Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ»

Մայիս 17,2002 00:00

«ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅԱՑԱՎ» «Առավոտը» հաղորդել էր «Փյունիկի» եւ «Միկայի» միջեւ հանրապետության Սուպերգավաթի հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպի մասին, երբ խաղից հետո, իր թիմի պարտությունից վրդովված «Միկայի» հովանավոր Միխայիլ Բաղդասարովը ծեծել էր հանդիպման գլխավոր մրցավար Սլավա Ղազարյանին։ Դրանից օրեր անց տեղի է ունեցել ծեծողի եւ ծեծվածի հանդիպում։ Այս մասին իր վերջին համարում հաղորդել է «Ֆուտբոլ Plus» շաբաթաթերթը, որն իր նյութը համեմել է նաեւ մի լուսանկարով։ Այստեղ հաղթանդամ Միխայիլ Բաղդասարովը թեւանցուկ է արել փոքրամարմին եւ վտիտ Սլավա Ղազարյանին։ Երկուսն էլ, սակայն, մռայլ են։ Եվ լուսանկարը մակագրված է. «Հաշտությունը կայացավ»։ Մեջբերենք սակայն «Ֆուտբոլ Plus»-ից այն խոսքերը, որ մրցավարին հաշտության ձեռք մեկնելիս ասել է Միխայիլ Բաղդասարովը. «Այդ միջադեպը, որ տեղի է ունեցել, անձնապես ուղղված չէր հանդիպման մրցավար, ՖԻՖԱ-ի գլխավոր մրցավար Սլավա Ղազարյանի դեմ: Ես նրան միշտ հարգել եմ եւ համակրել եմ որպես մրցավարի։ Պարզապես, իմ հասկացությամբ, այնքան էլ որակյալ չի վարել այդ հանդիպումը։ Բայց միջադեպը իրեն չի ուղղված, այլ ծագել է ամբողջ մրցավարական կորպուսի նկատմամբ դժգոհությունից։ Մրցավարները պետք է հասկանան, որ ֆուտբոլում մեծ ներդրումներ կատարողներն ուզում են, որպեսզի մրցավարները լինեն ֆուտբոլի զարգացմանը համապատասխանող բարձրության վրա։ Մենք անձնական խնդիրներ չունենք, մանրամասն քննարկել ենք միջադեպը եւ գտնում ենք, որ ինչ-որ տեղ ես ճիշտ չեմ եղել, ինչ-որ տեղ էլ մրցավարն իր բարձրության վրա չի եղել, ինչպես որ կարող է»։ Զարմանալի է, որ կարելի է ծեծել մարդուն (հարգելով ու համակրելով) եւ հետո հայտարարել, որ այդ միջադեպն անձնապես նրա դեմ չէր ուղղված։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել