Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Առաջին քայլն արված է

Մայիս 17,2002 00:00

Առաջին քայլն արված է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը երեկ՝ իբրեւ ՀՀ քաղաքացի եւ «Ա1+» եւ «Նոյյան տապան» հեռուստաընկերությունների արտադրանքի սպառող, հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանին. «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159 հոդվածի իրավունքով դիմում եմ «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների արտոնագիր տալը մերժելու մասին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ապրիլի 2-ի որոշումները Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին ՀՀ օրենքին /հոդվ. 2, 4, 19, 49, 51/ ՀՀ Սահմանադրությանը /հոդվ. 4, 6, 8, 24, 44, 48/, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին /հոդ. 2, 19/ հակասող ճանաչելու պահանջով»: Ա.Բլեյանն իր հայցադիմումում պնդել է. «Ամեն օր, քանի դեռ Հանձնաժողովի ապօրինի գործողությունների եւ որոշումների հետեւանքով չեն հեռարձակվում «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունների հաղորդումները, առկա է խոսքի, համոզմունքի եւ տեղեկատվության ազատության հիմնական՝ անօտարելի իմ իրավունքի ոտնահարման փաստը»: Բացի այդ, երեկ հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության հասարակական խորհուրդը նաեւ դիմել է ԱԺ պատգամավորներին՝ հորդորելով առնվազն մեկ երրորդով դիմել Սահմանադրական դատարան՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ օրենքների, տնտեսական դատարանի՝ «Ա1+»-ի հայցը մերժելու մասին վճռի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար: Առաջարկն, ինչ խոսք, վատը չէ, բայց ամբողջ հարցն այն է, թե օրենսդիրները, որ մինչ այս միանգամայն ազատ էին իրենց գործողություններում եւ «Ա1+»-ի փակումից եւ տնտեսական դատարանի սույն վճռից հետո բավարար ժամանակ ունեին ճիշտ նմանատիպ քայլեր ձեռնարկել ու չեն արել, այսօր տեղի կտա՞ն Ա.Բլեյանի հորդորներին: Այդուհանդերձ, Ա.Բլեյանը հույս ունի, որ հասարակության մեջ, թերեւս, գտնվեն մարդիկ, ովքեր բացի տրտնջալուց, ուղղակի քայլ կանեն իրենց սահմանադրական իրավունքները՝ իբրեւ եթերից զրկված հեռուստաընկերությունների սպառողներ, պաշտպանելու համար: Առաջին քայլն այդ ուղղությամբ, փաստորեն, արված է: Մնում է, որ դրան հետեւողներ լինեն: Իսկ Ա.Բլեյանի հայցադիմումի պատասխանը, համապատասխան օրենսդրության շրջանակներում, պետք է որ տրվի երեք օրվա ընթացքում: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել