Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆԱՄԵԾԱՐ ԴԱՏԱՎՈՐԸ

Մայիս 16,2002 00:00

ԿՆԱՄԵԾԱՐ ԴԱՏԱՎՈՐԸ Եթե բնակարանդ համասեփականատեր ունի, եւ նրան այդ իրավունքից զրկելու ցանկություն ունես, ապա Հայաստանում մի շատ պարզունակ մեխանիզմ է գործում՝ բռնությունը: Ծեծում ես այդ մարդուն այնքան, մինչեւ գլուխն առնի172 փախչի: Այնուհետեւ տարիներ շարունակ նույն բռնի ուժով ներս չես թողնում: Մնացածն արդեն դատարանի գործն է, որը խնդիրը ներկայացնելով այնպես, ինչպես դու ես պատմում, եւ Քաղաքացիական օրենսգրքում համապատասխան հոդված գտնելով (օրինակ՝ 197-ը)՝ գործը գլուխ կբերի: Եթե վերաքննիչ դատարանում էլ դատավորներ գտնվեն, որոնք վերանայեն վճիռը, անհոգ եղիր, վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ տնտեսական պալատի նախագահ Արման Մկրտումյանը այն կբեկանի բարձր մակարդակով: Եվ սա, ցավոք, խոսքս պատկերավոր դարձնելու համար արված չափազանցություն չէ, այլ չոր իրականություն: Երեւանցի Խաչիկ Ղազարյանի փորձն ավելին է սովորեցնում՝ նաեւ ինչպես երեխաներ ունենալ… առանց մոր: Ի դեպ, սա դատական մարմիններում բավական հայտնի անուն է, քանզի սկսած 1995թ., «Խաչիկ Ղազարյանն ընդդեմ Մարիամ Պետրոսյանի» (կամ հակառակը) գործը շրջում է Երեւանի բազմաթիվ դատարաններում: Խ.Ղազարյանն ու Մ.Պետրոսյանն ամուսնացել են, ունեցել չորս երեխա: Այդ ընթացքում Մ.Պետրոսյանը շարունակ բռնությունների է ենթարկվել եւ ի վերջո չդիմանալով՝ փախել է՝ հույսը դնելով դատաիրավական մարմինների վրա, թե կպաշտպանեն իր իրավունքները: Դատարանը երեխաների խնամքը եւ բնակարանի մի սենյակը հատկացրել է Մ.Պետրոսյանին: Վերջինս այդպես էլ չի կարողացել իրականացնել այդ վճիռը, քանի որ ամեն անգամ բռունցքի ուժով դուրս է շպրտվել: Ծայր առած դատավարությունները տարիներ են ձգվել, եւ այդ ընթացքում մայրը, ինչպես նշվեց, իր երեխաներին հասնելու, անգամ շփվելու կամ տեսնելու հնարավորություն չի ունեցել, թեպետ չի դադարել դիմել իրավապահ մարմինների օգնությանը, իսկ Խ.Ղազարյանը հասցրել է երեխաներին այնպես խեղաթյուրել, որ նրանք մորը տեսնելով՝ սարսափահար փախչում են, կարծում են, թե իրենց մայրն իրոք լքել է իրենց, առհասարակ չի ցանկացել իրենց: Մի խոսքով, ներկայիս դրությամբ, որքան էլ որ դատական վերջին վճիռով չորս երեխաներից երկուսի խնամքը հատկացված է մորը, Մարիամ Պետրոսյանը Խաչիկ Ղազարյանի կամքով կորցրել է իր երեխաներին կամ երեխաներն են կորցրել մորը: Մարիամ Պետրոսյանին մի բան է մնացել՝ երեխաներին հեռվից՝ դպրոցի անկյունից տեսնելու հնարավորությունը եւ հույսը, որ մի օր, այնուամենայնիվ, կմիանա իր երեխաներին: Սա է, որ ապրեցնում է նրան: Խ.Ղազարյանի վերջին հայցով փորձ է արվում կտրել նաեւ այդ հույսը: Հայցվորը պահանջում է, որպեսզի իր բնակարանի Մ.Պետրոսյանի բաժնեմասը հարկադիր կերպով առանձնացվի, եւ քանի որ այդ բաժնեմասը չնչին է՝ ըստ իրեն 1/9 (իրականում՝ 3/9) հարաբերությամբ, բնեղենով առանձնացնելն անհնար է, վերածվի դրամական փոխհատուցման: Երեւանի Շենգավիթի համայնքի դատարանը (դատավոր՝ Ի. Բարսեղյան) առանց Մ.Պետրոսյանին լսելու բավարարել է հայցը: Վերաքննիչ դատարանը (դատավորներ՝ Ս.Անտոնյան, Կ.Հակոբյան, Ա.Հունանյան)՝ լսելով երկու կողմերին՝ մերժել է հայցը, իսկ վճռաբեկ դատարանը՝ Արման Մկրտումյանի նախագահությամբ, ապրիլի 5-ի նիստում բեկանել է վերաքննիչ դատարանի վճիռը՝ գործն ուղարկելով նոր քննության: Նշենք, որ այդ նիստը ուսումնական, այսինքն՝ ապագա դատավորներին սովորեցնելու նպատակով տեսագրվում էր, եւ թերեւս այդ էր պատճառը, որ նախագահող դատավորն աչքի էր ընկնում առանձնահատուկ արտիստիզմով եւ մանկավարժական ձիրքով: Նախագահողը նաեւ անդադար կրկնում էր, որ մեր դատարանը ոչ միայն կանանց եւ տղամարդկանց հավասարության ջատագով է, այլեւ առաջնությունը տալիս է կանանց: Ուստի դատավարությունների շարքում առաջին հերթը հատկացնում է կին դատավորի եւ կին հայցվորների գործերին: Խ.Ղազարյանի վճռաբեկ բողոքը բավարարելով՝ Ա.Մկրտումյանը ցույց տվեց, որ իրավունքները ոտնահարելու հարցում էլ սիրով առաջնությունը կանանց է տալիս: Իր վճիռը հիմնավորելու համար նա շեշտեց, որ պատասխանողը տասը տարի խնդրո առարկա բնակարանում չի ապրում, իսկ թե ինչու չի ապրում, չցանկացավ պարզաբանել՝ ասելով, թե դա հայցին չի վերաբերում: Վճիռում էլ կարեւոր է համարել նշել, որ պատասխանողը «լքել է ամուսնուն եւ երեխաներին»: Այսպիսով, վճռաբեկ դատարանի նիստից սովորելու բան ունեն ոչ միայն իրավաբան ուսանողները, այլեւ մենք՝ ոչ իրավաբաններս, եւ կարող ենք հանգիստ խղճով արձանագրել, որ մեր հայրենակիցները՝ հազարավոր փախստականները, որոնք, ինչպես Մարիամ Պետրոսյանը, մի շապիկով փախել են տնից իրենց կյանքը փրկելու համար, պարզապես լքել են հարեւան հանրապետությունը: Անցած յոթ տարիների ընթացքում, մինչ Մարիամ Պետրոսյանը դատարանների դռներին ծվարած փորձում է իր մայրական իրավունքը պաշտպանել, Հայաստանը մարդու իրավունքներին եւ կանանց վերաբերող կոնվենցիաներ է վավերացնում, բազմաթիվ կանանց կազմակերպություններ գենդերային եւ կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանը վերաբերող ծրագրեր են իրականացնում, դատական համակարգը բարեփոխումների է ենթարկվում, Սահմանադրություն է փոփոխվում, բայց ինչ արժեն այս ամենը, եթե «արդարադատության» բանաձեւը նույնն է մնում՝ «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», եթե հասարակ քաղաքացին անպաշտպան է ավելի, քան երբեւէ: ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հ.Գ. Գործի նոր քննությունը վերաքննիչ դատարանում կայանալու է մայիսի 17-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031