Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ

Մայիս 16,2002 00:00

ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆ Դիմանկարի ուրվագիծ Ազգային օպերային թատրոնում Նորմայի դերերգով՝ Բելինիի համանուն օպերայում, հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, Միլանի «Լա Սկալա», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Վիեննայի «Շտատսօպերա» թատրոնների մեներգչուհի Հասմիկ Պապյանը։ Երեւանյան հանդիսատեսը վերջին անգամ Ազգային օպերային թատրոնում հիացել էր երգյուհու «Անուշով» 1996 թվականին։ Իսկ մինչ 90-ականները՝ Ռոսինիի «Սեւիլյան սափրիչում»՝ Ռոզինա, Միմի՝ Պուչինիի «Բոհեմում», Օլիմպիա՝ Չուխաջյանի «Արշակ Երկրորդում», Միքայելլա՝ «Կարմենում», Կարինե՝ «Լեբլեբիջիում», Նինա՝ «Ճանապարհորդություն Էրզրումում»… 1993 թվականին էր, երբ ստանալով Բոննի օպերային թատրոնից հրավեր, երգչուհին գնաց ու… Այս ժամանակահատվածում աշխարհի ավելի քան 30 հեղինակավոր բեմերում, 31 օպերային դերերգերով Հ. Պապյանը գտավ իր հանդիսականին։ Դատեք ինքներդ՝ Վիեննայի «Շտատսօպերա», «Գռաց», «Լա Սկալա», «Բոլոնիա», Հռոմի Սանտա Չիչիլիայի ակադեմիա, Լիոն՝ Օռանժի հանրահայտ «Կոռեժի» անտիկ թատրոն, Մարսելի օպերային թատրոն, Մոնպելիե, Կարկասսոն, Պետերբուրգ, Նյու Յորքի «Մետրոպոլիտեն», Վաշինգթոն, Թել Ավիվի օպերային թատրոն, Փարիզի «Բաստիլ» օպերային թատրոն… Աշխարհահռչակ դիրիժորներ Ռիկկարդո Մուտի, Լորին Մազել, Պլասիդո Դոմինգո, Մարչելլո Վիոտտի, Վալերի Գերգիեւ… Խաղընկերներ՝ Ռոբերտո Ալանյա, Գրեյս Բամբրի, Դոմինգո, Շերիլ Միլնես, Գյաուրով… Արդեն անցյալ դարից հետեւելով Հասմիկ Պապյան օպերային երգչուհուն, այսօր կարելի է ասել՝ օպերային արվեստում այս կամ այն կերպարը կերտելիս երգչուհին հավատարիմ է մնում հեղինակի մտահղացմանը՝ իր կատարողական բոլոր կարողությունները ծառայեցնելով կերպարի բովանդակությանը, նրա գաղափարի համոզիչ արտահայտմանը։ Եվ այստեղ արտիստուհին չի մոռանում գեղարվեստական ինքնաստուգման, ինքնահսկողության մասին։ Բեմում՝ դերակատարման ժամանակ, իր ամբողջ բեմական վարքագծի մեջ ոչ մի շեղում թույլ չի տալիս, որ անհարիր լինի կերպարի էությանը։ Օպերային կերպարը նախեւառաջ երաժշտական-հնչողական կերպար է. սրանից հետեւում է, որ երգեցողությունը օպերայի գլխավոր տարրն է։ Ահա թե ինչու Պապյանը ձգտում է երգն ու խաղը միաձուլել, դրա հետ մեկտեղ իր ամբողջ կատարումը լիովին ենթարկելով բեմական բնութագրման միասնական պրոցեսին։ Այսպիսին էր եւ այս անգամ երգչուհու Նորման։ Ներկայացման ավարտին պարզ դարձավ մի բան, այն է՝ հայ հանդիսատեսը երկար էր սպասել աշխարհի բեմերում արդեն «ծառայած» սիրելի երգչուհուն։ Իսկ գաղտնիքը, եթե կա այդպիսին, մեկն է՝ երգչուհին անկարող է ամբողջ հոգով չձգտել իր ստեղծագործական իդեալների մարմնավորմանը ու ամենակարեւորը՝ նա երբեք «կոնֆլիկտի» մեջ չի մտնում իր ձայնի հետ, վերջինս նրան հնազանդ է, միշտ լավ օգնական, միշտ ի վիճակի համապատասխան հնչյունային մարմնավորում տալու երգչուհու բոլոր մտահղացումներին։ Ունենալով լավ երանգավորված, միշտ ամուր ու հավասար հնչող ձայն, լայն դիապազոն, ազատ կարողանում է իրականացնել տարբեր օպերային դերերգեր եւ ոչ միայն, ասենք, Բախ՝ Կանտատներ, Վերդի, Մոցարտ, Ֆորե, Բրամս՝ ռեքվիեմներ, գերմանացի, ռուս եւ հայ կոմպոզիտորնեի երգեր եւ, իհարկե, Կոմիտաս։ Կարճատեւ զրույցից երգչուհու հետ պարզ դարձավ, որ ինքը շատ լավ է զգացել, որ տաղանդի մշտական առհավատչյան տքնաջան աշխատանքն է, որ առանց համառ կատարելագործման անհնարին է պատկերացնել արտիստի՝ որեւէ առաջաքայլ արվեստում։ Երգչուհին այսպես է ըմբռնում իր՝ արվեստագետի խնդիրը։ Նրա արտիստական անսպառ եռանդին մշտապես զուգակցում են արվեստի հմայիչ ուժը, իսկական բարձր ներշնչումը, նուրբ ճաշակը։ Այսպիսին է նա կյանքում, իր արտիստական առօրյայում։ Ներկայացումից հետո դեռ երկար հնչում է երգչուհու ձայնը, ձայն, որ ասես հայաշունչ փոթորկումներով ալիքվել է մայր հայրենիքում ու կոհակվելով՝ աշխարհի հեռավոր այլ ափեր հասել ու հիմա էլ պիտի հասնի։ Մենք, հայ հանդիսատեսը հրաժեշտ տվեցինք երգչուհուն մոտ ապագայում (թե օպերային եւ թե կամերային բեմերում) հանդիպելու ակնկալիքով։ Համոզված ենք՝ թեպետ մեզանից, հայրենիքից հեռու, երգչուհուն՝ Հասմիկ Պապյանին սպասում է էլ ավելի երջանիկ մի շրջան, հագեցած մեծ կյանքի ու աշխատանքի ստեղծագործական պտուղներով։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Հ. Գ. Երգչուհին ամուսնու՝ դրամատուրգ Քոնրադ Կուհնի եւ դստեր՝ Սիրանույշի հետ բնակվում է Վիեննայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031