Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրավյալ տարածքը Հայրիկյանը չի հանձնում

Մայիս 17,2002 00:00

Գրավյալ տարածքը Հայրիկյանը չի հանձնում Բոլորովին վերջերս ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը «հիստերիա» համարեց Գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի բողոքը, թե ԱԻՄ-ն անօրինական է զբաղեցնում ինստիտուտի դահլիճը եւ որ նրանք պետք է ազատեն այն, քանի որ դահլիճը պատկանում է ինստիտուտին: Գրականության ինստիտուտի դահլիճը որոշ ժամանակով ԱԻՄ-ին տրամադրելու մասին համաձայնություն, ըստ ինստիտուտի տնօրենի, տվել է Էդուարդ Ջրբաշյանը, սակայն այդ մասին որեւէ պաշտոնական գրություն չկա. «Պարոն Ջրբաշյանն այն որոշ ժամանակով որպես լավություն է հատկացրել ԱԻՄ-ին եւ ոչ որպես հիմնական տարածք՝ ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող նրանց հավաքների համար: Երեւի թե ես պետք է այդ մասին հայտարարություն անեմ, քանի որ բոլորի մոտ այն տպավորությունն է, թե այս դահլիճն ԱԻՄ-ին տրվել է մշտական եւ այդ մասին պաշտոնական փաստաթուղթ գոյություն ունի: Դա այդպես չէ: Նման ոչ մի փաստաթուղթ չկա եւ չէր էլ կարող լինել»,- ասաց Ազատ Եղիազարյանը: Պարույր Հայրիկյանը, սակայն, չի հասկանում, թե ինչ ասել է «լավություն», որը ժամանակին արել է Էդուարդ Ջրբաշյանը. նա համառորեն պնդում է, որ այդ դահլիճն իրենց սեփականությունն է, եւ իրենց այնտեղից ոչ ոք չի կարող դուրս հրավիրել: Իսկ եթե հրավիրող լինի, ապա միայն իրենք կարող են դա անել: Պարույր Հայրիկյանն անգամ իր հրավիրած ասուլիսում փորձել էր տպավորություն ստեղծել, թե ինքն է լավություն անում, որ Ազատ Եղիազարյանին դատի չի տալիս. «Ես չուզեցի Ազատ Եղիազարյանին դատի տալ. նա բոլշեւիկյան սիմվոլներով մեծացած, բոլշեւիկյան հոգեբանություն ունեցող մարդ է, ի՞նչ կարող ես անել»,- ասել է Պարույր Հայրիկյանը: Պարոն Եղիազարյանը չցանկացավ անդրադառնալ Հայրիկյանի այս մտքերին՝ համարելով, որ դա շատ կլինի նրա համար. «Ինչ ուզում է՝ թող ասի, ուզում է, թող ասի՝ բոլշեւիկ, ուզում է, թող ասի՝ կոմունիստ: Ես նրան չեմ պատասխանի: Ի՞նչ ասես նրան: Միայն կասեմ, որ նրանք պետք է ազատեն ինստիտուտի տարածքը: Եվ վերջ»: Թե ինչով կավարտվի Հայրիկյան-Եղիազարյան վեճը, դժվար է ասել: Բայց մի բան հաստատ է. եթե Պարույր Հայրիկյանը դատի է տալիս Հայաստան պետությանը, այն էլ երկու անգամ (մեկը՝ 1999 թվականին ԱԺ ընտրություններում ընտրական ցուցակների անճշտության համար, եւ մյուսը՝ ՀՀ «Լեզվի մասին» օրենքը խախտելու եւ համառորեն դասական ուղղագրությանը չանցնելու համար) եւ այն էլ միանգամից Եվրոդատարան, ապա Գրականության ինստիտուտն ի՞նչ է Հայաստան պետության համեմատ նրա համար, որ դատի չտա: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ www.taregir.qam

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել