Սահակյանը չգիտի՝ մյուս տարի պաշտպանելու՞ է, թե ոչ: «Ի՞նչ է ստանալու ՀՀԿ-ն դրա համար»,- հարցնում է երթուղային գծի տեր խմբակցության ղեկավարը… Շարունակելի ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ «Այբ-Ֆե»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել