Լրահոս
Օրվա լրահոսը

«Թողեք մեր յուղով տապակվենք»

Մայիս 17,2002 00:00

«Թողեք մեր յուղով տապակվենք» Երեկ Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Արեգ Բարսեղյանը հրավիրել էր ասուլիս, որպեսզի համոզի, որ տրամվայը իսկապես «անպետք» փոխադրամիջոց է եւ ինչքան շուտ ազատվենք դրանից, այնքան լավ։ Ինչպես հայտնի է, վերջերս քաղաքային էլեկտրատրանսպորտի վարչության մի խումբ աշխատակիցներ բաց նամակով դիմել են ՀՀ կառավարությանը, ԱԺ, տարբեր հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, ներկայացնելով հաշվարկներ, որտեղ հիմնավորում են, որ եթե էլտրանսպորտի, մասնավորապես՝ տրամվայի, այսօր գործող 40 դրամ սակագինը իջեցվի 20-ի, ապա հնարավոր է, որ այդ տնտեսությունը աշխատի շահույթով։ Ըստ տրանսպորտի վարչության պետի, հաշվարկի հեղինակները ներկայացրել են, որ իբր տրամվայները օրական անվճար տեղափոխում են 14 հազար 500 մարդ եւ 20 դրամով շահագործելու պարագայում պետությունը պետք է նրանց փոխհատուցի օրական 290 հազար դրամ։ Մինչդեռ իրականում 2000 թվականին տրամվայների տեղափոխած ուղեւորների թիվը կազմել է օրական 6000 մարդ, իսկ 2001-ին՝ 5000։ Ելակետային տվյալների անճշտության արդյունքում տարեկան եկամտի չափը ավելի է հաշվարկվել ավելի քան 62 մլն դրամով։ Ինչպես հավաստիացնում է պրն Բարսեղյանը, ներկայացրած հաշվարկում մի կողմից ծախսերն են (մասնավորապես՝ էլեկտրաէներգիա) արհեստականորեն նվազեցրել, մյուս կողմից եկամուտներն են ավելի հաշվարկել, որի արդյունքում ստացվել է 108 մլն դրամի շահույթ։ Մինչդեռ իրականում ձեռնարկության վիճակը շատ անմխիթար է, երթուղի դուրս եկող տրամվայների ավելի քան 30 տոկոսը վաղաժամ հավաքակայան է վերադառնում տեխնիկական անսարքության պատճառով։ Էլ ավելի ծանր է կոնտակտային գծերի վիճակը։ Արդեն երկրորդ տարին է, որ «ծեծվում» է այս հարցը ու վերին ատյաններից անընդհատ փորձում են համոզել, որ տրամվայը վնասով աշխատող փոխադրամիջոց է եւ պետք է դադարեցնել դրանց գործունեությունը։ Սակայն դա լավագո՞ւյն ելքն է։ Գլխացավը վերացնելու լավագույն ձեւը գլուխը կտրելը չէ։ Եվ, վերջապես, ձեռնարկության աշխատողները արդեն երկու տարի խնդրում, աղաչում են, որպեսզի պետությունը թույլ տա իրենց, որ ընդամենը «իրենք իրենց յուղով տապակվեն»։ Այսինքն, եթե ֆինանսական միջոցներ չունեն օժանդակելու, գոնե թույլ տան իրենք իրենց տնտեսությունը տնօրինեն։ Դատելով ամենից, կասկածում ենք, որ «գծատեր» կառավարությունը երբեւէ կմտահոգվի «Տրամվայ» ՊՓԲԸ-ի 310 անդամի ճակատագրով եւ իր սուղ միջոցներից կհատկացնի 2 տարուց ավելի չվճարվող անվճար ուղեւորափոխադրման գումարները, կամ կկարգադրի տրամվայի կոնտակտային գծերին տրվող բարձր հաճախականությամբ հոսանքը հաշվարկել իր իրական արժեքով (25 դր. փոխարեն՝ 16)։ Ապա պարոն Ա. Բարսեղյանը տեղեկացրեց, որ ըստ Խանջյան փողոցի վերակառուցման նախագծի, նախկինում գործող տրամվայի հանված գծի փոխարեն կգործի տրոլեյբուս: ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել