Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԾՐԱԳԻ՛Ր ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ»

Մայիս 17,2002 00:00

«ԾՐԱԳԻ՛Ր ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ» Նոր ընդդիմադիրներին առաջարկում է հին ընդդիմադիր Ազատ Արշակյանը -Ինչպե՞ս եք գնահատում ներկա ընդդիմության գործողությունները, ասենք՝ ԱԺ-ով իշխանափոխության գործընթաց սկսելու նախաձեռնությունը, երբ ի սկզբանե ակնհայտ էր, թե ուժերի առկա դասավորության պայմաններում՝ ինչ էր լինելու դրա ավարտը։ – Ինձ առանձնապես չեն հետաքրքրում ներքին «ժանրի» թելադրած տարբերակները՝ դիմախոս, ընդդիմախոս եւ այլն։ Որպես քաղաքացի՝ ես ուղղակի ուզում եմ իմանալ. Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներն ի՞նչ տարբերակով է հնարավոր լուծել, եւ ովքե՞ր են դրանք առաջարկում։ Այսինքն. նախագահին եւ իշխանափոխությանն առնչվող բոլոր հարցերը ես չեմ անհատականացնում։ Ինձ հետաքրքրում է՝ այս մարդը, թիմը կամ կուսակցությունների խումբն առաջացած խնդիրներն ինչպե՞ս է ուզում լուծել։ Եթե այս տեսակետից ենք մոտենում՝ մենք մինչեւ հիմա ունենք Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները, մասնավորապես՝ Ղարաբաղի հարցը լուծելու երկու տարբերակ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի տարբերակները։ Այլ տարբերակ գոյություն չունի։ Նախագահի պաշտոնի նախկին հավակնորդներն իրենց առաջարկած տարբերակներից հենց իրենք հետագայում հրաժարվեցին՝ միանալով որեւէ թիմի։ Գտնում եմ, որ որպես քաղաքացու, ինձ առաջին հերթին պիտի մատուցեն ծրագիր. նախ՝ ինչպես է ավելի լավ լուծվելու Հայաստանի ինքնիշխանության խնդիրը՝ այն ավելանալո՞ւ է, թե՞ պակասելու, երկրորդը՝ Հայաստանի տնտեսությունը զարգանալո՞ւ է, թե՞ քայքայվելու է, երրորդը՝ Ղարաբաղի հարցն ինչպե՞ս են լուծելու։ Մի քանի հանրահավաքների մասնակցել եմ, եւ այնտեղ ընդհանրապես չեմ ստացել իմ հարցերի պատասխանները. խոսք չի եղել որեւէ խնդիր լուծելու մասին՝ բացի նախագահին փոխելուց։ Ես նախագահ Քոչարյանի կողմնակիցը չեմ եւ չեմ եղել ու դրա մասին ասել եմ հրապարակավ։ Բայց չեմ պատկերացնում՝ առանց նախագա՞հ է լինելու Հայաստանը։ Ենթադրենք, թե Ռոբերտ Քոչարյանը լսում է ընդդիմախոսներին եւ հրաժարական է տալիս՝ ո՞վ է դառնալու հաջորդ նախագահը։ – Նա, ում կընտրի ժողովուրդը։ – Ժողովուրդը 40 օրում է ընտրելու։ Բայց այժմ հայտ ներկայացվա՞ծ է, թե՞ ոչ։ Գտնում եմ, որ ընդդիմությունը՝ խնդիրների լուծման իր ծրագիրը ներկայացնելուն զուգահեռ, առաջին հերթին նաեւ պիտի հանդես գա իր հավակնորդով։ Որեւէ հավակնորդ պիտի հայտ ներկայացնի ու հանդես գա իր ծրագրով, խոսի դրա մասին։ Պիտի իմանանք, թե իշխանափոխության հաջորդ օրն ինչ է լինելու։ Եվ այդ ծրագիրը պիտի այնքան հրատապ լինի, որ ընտրողները ցանկանան ժամկետից շոււտ սկսել դրա իրականացումը, որպեսզի մեկ օր շուտ հասնենք մեր խնդիրների լուծմանը։ – Ավետիս Հարությունյանը մի ճշգրիտ դիտարկում էր արել ծրագրերի վերաբերյալ, թե Հայաստանին տնտեսական ծրագիր չէ, որ պետք է, «այլ Ղարաբաղի հարցի քաղաքական լուծում եւ երկիրը հայաթափող ու թեւաթափող շրջափակման վերացում»։ – Իհա՛րկե, նախ Ղարաբաղի հարցն է։ Իսկ ինքնիշխանությա՞ն հարցը։ – Դուք վտանգվա՞ծ եք համարում Հայաստանի ինքնիշխանությունը։ – Վտանգված չեմ համարում այն իմաստով, որ ՄԱԿ-ի անդամ որեւէ երկիր կարող է վերանալ աշխարհի երեսից։ Բայց ինքնիշխանության այն աստիճանը, որ կա այժմ, չի բավարարում ինձ։ Այն մի քիչ ավելի ցածր է, քան կար։ Ինձ թվում է, որ մենք հիմա ավելի շատ ենք գաղութացված։ Եվ ինձ թվում է, թե իշխանափոխությունը հենց դրա՝ Հայաստանի ինքնիշխանության աստիճանը պակասեցնելու համար արվեց։ Ես համարում եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մատնանշած «հայտնի ուժերը» հենց այն ուժերն են, որոնք դժգոհ էին Հայաստանի անկախության աստիճանից։ Համենայն դեպս, այն տերությունները, որոնք այս տարածաշրջանն ընդգրկել են ազդեցության իրենց ոլորտում, այժմ ավելի շատ ազդեցություն ունեն Հայաստանի վրա, թեկուզ այն պատճառով, որ մեր երկիրը հիմա ավելի թույլ է։ – Նոր ընդդիմության հանդեպ Ձեր քննադատական դիրքորոշմամբ հանդերձ՝ ինչպե՞ս եք վերաբերվում ներկա հետապնդումներին՝ վարչական կալանքներին ու զանազան տուգանքներին։ – Իհարկե, այդ պատիժները չի կարելի համեմատել այն ամենի հետ, ինչ կատարվեց Աշոտ Բլեյանի, Մուշեղ Սաղաթելյանի կամ ինձ հետ։ Սակայն մանրուք չէ, որ պատժվում են մարդիկ՝ Սահմանադրությամբ երաշխավորված խաղաղ հանրահավաքների, երթերի եւ ցույցերի իրենց իրավունքը կենսագործելու համար։ Սա անհանդուրժելի է։ – Ի դեպ, Մուշեղ Սաղաթելյանի մասին։ Այսպիսի մեկնաբանություն հնչեց, թե նախկին քաղկալանավորների համար վարկաբեկիչ է, որ իրենց շարքին են դասում նաեւ Մուշեղ Սաղաթելյանին։ Համաձա՞յն եք։ – Ես կարող եմ ստորագրել յուրաքանչյուր բառի տակ, որ Մուշեղ Սաղաթելյանի մասին ասել է նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը։ Գտնում եմ, որ նա մանրամասն ներկայացրել է, թե Մուշեղ Սաղաթելյանն ինչպիսի՛ քաղբանտարկյալ է, եւ ինչպիսի քաղբանտարկյալներ են եղել Սովետական Միությունում։ – Գտնում եք, որ նրան բավարար չափո՞վ են պաշտպանում իր ընկերները, ասենք, երկրապահները։ – Իմ կարծիքով, բավարար չէ, քանի որ նրան հարկավոր է ազատել։ Քանի դեռ Մուշեղը չի ազատվել՝ նրա պաշտպանությունն անբավարար է։ – Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում երկրապահների դիրքորոշմանը, որոնք իրենց անզիջում կեցվածքից նահանջեցին պաշտոնների եւ նյութական բարեկեցությունը պահպանելու դիմաց։ – Նախ պետք է նշել, որ բոլոր երկրապահները չէ, որ ազատամարտիկ են, եւ բոլոր ազատամարտիկները երկրապահ չեն։ Գտնում եմ, որ ազատամարտիկները կոչված են պայքարելու ոսոխի դեմ, եւ ներքին վեճերի մեջ նրանց ներքաշելը վտանգավոր է եւ պետք էլ չէ։ Ինչքան հնարավոր է՝ հարկավոր է հանգիստ թողնել նրանց։ Եվ քաղաքականությանը նրանք թող մասնակցեն այնքանով, որքանով պատկանում են որեւէ կուսակցության։ Բայց խիստ դեմ եմ, որ մասնակցեն որպես ազատամարտիկների կառույց՝ որեւէ անունով։ Նրանք չպետք է մասնակցեն քաղաքական պայքարին իրենց սվիններով, քանի որ նրանք սվին գործածել գիտեն։ Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Ազատ Արշակյանի հետ զրույցում առավել հանգամանալից անդրադարձ եղավ ներկա ընդդիմության բացերին։ Այս մասին՝ մեկ այլ առիթով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել