Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈ

Մայիս 16,2002 00:00

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՐԵԿՈ Վերջերս Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ համերգ՝ նվիրված դաշնակահարուհի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ասյա Ղազարյանի ստեղծագործական գործունեության 30-ամյակին։ Այդ երեկո դաշնակահարուհին հանդես եկավ ե՛ւ կամերային անսամբլի կազմում, ե՛ւ որպես նվագակցող։ Իրենց բարձրարվեստ կատարումներով ունկնդրին ներկայացան պրոֆեսորի ուսանողներն ու ասպիրանտները։ Իր աշխատանքային եւ արտիստական կարիերան դաշնակահարուհին սկսել է մեծանուն երգիչ Պավել Լիսիցյանի դասարանում, կոնցերտմայստերի իր աշխատանքով։ Այսօր տիկին Ղազարյանը հիշում է. «Այդ շրջանն ինձ համար իսկական դպրոց էր եւ կարող եմ բարձրաձայն ասել, որ վոկալի դասարանում կոնցերտմայստեր աշխատելը դյուրին չէ։ Դու պետք է նույնպես կարողանաս արագորեն զարգացնել ուսանողներից յուրաքանչյուրի արտիստական անհատականության յուրահատուկ գծերը, հատուկ ուշադրություն նվիրելով հնչյունաարտաբերման մաքրությանն ու գեղեցկությանը, երաժշտական ֆրազավորման արտահայտչությանը եւ կատարվող երկերի ճշգրիտ ու խոր յուրացմանը»։ Ի դեպ, համերգի ավարտին ընթերցվեցին պրոֆեսորի նախկին գործընկերների եւ ուսանողների շնորհավորական հեռագրերը արտերկրից։ Մեզ հետաքրքրեց Իվանովո քաղաքից Պետդումայի պատգամավոր Գրիգորի Ղազարյանի ուղերձը, որն իր արվեստագետ ընկերների հետ շնորհավորում էր հարազատ քրոջը։ Տիկին Ղազարյանը տեղեկացրեց. «Եղբայրս ավարտելով Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտը եւ ստանալով շինարար-ինժեների մասնագիտություն, 1978-ին ուղեգրով մեկնեց Ռուսաստան։ Նա 88-ին Ռուսաստանից եկած առաջին շինարարներից էր, որ մասնակցեց երկրաշարժից հետո Գյումրիի վերականգնման աշխատանքներին։ Ի դեպ, վերջերս Ռուսիայի գերագույն պատրիարք Ալեքսի 2-րդի հրամանագրով նա պարգեւատրվել է «Սերգիյ Ռադոնեժսկի» 3-րդ աստիճանի շքանշանով։ Սա ռուսական ուղղափառ եկեղեցու բարձր պարգեւն է, եւ եղբայրս առաջին հայն է, որը ստացել է այն։ Չմոռանամ ասել, որ նա երեւի հիանալի երաժիշտ կլիներ»։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել