Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունը ժողովրդին ապստամբության կո՞չ է անում

Մայիս 16,2002 00:00

Իշխանությունը ժողովրդին ապստամբության կո՞չ է անում Հայաստանում իշխող վարչախմբի եւ նրա կրնկի տակ գտնվող՝ օրենքի պաշտպանությանը կոչված համապատասխան մարմինների համար հատուկ ենք մեջբերում Հիմնական օրենքի՝ ՀՀ Սահմանադրության հոդված 26-ը: Խնդրում ենք ուշադիր կարդալ եւ յուրացնել. «Քաղաքացիներն ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու իրավունք»: Նույն Սահմանադրության մեջ կա նաեւ բացատրություն՝ դրա կարիքն ունեցողների համար. «Հոդվածը վերարտադրում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի 21 հոդվածների համառոտ բովանդակությունը: Հոդվածում ամրագրված իրավունքը վերապահված է միայն ՀՀ քաղաքացիներին»: Չգիտես՝ ինչո՞ւ, սույն հոդվածը համառորեն դուր չի գալիս հատկապես Ռոբերտ Քոչարյանին. թերեւս, այն պատճառով, որ դա նրա անմիջական իրավունքներին քիչ է առնչվում: Արդեն քանի շաբաթ Ազատության հրապարակում շարունակվում են 13 ընդդիմադիր կուսակցությունների նախաձեռնությամբ անցկացվող հանրահավաքներն ու երթերը: Եվ դրանից հետո ամեն անգամ տեղեկություններ են ստացվում, թե մարզերում, Երեւանի համայնքներում մարդաորս է տեղի ունենում. իրավապահները ՆԳ բաժիններ են բերման ենթարկում այն քաղաքացիներին, ովքեր համարձակվում են մասնակցել բողոքի ակցիաներին: Դրանց ավելի կոնկրետ անդրադառնալու առիթներ դեռ կունենանք՝ հաշվի առնելով, որ ընդդիմությունը խոստացել է հանրահավաքներն ու երթերը շարունակել մինչեւ վարչախմբի պաշտոնանկությունը: Առայժմ անդրադառնանք կոնկրետ դեպքի: Մայիսի 13-ին «Հանրապետություն» կուսակցության անդամ, Ավանի «Էվրիկա» կրթահամալիրի տնօրեն Լյովա Եղիազարյանը հրավիրվել է Կենտրոնի ՆԳ բաժին՝ բացատրություն տալու. անցյալ ուրբաթ «չարտոնված» երթին մասնակցե՞լ է, թե՞ հրաժարվում է դրանից: Պարզելով, որ դպրոցի տնօրենը դրան մասնակցել է եւ ոչ միայն չի զղջում, այլեւ՝ դա համարում է իր սահմանադրական իրավունքը, հրահանգել են մայիսի 14-ին եւս ներկայանալ ՆԳ բաժին: Լ.Եղիազարյանը ներկայացել է: Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում դատ է եղել, եւ դատարանը՝ դատավոր Ժ.Վարդանյանի նախագահությամբ, «ուսումնասիրելով Կենտրոնական ՆԳԲ-ից ստացված նյութերը», պարզել է, որ Լ.Եղիազարյանը «մասնակցել է չարտոնված երթի, այսինքն՝ կատարել իրավախախտում՝ նախատեսված ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքի 180/1 հոդվածով, եւ որոշել է նրան ենթարկել վարչական տուգանքի՝ 1500 դրամի չափով: «Ես, իհարկե, ասացի, որ մասնակցելու եմ նաեւ հետագա հանրահավաքներին ու երթերին եւ պատրաստ եմ դրա համար անգամ 15 հազար դրամ վճարել: Իսկ կատարվածը գնահատում եմ իմ՝ որպես ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքների ոտնահարում»,- պարզաբանեց Լ.Եղիազարյանը: Մենք փորձեցինք ճշտել, թե ընդդիմությունն ինչպե՞ս է արձագանքում մարդու իրավունքների դեմ այդօրինակ ոտնձգություններին: Ի պատասխան, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն ասաց. «Դատարանի հիշյալ որոշմանը ծանոթանալուց հետո պետք է միանշանակ արձանագրել, որ Լ.Եղիազարյանն ու վարչական տուգանքի կամ կալանքի մյուս ենթարկվածները քաղաքական հետապնդման, հալածանքի զոհեր են: Մյուս կողմից՝ նրանց նկատմամբ արդարադատություն չէ, որ իրականացվում է. մարդկանց պատժում են միայն իրենց իրավունքներից օգտվելու համար՝ նույնիսկ Սահմանադրության խախտման գնով»: Երեկվա դրությամբ երթի մասնակցելու համար ՆԳ բաժիններ բերման, վարչական տուգանքի, կամ կալանքի են ենթարկվել Կոտայքի, Արմավիրի ու այլ մարզերի, նաեւ՝ Երեւանի համայնքների բնակիչներ: «Իշխանությունների լկտիությունը հասել է նրան, որ կալանավորված մարդկանցից օրական 500 դրամ են գանձում եւ դեռ մրթմրթում՝ բա հո բանտում ձրի չե՞ս ապրում: Փաստորեն, քաղաքացին վճարում է նաեւ ազատազրկված լինելու վարձը: Այն, ինչ կատարվում է, բացահայտ ապօրինություն է: Չկա որեւէ օրենք, ակտ, որը կարող է վեր լինել գործող Սահմանադրությունից եւ միջազգային նորմերից»,- վերստին պնդեց Ա.Զեյնալյանը: Ի դեպ, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը, որը վկայակոչում են դատարանները, գրվել է դեռ խորհրդային տոտալիտարիզմի ժամանակաշրջանում եւ շարունակում է իներցիայով գործել՝ հավանաբար այն պատճառով, որ այդ հնաոճ օրենքն ու տոտալիտարիզմին հատուկ մեթոդները իշխանություններին շատ հարազատ են: Իսկ Ա.Զեյնալյանը խոստացավ, որ ընդդիմադիրները հավաքում են բոլոր այդ օրինախախտման փաստերն ու նյութերը, դիմելու են համապատասխան ատյաններ եւ հասնելու են այն բանին, որ օրինախախտներն ու «բոլոր տիպի Ժ.Վարդանյանները անպայման պատժվեն եւ դատվեն՝ երկրի Սահմանադրությունը ոտնահարելու համար»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել