Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՃԵՊԱԶՈՒՅՑՆԵՐ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԵՎ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ

Մայիս 17,2002 00:00

ՃԵՊԱԶՈՒՅՑՆԵՐ ԱՄԵՆ ԻՆՉԻ ԵՎ ՈՉՆՉԻ ՄԱՍԻՆ Անձրեւների պատճառով խորհրդարանը ալարկոտ է դառնում Խորհրդարանի նախագահը, պարզվում է՝ որոշ հարցերում անսահմանափակ իրավասություններ ունի։ Եթե նրա մտքով անցնի, որ Հայաստանի օրենսդիր մարմինը պետք է դառնա, ասենք՝ Սեռական փոքրամասնությունների ասոցիացիայի վեհաժողովի անդամ, կարող է դիմում ներկայացնել խորհրդարանի անունից եւ բոլորին դարձնել անդամ։ Այդպես եղավ նաեւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ դառնալու դիմումի պարագայում։ Խումբ-խմբակցություններին վաղօրոք ոչ ոք հարկ չի համարել տեղեկացնել խորհրդարանի նախագահի այս ցանկության մասին։ Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհ. Հովհաննիսյանը պնդում է, թե հարցը երկու տարուց ավելի շրջանառության մեջ է։ «Հայաստան» պատգամավորական խմբի ղեկավար Մյասնիկ Մալխասյանը հակառակն է փաստում. «ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ ես ասացի, որ նախ հարցը պետք է քննարկվեր խումբ-խմբակցությունների հետ։ Խորհրդարանական վեհաժողովի նախագահն ասաց, որ իրենք պատրաստ են ընդունել խորհրդարանի աշխատանքային խմբին։ Ես առաջարկեցի, որ այդ խումբը կազմված լինի ե՛ւ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր քաղաքական ուժերից եւ բոլորը ներգրավված լինեն, որպեսզի տեսակետները հստակ լինեն։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահն իր հերթին ասաց, որ իրենք ավելի կողմնակից են, որ խմբում ավելի շատ լինեն այն քաղաքական ուժերի ներկայացուցիչները, որոնք ընդդիմադիր են եւ չեն ուզում, որ ՀՀ ԱԺ-ն դառնա Խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ»։ Կոնկրետ այս իրավիճակում Հայաստանի՝ ասոցիացված անդամ դառնալը խիստ բարդ համարող Մյասնիկ Մալխասյանը հայտարարեց, որ այդ խնդիրը հանկարծակիի է բերել իրենց եւ այդ մասին իմացել են միայն Արմեն Խաչատրյանի հայտարարությունից։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես եւ վայել է, ասաց, թե ասոցիացված անդամ դառնալու խնդիրն այսօր չի առաջացել, եւ որ դա իբր մեր տարիների քաղաքական դիրքորոշման արդյունք է։ Երբեմն մնում է զարմանալ մեր քաղաքական գործիչների չափազանցված «հեռատեսությունից». ո՞ւմ համար է գաղտնիք, որ սեպտեմբերի 11-ից հետո վերափոխվող աշխարհի պարտադրանքով են կատարվում մեծ կամ փոքր պետությունների այս կամ այն որոշումները։ Ի՞նչ տարիների քաղաքական դիրքորոշման մասին է խոսքը։ Ում համար է գաղտնիք. որտեղ Ռուսաստանը, այնտեղ՝ նաեւ Հայաստանը։ Գալուստ Սահակյանը հատուկ շեշտեց, որ Հայաստանն այդպիսով ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ է դառնում, այլ՝ Խորհրդարանական վեհաժողովի. «Լավ կլինի, որ անդամագրվի նաեւ, որովհետեւ միջազգային կազմակերպությունների գործառույթների այս համընդհանուր դաշտում պիտի կարողանա Հայաստանը նույնպես ինտեգրվել աշխարհի բոլոր տեսակի երեւույթներին»։ Ենթադրվում է՝ միայն դրական եւ միայն Հանրապետական կուսակցության կողմից հաստատված, այլապես շատ դժվար կլինի այդ ամենը ինտեգրել ՀՀ մշտական նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության զորաշարժերին։ Հայ-թուրքական հարաբերությունների հարցին անդրադառնալով, բոլոր խումբ-խմբակցությունների ղեկավարները հայտնեցին, որ շփումներն անհրաժեշտ են, սակայն ի՞նչ կտան դրանք կողմերին, դա արդեն ուրիշ հարց է։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի կարծիքը միանշանակ է. «Շփումներն անհրաժեշտ են, բայց այն հիմնախնդիրները, որ կան, բնականաբար, մենք ունենք դրանց լուծման մեր պատկերացումը, Թուրքիան՝ իր, եւ առաջիկայում չի երեւում մերձեցման կամ ընդհանուր եզրեր գտնելու որեւէ հնարավորություն»։ Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում չշրջանցվեց նաեւ ընդդիմության չկայացած ստորագրահավաքի եւ նախագահի պաշտոնանկության թեման։ ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ նման թեմաներին լուրջ չի վերաբերվում։ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, ընդդիմադիր քաղաքական ուժերն իրենք իրենցից պետք է սկսեին ստորագրահավաքը. «Բայց ինչքան ես տեղյակ եմ, նման գործընթաց չի սկսվել, թե ինչի չի սկսվել, պետք է հարցնել նրանց, ովքեր ուզում էին սկսել։ Ես այդ ցանկում չեմ, որ ուզում են սկսել իմպիչմենթի գործընթաց»։ Գալուստ Սահակյանը չկայացած ստորագրահավաքի եւ այն մասին, որ ընդդիմության նախնական որոշումն էր՝ ստորագրահավաքին չմիացող պատգամավորներին ժողովրդի դատին հանձնելը, հետեւյալ կարծիքն արտահայտեց. «Այնպիսի թեթեւ խոսակցություն է, եւ թվում է՝ շատ ծանր մեկնաբանության կարիք ունի։ Մարդիկ, երբ հուսահատ ճիգեր են գործադրում, բնականաբար, բառապաշարի խնդիրը մի քիչ մոռացվում է եւ խելագար կամ խելամոլուցք արտահայտություններ են անում։ Կարծում եմ, որ ժամանակների մեջ քաղաքական դաշտը կչափավորվի։ Չակերտներով ճոխ արտահայտությունները չեմ ուզում հակադարձել իրենց, որովհետեւ թույլի հոգեբանությունը միշտ ողբերգական չէ, խղճալու է»։ Թերեւս, Գալուստ Սահակյանն իշխող կուսակցության դիրքերից է այսպես խոսում, եւ իր համար գաղտնիք չի կարող լինել, որ նույն իշխանություններն առավել խղճալի վիճակում են, քանզի ժողովրդավարական պայքարին հակադարձում են ամենեւին ոչ ժողովրդավարական եղանակներով՝ կալանավորում են հանրահավաքի եւ ցույցի մասնակիցներին, մեքենաներ են կալանավորում, փոխանակ՝ կրկին վերընթերցեն ՀՀ Սահմանադրությունը։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել