Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐՈՍՏՐԱՏԻ «ԴԱՓՆԻՆԵՐԸ»

Մայիս 16,2002 00:00

ՀԵՐՈՍՏՐԱՏԻ «ԴԱՓՆԻՆԵՐԸ» Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն իր կատարած օրինախախտումները սքողելու այլ ձեւ չի գտնում, քան դրանց մատնանշումը «քաղաքական գործընթաց» որակելը։ Ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանը երեկ «Արմենիա»-ին տված հարցազրույցում «Ա1+»-ի հայցերը դատական ատյաններին անվանեց «հասարակության որոշակի հատվածի դյուրահավատության շահարկում» ու զարմանք արտահայտեց, թե տնտեսական դատարանն ինչպես է վերցրել «Ա1+»-ի նոր հայցը։ Հիշեցնենք, որ ըստ այդ հայցադիմումի, «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ընկերությունն ապօրինի է դադարեցրել «Ա1+»-ի հեռարձակումը՝ հիմք ընդունելով Ազգային հանձնաժողովի գրությունը։ «Զավեշտական է։ Չկա՛։ Չի՛ եղել երբեւէ նման գրություն, բայց «Մելտեքս» ՍՊԸ-ն չի խորշում գնալ դատարան ակնհայտ ստով, որովհետեւ ուղղակիորեն գիտի, որ իր խնդիրը պարզապես դատական պրոցեսների ծավալ ստեղծելն է։ Ուղղակիորեն կուզենայի պարզ դառնար. սա ոչ թե իրավական գործընթաց կամ խախտված իրավունքների գործընթաց է, այլ սա ուղղակիորեն քաղաքական գործընթաց է»,- հայտարարեց Գրիգոր Ամալյանը։ Եվ դեռ տարակուսում էինք, թե ինչպես է այս հանձնաժողովի ներկայացուցիչ Էդիթ Խաչատրյանը դատարանին ուղղված իր պատասխանում անվերապահ պնդել. «Իրականում նման գրություն գոյություն չունի»։ Համարեցինք, թե սա էլ նրա հերթական, այսպես ասենք, մեղանչումն է ճշմարտության հանդեպ։ Հար եւ նման նախորդ դեպքին, երբ տիկին Էդիթը «Ազատություն» ռ/կ-ին ասել էր, թե հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի հետ, եւ իր տպավորությամբ՝ «Ա1+»-ի փակման կապակցությամբ խիստ քննադատական հայտարարությունն անելիս, դեսպանատանը օրենքը լավ չէին նայել։ Ջոն Օրդուեյն այնուհետ այցելելով «Ազատության» գրասենյակ, ստիպված էր եղել հերքել, թե դեսպանատունը փոխել է իր դիրքորոշումը «Ա1+»-ի խնդրում, եւ վերահաստատել, որ ժողովրդավարության կորուստ կա։ Մեր թերթում երեկ Էդիթ Խաչատրյանի այս պատասխանը հրապարակելուց հետո «Հայաստանի հեռուստատեսային ցանցի» գլխավոր տնօրեն Աշոտ Սիմոնյանն անմիջապես դատարանին է ուղարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի ապրիլի 2-ի գրության պատճենը։ Մեկ ամսից քիչ ավելին անցած ժամանակահատվածում պրն Ամալյանի թուլացած հիշողությունն ամրապնդելու համար մեջբերենք այդ գրությունից, որն իբր «չկա՛։ Չի՛ եղել երբեւէ»։ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանին ուղղված այս փաստաթղթում նա մասնավորապես հայտնում է, որ 37 կապուղիով հեռուստահաղորդումների հեռարձակման լիցենզավորման մրցույթում հաղթող է ճանաչվել «Շարմը», եւ նշում. «Խնդրում եմ ձեր համապատասխան հանձնարարականը՝ դադարեցնել «Արարատ-Սերվիս» ՍՊ, «Մելտեքս» ՍՊ, «Ավետիս ստուդիա» ՓԲ ընկերություններին Երեւան քաղաքի տարածքում համապատասխանաբար 35-րդ, 37-րդ եւ 44-րդ դեցիմետրային կապուղիներով հեռարձակման ծառայությունների մատուցումը»։ Փոխնախարար Վաղինակ Քոչարյանն էլ ՀՀՑ-ին է ուղղել հանձնաժողովի որոշման պատճենը «հետագա տնօրինման համար»՝ անհրաժեշտ համարելով դադարեցնել «Մելտեքսին» ծառայությունների մատուցումը, ՀՀՑ-ն իր հերթին դադարեցրել է «Ա1+»-ի հեռարձակումը՝ կազմելով ակտ, որտեղ նշել է՝ «ի կատարումն Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 02.04.2002 թ. թիվ 37 որոշման եւ 02.04.2002 թ. Ն-92 գրության…»։ Կարծում ենք, այսքանը բավարար է եզրակացնելու համար, թե իրականում ով է «ակնհայտ սուտ» մատուցում «դյուրահավատ» հասարակությանը։ Այս գրության առնչությամբ պրն Ամալյանի մի գնահատականին չենք կարող չհամաձայնել. իրոք «զավեշտական» է։ Առավել զավեշտական է, որ նա այժմ փորձում է ժխտել դրա գոյությունը։ Բայց այլ հուսահատ ելք, քան իր կատարած օրինախախտումն անտեսել փորձելը, նա չէր կարող։ Իսկ սա ակնհայտ օրինախախտում է. Ազգային հանձնաժողովի իրավասությունները հստակ սահմանված են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 37 (դարձյալ այս խորհրդանշական թիվը) հոդվածով, որտեղ չկա որեւէ դրույթ, որով հանձնաժողովը լիազորված լիներ դիմել այս կամ այն մարմիններին, խնդրելով դադարեցնել այս կամ այն ալիքի հեռարձակումը։ Ի դեպ, նման գրություն Գրիգոր Ամալյանն ուղարկել է ոչ միայն կապի նախարարություն, այլ նաեւ AATV մալուխային ցանցին, որը հեռարձակում էր «Ա1+»-ի հաղորդումները։ «Մի կողմն ասում է՝ ես գրություն եմ գրել։ Թող գրությունս հաշվի չառնեին։ Մյուս կողմն էլ ասում է՝ ինձնից պահանջել են դադարեցնել, ես էլ դադարեցրել եմ։ Բայց նման խոսակցություններն անհիմն են»,- փաստաբան Տիգրան Տեր-Եսայանն ասուլիսում այսպես բնորոշեց առկա վիճակը, երբ պետական երկու հաստատությունները միմյանց վրա են գցում «Ա1+»-ի հաղորդումները դադարեցնելու (հիրավի ծանր) մեղքը։ Գրիգոր Ամալյանը վերոհիշյալ հարցազրույցում «Ա1+»-ի հայցերն անվանեց հարցը «դեպի քաղաքական դաշտ ուղղում»։ Հանճարե՜ղ խորաթափանցությամբ նա նաեւ նկատեց, թե «դատական գործընթացի մեծ շարան» ստեղծելով՝ «Ա1+»-ն իր հիմնական խնդիրը տեսնում է «ոչ թե իրավական լուծման մեջ», այլ՝ ուղղակի նպատակ ունենալով «մնալ հասարակության ուշադրության կենտրոնում եւ ունենալ ինչ-որ փոքրիկ դիվիդենտներ»։ Կարելի էր ե՛ւ պրն Ամալյանին, ե՛ւ այլոց, որոնց միջոցով եթերից զրկվեց «Ա1+»-ը, սրտանց մաղթել նույն «բարեբախտությունը»՝ այսպես մնան հասարակության ուշադրության կենտրոնում եւ «շահեն» միավորներ։ Թեեւ նրանք հենց այսպես՝ հերոստրատյան «փառքով» էլ մնում են ուշադրության կենտրոնում եւ իրենց ծառայության դիմաց իշխանություններից անպայման կստանան «միավորներ»։ Սակայն առավել էական հարցն է՝ եթե դատարանի միջոցով հեռուստաընկերության ոտնահարված իրավունքները վերականգնելու, օրենքների բազմաթիվ խախտումները շտկելու փորձը «քաղաքական» է, ո՞րն է, ուրեմն իրավականը։ Մենք գիտենք պատասխանը. իրավական ճանապարհը Հայաստանի դատական ծախու եւ կախյալ ատյաններով արագ անցնելն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն է։ Իսկ այնտեղ այլեւս որեւէ մեկն ուշադրություն չի դարձնելու փաստարկների բացակայության պատճառով «քաղաքական դաշտ են ուղղում» խղճուկ պիտակավորմանը։ Եվ Հայաստանի իշխանությունն արդեն շատ թանկ գին կվճարի այս ամենի ու նաեւ Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը (տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքն առանց պետական մարմինների միջամտության) ոտնահարելու համար։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել