Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԳԱՀԸ «Ա1+»-ԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՋՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ

Մայիս 17,2002 00:00

ՆԱԽԱԳԱՀԸ «Ա1+»-ԻՆ ԹՈՒՅԼ ԿՏԱ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՋՈՐԴ ՄՐՑՈՒՅԹԻՆ Ագոյի խումբը ԱԺ ղեկավարության, Արդարադատության նախարարի եւ ՀՀ նախագահի հետ հանդիպումների ընթացքում քննարկել է նաեւ «Ա1+»-ի եթերազրկման հարցը: «Ա1+»-ի փակումով փաստորեն ընդդիմությունը զրկվել է տեսակետ հայտնելու հնարավորությունից»,- նախագահի հետ զրույցի ընթացքում իր մտահոգությունն է հայտնել դեսպան Ագոն: Նախագահը իր հերթին խոստացել է ապահովել «Ա1+»-ի համար լիարժեք իրավունք՝ հաջող մասնակցելու հաջորդ մրցույթին, եւ այդպիսով լուծել հարցը: Պարզվում է, որ նախագահն է «Ա1+»-ին իրավունք տալու մասնակցել եւ հաղթել հաճախությունների մրցույթում: Իսկ ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Մարտիրոսյանից տեղեկացանք, որ նախագահը Ագոյի խմբին ներկայացրել է «Ա1+»-ի փակման «իրական» պատճառները: Այսինքն՝ հեռուստաընկերությունը փակվել է բացառապես օրենքի շրջանակներում, այն էլ՝ ընդդիմության մշակած օրենքի (նկատի ունի Շավարշ Քոչարյանին) պատճառով: Նա նաեւ պատմել է իր նախաձեռնած քայլերի մասին՝ մի շարք առաջարկներ՝ ընդհուպ մինչեւ Հանրային հեռուստատեսությամբ եթերի հնարավորություն: Նախագահը սակայն «ցավով» նկատել է, որ «Ա1+»-ի կոլեկտիվը հրաժարվել է առաջարկներից: «Ա1+»-ը գոլորշին բաց թողելու միջոց էր, այսօր իսկապես անհրաժեշտ է նման մի հեռուստաընկերություն եւ, եթե հարցը չլուծվի, ստիպված եմ լինելու հորինել նոր «Ա1+»,- եւ այս հանճարեղ միտքը Ագոյի համար կրկնել է ՀՀ նախագահը: Այս մասին տեղեկանում ենք Արմեն Մարտիրոսյանից: ԵԽ Վերահսկողական խումբն էլ ողջունել է նախագահի առողջ դատողությունները (սա փոխարտգործնախարարի գնահատականով): Սակայն այլ քաջատեղյակ աղբյուրից տեղեկանում ենք, որ բավական սուր է եղել Ագոյի տեսակետը եւ դիրքորոշումը «Ա1+»-ի հարցում: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը դատարանում վիճարկում է մրցույթի օրինականության հարցը եւ ոչ թե օրենքի հետ ունեցած խնդիրները: Եվ ավելացնենք, որ «Ա1+»-ը նպատակ ունի վերականգնել 37-րդ հաճախությամբ հեռարձակվելու իր իրավունքը եւ մտադիր չէ մասնակցել այլ հաճախությունների մրցույթի: www.a1plus.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել