Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրպանի փաստաբանությունից» կազատվե՞նք

Մայիս 16,2002 00:00

«Գրպանի փաստաբանությունից» կազատվե՞նք Եվրոպայում փաստաբանությունը, ի տարբերություն Հայաստանի, շատ եկամտաբեր աշխատանք է «Մեծ Բրիտանիայում, օրինակ, փաստաբանական ինստիտուտը ամբողջովին կայացած է, փաստաբանին շատ լուրջ են ընդունում, շատ ավելի լուրջ, քան դատավորին, դատախազին։ Փաստաբանը հասարակության հարգված անդամ է։ Այն չէ, ինչ Հայաստանում է եւ մենք այստեղ այս առումով շատ բան պետք է փոխենք, վերացնենք Հայաստանում «գրպանի փաստաբանությունը», որ այսօր շատ տարածված է եւ, ցավոք, մեր փաստաբանական միությունները այդ առումով շատ քիչ աշխատանք են տանում»,- ի պատասխան «Առավոտի»՝ ո՞ր երկրում է հատկապես փաստաբանական դպրոցը լիովին կայացած եւ Հայաստանը որքա՞ն է հետ մնում այս առումով հարցին, ասաց փաստաբան, Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը։ Վերջինիս խնդրեցինք նման համեմատություն անել, քանի որ նրա ղեկավարած ասոցիացիայի չորսհոգանոց պատվիրակությունը նոր է վերադարձել մայիսի 3-5-ը Իտալիայի Բոլոնիա քաղաքում կայացած՝ եվրոպական ամենահայտնի կառույցներից մեկի՝ Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիայի հերթական ընդհանուր ժողովից եւ եվրոպական երկրների իր գործընկերների հետ մասնագիտական խնդիրները քննարկելու եւ փորձի փոխանակման հնարավորություն է ունեցել։ Կարեն Զադոյանի կարծիքով, նման հանդիպումները ոչ միայն Հայաստանի փաստաբանական դպրոցը դրսում ներկայացնելու հնարավորություն են տալիս, այլեւ այդ համագործակցությունը մեր փաստաբանների մասնագիտական որակի բարձրացմանն է նպաստում։ Այս առումով պարոն Զադոյանը խիստ կարեւորում է սեպտեմբերի 12-16-ը Երեւանում» Մարդու իրավունքների եւ իրավական պետության» թեմայով կայանալիք միջազգային սեմինարը եւ Եվրոպայի երիտասարդ իրավաբանների միջազգային հավաքը, որին աջակցելու մասին որոշումը կայացվել է Բոլոնիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ եւ մասնակցելու իրենց նախնական համաձայնությունն են արդեն հայտնել Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Դանիայի, Իսպանիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ալբանիայի, Սլովենիայի եւ մի քանի այլ եվրոպական երկրների պատվիրակություններ։ Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիայի եւ Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիայի նախաձեռնած այս միջոցառման կայացմանը աջակցելու պատրաստակամություն են հայտնել նաեւ Հայաստանի պետական մարմինները՝ ԱԺ-ն, ՍԴ-ն, նաեւ՝ ԵԽ-ն ու ԵԱՀԿ-ն։ Միջազգային հայտնի փորձագետներից բացի, հավաքին կմասնակցեն հայ փաստաբանները՝ տարբեր երկրների իրավական խնդիրների ու վերջին նորույթների շուրջ զեկուցումներ լսելու, արտասահմանցի գործընկերների հետ շփվելու, իրենց գիտելիքները հարստացնելու հնարավորություն ստանալով։ Երիտասարդ իրավաբանների հայկական ասոցիացիան Երիտասարդ փաստաբանների եվրոպական ասոցիացիայի անդամ է 1998-ից։ Այս ասոցիացիային նախկին ԽՍՀՄ երկրներից անդամակցում են միայն ՌԴ-ի, Ուկրաինայի եւ մերձբալթյան երկրների երիտասարդ իրավաբանների կազմակերպությունները։ Ի դեպ, Եվրոպայում երիտասարդ փաստաբան է համարվում 5-7 տարվա աշխատանքային փորձ ունեցողը, իսկ Հայաստանում նման «ստաժ» ունեցողը փորձառու փաստաբան է համարվում։ Աշխատանքի դիմաց վարձատրելու առումով եւս համեմատության եզրեր գրեթե չկան. Եվրոպայի հայտնի փաստաբանական մասնավոր ֆիրմաներում աշխատող իրավաբանները տարեկան ստանում են 80-120 հազար ֆունտ ստեռլինգ։ Հասարակական կամ պետական սեկտորում աշխատավարձերն ավելի քիչ են՝ տարեկան 25-30 հազար ֆունտ ստեռլինգ։ Սա, իհարկե, շատ ավելին է, քան մեր փաստաբանները կարող են ստանալ Հայաստանում։ Գուցե դա է պատճառը, որ, ի տարբերություն Հայաստանի, եվրոպական երկրներում փաստաբանը երբեք չի դավաճանի իր հաճախորդին, ազնիվ է նրա հետ, քանի որ փաստաբանությամբ լուրջ գումարներ կարող է աշխատել եւ չի ցանկանա վտանգել իր կարիերան։ Ըստ Կարեն Զադոյանի, եթե մեր իրավաբաններն էլ աշխատեին այն մթնոլորտում, ինչ եվրոպացիները, շատ լավ իրավաբաններ կարող էին լինել. «Չէին ցանկանա կաշառք վերցնել, ազնիվ կաշխատեին։ Աշխարհընկալման, իրավաբանության բնագավառում սկզբունքների մեծ տարբերություն կա։ Մեզ մոտ այդ սկզբունքները միայն ասվում են, հաճախ չեն պաշտպանվում»։ Ստեղծված համագործակցության շնորհիվ մեր փաստաբանները նաեւ դրսում աշխատելու եւ փորձ ձեռք բերելու հնարավորություն կստանան։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031