Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ավիացիան տրվեց 20 րոպեից հետո

Մայիս 16,2002 00:00

Ավիացիան տրվեց 20 րոպեից հետո «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքն ընդունվեց 72 «կողմ»-ով եւ առանց «դեմ» ու «ձեռնպահ»-ի։ Ավիացիայի վաճառքին դեմ պատգամավորների ջանքերն ապարդյուն էին, ԱԺ մեծամասնությունը հլու-հնազանդ կատարեց «պատրոնի» պատվերը։ Մինչ այդ Աղասի Արշակյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն ընդմիջումից հետո մեծամասնությունն ավելի կրքոտ կպավ գործի։ Աղասի Արշակյանը օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարել էր, որ «Զվարթնոցը» Էրնեկյանին նվիրաբերելուց առաջ իշխանությունները պետք է ՀՀ Քրօրենսգրքից շտապեն հանել 116 հոդվածը»։ Հոդվածը կոչվում է «Արվամոլություն»։ Իսկ ո՞ւմ է վերաբերում, ըստ Աղասի Արշակյանի, այս հոդվածը. նրա՞նց, ովքեր սեփականաշնորհում են ավիացիան, թե՞ նրանց, ովքեր այդ գործը գլուխ են բերում. «Հասկացեք այնպես, ինչպես ուզում եք»,- եզրափակեց Աղասի Արշակյանը։ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ ներդրումները պետք է խրախուսել, իսկ ավիացիան ներդրումների կարիք ունի. «Մարդը միլիոնավոր դոլարների ներդրում է կատարում, բա օրենսդրորեն երաշխիքներ չունենա՞։ Մերի նման երկրում, որտեղ հարկային օրենսդրությունում մի տարվա մեջ տեղի է ունենում 20-30 փոփոխություն, ցանկացած մարդ կուզենա երաշխավորված լինել։ Մենք նորմալ ենք համարում, որ օտարերկրյա, նաեւ տեղական ներդրողների համար պետք է ապահովել հավասար պայմաններ։ Օրենսդրությունը, երկիրը, պետությունը պարտավոր է երաշխիք տալ ներդրողին»։ Արշակ Սադոյանը համաձայն չէ, որ միլիոնավոր ներդրումներ են կատարվելու ավիացիայում. «Ու եթե Ա. Բաղդասարյանի կամ «ՕԵ»-ի ականջին որեւէ մեկը գաղտնի շշուկով ինչ-որ խոշոր ներդրումների մասին է ասել, թող բարի լինի, տեղեկացնի ԱԺ-ին, մենք էլ իմանանք»։ ՍԻՄ-ի համանախագահ Հայկ Բաբուխանյանը եւս այլ կարծիքի է ավիացիայի մասնավորեցման մասին։ Նա ասաց, որ եթե ավիացիայում խոշոր թվերի խախտումներ կան, դա չի նշանակում, որ պետք է այն հանձնել ուրիշին. «Այո, համաձայն եմ, կատարվել են խոշոր հափշտակություններ օդակայանում եւ ավիացիայում, սակայն դրանք կատարվել են կառավարության թույլտվությամբ եւ հովանավորությամբ եւ կոնկրետ թվեր են հայտնի։ 3 միլիոն դոլարի տուգանքները ներվել են, եւ դա կլանային համակարգի ազդեցության տակ»։ Հայկ Բաբուխանյանը եւս ընդունում է, որ ներդրումները հարկավոր են եւ, որ պետք է ավիացիայում կարգուկանոն հաստատել. «Բայց ի՞նչ կապ ունի պայմանագրի կետերից մեկը, ըստ որի՝ մեր քաղաքացիական ավիացիայի իշխանություններին չեն տրվում անվտանգության վերահսկման լծակներ, ի՞նչ կապ ունի այն, որ կարող է կասեցվել ցանկացած թռիչք եւ կանգնեցվել ցանկացած օդանավ, կամ՝ ի՞նչ պատճառով Գյումրիի օդակայանը զրկվում է միջազգային թռիչքներից, ի՞նչ կապ ունի «Զվարթնոցի» հետ Գյումրին, ի՞նչ կապ ունի 250 կմ սահմանագծով միջազգային թռիչքների արգելումը, ի՞նչ կապ ունի այս ամենի հետ նաեւ այն, որ մաստեր-պլանը վեց ամիս հետո է ներկայացվում, ոստիկանություն, փրկարարական ջոկատներ, հրշեջ ծառայություն, բոլորը մնում են մեր պետական բյուջեի վրա»։ Աղասի Արշակյանի քաղաքական գնահատականով էլ ավարտենք. «Երբեւէ Հայաստանը կունենա ազգային շահը գիտակցող իշխանություն, որը պատասխանատվության կկանչի նաեւ մեզ՝ մեր այսօրվա քվեարկության համար, մեր միակ պորտալարը՝ հայրենիքը, արտաքին աշխարհին կապող պորտալարը օտարելու համար»։ Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել