Լրահոս
Օրվա լրահոսը

Շուկայի ոստիկանն արգելում է

Մայիս 16,2002 00:00

Շուկայի ոստիկանն արգելում է ՀՆԱ-ի համեմատ, շուկայի կապիտալիզացիայի 2,5%-ը Արժեթղթերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Մուրադյանը շատ ցածր ցուցանիշ է համարում, չնայած անցած տարվա համեմատ այն աճել է շուրջ 8%-ով։ Այս թիվը, ըստ Էդ. Մուրադյանի, նշանակում է, որ «մեզ մոտ ընկերությունները կապիտալի շուկայից փոխառություններ չեն կատարում։ Եվ շուկան շարունակում է մնալ հետմասնավորեցման շրջանի շուկա, ուր շրջանառվում են այն արժեթղթերը, որոնք պետությունը փոխանցել է հատկապես մասնակի անհատույց մասնավորեցման արդյունքում»։ Սրա պատճառներից մեկը, ըստ վերլուծությունների, «բաժնետերերի համար իրենց ընկերության մասին ինֆորմացիայի անմատչելիությունն է։ Ինչպես նաեւ՝ ԲԲԸ-ներին չի հաջողվում փոխառություններ կատարել եւ, իհարկե, տնտեսական վիճակը»։ Այսինքն մեզ պակասում են շատ արագ աճող եւ օպտիմալ ծավալի բիզնես ունեցող ընկերությունները։ Շուկայի ակտիվացման համար, Էդ. Մուրադյանի գնահատմամբ, կարեւոր է սփյուռքահայերի շահագրգռությունը, ինչին այսօր խանգարում են եղած պայմանները. բորսայում առեւտուր անելու համար անհրաժեշտ են ոչ միայն նրա ֆինանսները, այլ նաեւ ֆիզիկական ներկայությունն ու ժամանակը։ Տարբեր բաց բաժնետիրական ընկերություններում տիրող աբսուրդ վիճակի բազմաթիվ եւ ունիկալ օրինակներ կան՝ երկու կնիքով ու երկու տնօրենով, առանց տնօրենի (կամ էլ ընկերության աշխատողներն ու սեփականատերերը տեղյակ չեն, թե ով է տնօրենը), արհամարհված բաժնետերերով եւ այլն։ Այսպիսի դեպքերում, իհարկե, ամենաշատը տուժում են ներդրողները (սեփականատերերը)։ Հատկապես մանր ներդրողները։ Էդուարդ Մուրադյանի խոսքերով, «ելնում ենք այն սկզբունքից, որ ավելի լավ է փոքրամասնություն կազմող բաժնետերեր չմնան (պայմանով, որ նրանց բաժնեմասերն արդար գնով են գնվում), քան լինեն փոքր բաժնետերեր, որոնց իրավունքները ոտնահարված են»։ Որովհետեւ, ըստ հանձնաժողովի նախագահի, իրավունքների խախտումը համակարգային պրոբլեմ է ստեղծում։ Եվ հանձնաժողովը նախընտրում է, որ ավելի լավ է իրավունքն ընդհանրապես չլինի, քան խախտված լինի։ Բացի այդ, բաժնետիրոջ իրավունքը սեփականության իրավունքի կարեւորագույն մասերից է եւ հանձնաժողովը, «որպես արժեթղթերի շուկայի ոստիկան, խնդիր ունի թույլ չտալու, որ մեր երկրում ոտնահարվի այդ իրավունքը»։ Ահա այս «թույլ չտալն» էլ պետք է լինի Արժեթղթերի հանձնաժողովի 2 անելիքներից մեկը։ Իսկ մյուսը՝ փորձ է արվելու ներդնել ԲԲԸ-ների մասին սկզբնական բացահայտման համակարգը եւ ձեւավորել արժեթղթերի շուկայի ենթակառուցվածքները։ Իսկ անցած՝ հաշվետու տարում հանձնաժողովը պարապ չի եղել. վերոհիշյալ աճն արձանագրելուց բացի, 160 ԲԲԸ է գրանցել (110-ը՝ ֆոնդային բորսայում), շուրջ 500 սուբյեկտի համար սեմինար է անցկացրել, նրանց ծանուցում, գրություն ուղարկել։ Բացի այդ, անցած տարի գրանցվել է Հայաստանի ֆոնդային բորսան, որը, ինչպես ներկայացվում է, «կատարյալ էլեկտրոնային համակարգի շնորհիվ զերծ է շահերի խաղադաշտ դառնալու հնարավորությունից եւ անձանց անպատշաճ ազդեցությունից»։ Իր բազմաթիվ արժանիքների հետ միասին, նաեւ այս էլեկտրոնային համակարգի շնորհիվ, ի դեպ, սնանկացած սեփականատերը ինֆարկտ կստանա 15 րոպե ուշացմամբ (կատարված գործարքների մասին տեղեկությունները հաղորդվում են գործարքի կայացումից 15 րոպե անց)։ Բայց այսպիսի ծագման ինֆարկտներ Հայաստանի ներդրողներին առաջիկա 100-ամյակում չի սպառնում, որովհետեւ շուկան ակտիվ չէ, խոշոր գործարքներ չեն կատարվում։ Իմիջիայլոց, իզուր ենք հաշվում, թե արդեն 1-1,5 տարի է, ինչ հանձնաժողովը գործում է, իսկ գործարքների ծավալը չի հասնում միլիոնների։ Ըստ Էդ. Մուրադյանի, հանձնաժողովի բուն նպատակը խաղի կանոնների պահպանումն է։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031