Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲՈՄԺԱՆՈՑ

Մայիս 16,2002 00:00

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԲՈՄԺԱՆՈՑ Անվերջ խոսում են, որ մեր դժբախտությունը միջին խավ չունենալն է, որ ողջ միջոցները կենտրոնացված են բնակչության 5-10%-ի ձեռքում, իսկ ծայրահեղ աղքատ բնակչությունը 70-80% է կազմում։ Ու այս պայմաններում ջանում ենք արհեստածին համատիրություններ ստեղծել (խոսում ենք ժողովրդավարությունից եւ համատիրությունների մասին օրենք ընդունում, մոռանալով այնտեղ գրել, որ համատիրությանն անդամակցելը կամավոր է)։ Նախ՝ այս մոդելը մեզ համար չէ, այն թերեւս աշխատեր, եթե ձեւավորված լինեին հարուստների ու աղքատների թաղամասեր, այսինքն կեցության նույն մակարդակն ունեցողներն ապրեին նույն շենքում։ Հիմա կասեք՝ այդ էլ անում ենք։ Ո՛չ, այդպես չեն անում։ Դրան կհասնեինք աստիճանաբար, բնականոն եւ ոչ հարկադիր։ Ու մինչ բնականոն կձեւավորվեն այդ թաղամասերը, մեր ժողովուրդը միջանկյալ օղակներում թալանվում է։ Փաստենք մեխանիզմը։ Ժողովրդին խորհրդային ժառանգություն մնացած սեփականաշնորհված բնակարաններն աստիճանաբար խլում են նրանից։ Հավանաբար բնակվարձը շատ քաղցր բան էր եւ բնակարանները սեփականաշնորհելուց հետո նոր կարգերը չդիմացան դրա գայթակղությանն ու վերանվանեցին սպասարկման վարձ, մեկնաբանելով այն իբրեւ շենքի չսեփականաշնորհած տարածքների՝ տանիքի, աստիճանավանդակների, նկուղի պահպանման վարձ։ Նախ՝ շենքն առաջին հերթին պահպանվում է ջեռուցմամբ, հանգամանք, որ շատ թաղամասերում բացակայում է եւ մեր բնակիչներից շատերը ստիպված են սեփական ջերմությամբ տաքացնել բնակարանը։ Կաթացող տանիքի վերանորոգումը միշտ էլ իրականացրել եւ իրականացնում են վերին հարկի բնակիչները (քաջ գիտենալով, որ ով էլ նորոգի՝ ԻնԽ-ը, թե նոր կազմակերպված համատիրությունը, ինքը ստիպված նորից պետք է վերանորոգի։ Ներքնահարկը (եթե կա) վաղուց է բաժանված բնակիչների միջեւ եւ նրանք էլ կամա թե ակամա տանում են խնամքը։ Ասվածը կարելի է ստուգել ցանկացած պահի մտնելով ցանկացած շենք։ Եվ այս պայմաններում գործում է անհասկանալի, իսկ ոմանց համար շահեկան, հասկանալի ու որոշակի մի օղակ՝ գոյություն ունեցող ու չունեցող ԲՇՏ կամ համատիրություն, որը զբաղված է ժողովրդի թալանով՝ չկանոնակարգված, ինքնատիպ միջոցներով։ Ինչո՞ւ այսօր հաշվի չեն նստում իրականության հետ. մեր ժողովուրդն ի զորու չէ անգամ վճարել սպասարկման վարձ կոչվածը։ Եթե մարդն ապրելու հանապազօրյա հացի խնդիր ունի լուծելու, եթե մեր երեխաների 50-60%-ը թերսնված է, ինչպե՞ս են նման ընտանիքներից ակնկալում սպասարկման վարձ։ Էլ չենք ասում, թե ի՞նչ քաշքշուկի մեջ են ընկնում նրանք նպաստի համար տեղեկանքներ կնքելիս կամ որեւէ տեղեկանք վերցնելիս։ Գաղտնիք չէ, որ տարիների ընթացքում խորհրդային ունեցվածքն «ուտելուց» հետո մեր ժողովուրդը հասել է պատերին եւ ճարահատ վաճառում է բնակարանը՝ ծայրամասում կամ նույն վայրում 1-2 սենյակով պակաս բնակարան ձեռք բերելու, հավելավճարը հնարավորինս երկար ուտելու նպատակով։ Սա շարունակական, դանդաղ, բնականոն, տրամաբանական գործընթաց է, որի դեպքում 3-ը դառնում է 2, 2-ը՝ 1, իսկ 1 սենյակը վաճառելուց հետո մարդը դառնում է վարձակալ՝ եթե վճարվող աշխատանք ունի, եթե ոչ՝ ճանապարհը դեպի բոմժանոց՝ անխուսափելի է։ Այս ամենը քաջ գիտե յուրաքանչյուր բնակարան վաճառող։ Այդուհանդերձ, վաճառում է ու ընկնում …, երբ պարզում է, որ համատիրություն կոչվածը իր գոյություն չունեցող տարիների համար էլ կարող է հարկել, իբրեւ ԲՇՏ-ի իրավահաջորդ։ Հարց. այդ ինչո՞ւ պետությունը չի ներկայանում իրավահաջորդ եւ ժողովրդի տասնամյակների փոշիացրած վաստակը դյույզն-ինչ չի վերադարձնում, իսկ ահա միջանկյալ օղակում միկրոբադիններն ու կոզբադիններն ընկած են անպաշտպան, անտերության մատնված ժողովրդի վերջին հնարավորությունների վրա։ Նախ պարզենք՝ ո՞վ ո՞ւմ է պարտք։ Խորհրդային վերջին տարիներին ազգաբնակչությունը թալանվեց. երբ սառեցվեցին խնայդրամարկղերի նրա միջոցները (այնտեղ միջոց էին դնում միայն աշխատավորները, նրանք՝ ովքեր մի քանի տեղ էին աշխատում եւ սեւ օրվա կամ ուրախության համար դրամ հավաքում, մինչդեռ կուսակցական առաջնորդներն ու «պուզատիները» ուրիշների՝ զոքանչի, կնոջ, աներոջ կամ հեռու, մոտիկ ազգականի անունով «ասաբնյակներ» էին կառուցում եւ մի քանի մեքենաներ գնում՝ այս կերպ առարկայացնելով միջոցները)։ 1994 թվի խոստացած փոխհատուցումը սին էր, երազ։ Հերթական կողոպուտը դրամափոխությունն էր, վերջնականը՝ սեփականաշնորհումը։ Ինչեւէ… առավել անապահովները՝ թոշակառուներն ու միջին տարիքի (հատկապես մտավորականությունը, որ արդեն խավ անվանել չի կարելի) երեկվա կողոպտվածներն այսօր աշխատատեղ երազում էլ չեն տեսնի ու պետք է կառչեն խորհրդային պատերից, ձգտելով հնարավորինս երկարացնել չարքաշ վիճակը։ Բնական է, կըմբոստանա, քանզի պահանջատեր է. ինչո՞ւ 4000 դոլարով վաճառած իր բնակարանի 500-ը (դա այսօր, վաղը ավելին է կազմելու) պետք է թողնի գոյություն ունեցող ու չունեցող ԲՇՏ-ին կամ չձեւավորված համատիրությանը, որին անդամակցելու հայտ էլ չի տվել։ Ի՞նչ սպասարկման մասին կարող է խոսք լինել, երբ 10 տարի ու ավելի թաղամասի շենքերը չեն ջեռուցվել եւ տանիքների վերանորոգման բազմաթիվ աշխատանքներին ոչ մեկը հիշյալ օղակից չի մասնակցել։ Ստացվում է, բնակիչը եւ իր միջոցներով վերանորոգում է, եւ ուրիշին պարտք մնում. սա ի՞նչ թվաբանություն է, որտե՞ղ է տրամաբանությունը։ Հիրավի՝ ո՞վ է ում պարտք, մե՞նք՝ ձեզ, թե՞ հակառակը։ Պարզից էլ պարզ է. գլխապատառ Եվրախորհրդի գիրկն ենք ընկնում, ջանում ենք ամեն ինչ անել, որպեսզի բնակատերեր քիչ լինեն (ինչպես Արեւմուտքում է), մոռանալով, որ այնտեղ աշխատատեղեր ու վճարվող աշխատանք կա, որով հնարավոր է ե՛ւ ապրել, ե՛ւ բնակարան վարձել, իսկ մեզանո՞ւմ։ Չկա թե՛ մեկը եւ թե՛ մյուսը, եղածն էլ՝ վերջին հնարավորությունը, բնակարանն էլ խլելով մարդուն ուղարկում ենք ուղիղ բոմժանոց։ Ոչինչ չի արվում բոմժանոցի ճանապարհը կասեցնելու կամ գոնե դանդաղեցնելու համար, ավելին՝ արհեստականորեն արագացվում է գործընթացը ու դրանում որպես հաջող կատալիզատոր է ներկայանում համատիրությունների մասին օրենքը։ Համատիրություններին, ուշաթափ ԲՇՏ-ներին զսպող մեխանիզմներ են հարկավոր, այլապես ոչ վաղ ապագայում կպարզվի, որ սեփական բնակարանի գինը չի բավարարում տարիների սպասարկման վարձին, ինչպես այսօր նախկինից մնացած մեքենաների գինը չի փակում տեխնիկական զննության 2 տարվա գումարը։ Եվ ի՞նչ է մնում խեղճ քաղաքացուն անել, եթե ոչ վաճառել բնակարանն ու փախչել, քանի դեռ բնակարանը պարտքի չի վերածվել, չէ՞ որ վաղն իր տեղը բոմժանոցում է տեսնում։ Քաղաքացին մեղավոր չէ, որ աշխատանք չի գտնում. դրա համար չպետք է զրկվի սեփական բնակարանից։ Մինչդեռ կարգավորող մեխանիզմ կա. կարելի է մոգոնած վարձերն իջեցնել սիմվոլիկ գումարի, որպեսզի մարդիկ վախեցած չփախչեն։ Այդ պարագայում պատերն «ուտելու» ժամանակն էլ կերկարի եւ գուցե, իրո՛ք, վաղն աշխատատեղեր բացվեն։ ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ Վերջին հարկի բնակիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031