Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-ՈՒՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ

Մայիս 16,2002 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԱՏՕ-ՈՒՄ՝ ԴԻՏՈՐԴԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՎ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռաֆայել Էստրելան իր առաքելությունը կատարեց։ Հետաքրքիր է, որ խիստ կարեւոր հայտարարությունն այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը ցանկություն ունի դառնալ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցիացված անդամ, արվեց ոչ թե պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, այլ՝ ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի կողմից։ Միամիտ բացատրությունը կարող է լինել այն, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական նախագահն էր գտնվում Հայաստանում եւ ոչ թե ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Ինչեւէ, իրականությունն այն է, որ Հայաստանն արդեն դիմում է ներկայացրել ՆԱՏՕ-ի ասոցիացված անդամ դառնալու համար, որը կքննարկվի մայիսի 24- 28-ը Սոֆիայում կայանալիք ՆԱՏՕ-ի լիագումար նիստում։ Լրագրողներից մեկի հարցին՝ ե՞րբ տարածաշրջանային երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կդառնան ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ, պրն Էստրելան բավականին լուրջ պատասխան ուներ. «Եթե երկու տարի առաջ որեւէ մեկն ասեր ինձ, որ ՌԴ վարչապետը կարող է նստել Իսպանիայի եւ մեկ այլ երկրի վարչապետների կողքին եւ ինչ-որ հարցեր քննարկել, ես չէի մտածի այդպիսի բան։ Եվրոպան փոխվել է, ՆԱՏՕ-ն փոխվել է եւ փոփոխությունների ընթացքում է դեռեւս։ Եվրոպական թատերաբեմում այլեւս ախոյաններ, թշնամիներ չկան, սակայն կան տարածաշրջանային հակամարտություններ եւ ճգնաժամեր։ Եվ այն, ինչ երեկ եւ այսօր տեղի է ունենում Ռեյկյավիկում, ավելի շատ կպահանջի այնտեղ ներկայացված երկրներից, որպեսզի նրանք լուծեն տարածաշրջանային հակամարտությունները։ Սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո այս տարածաշրջանի բոլոր երկրները նույն նավակում են գտնվում։ Սակայն նրանք չեն ներկայացնում այնպիսի եզակի նմուշ, ինչպիսին Նոյան տապանն է, այլ նրանք այնտեղ են գտնվում որպես Եվրոպայի ընդհանուր անվտանգության կարեւորագույն, բաղկացուցիչ մասեր։ Իսկ Եվրոպայի անվտանգությունը չի կարող ստեղծվել եվրոպական որեւէ երկրի անվտանգության հաշվին եւ չի կարող լինել այլ երկրների անվտանգության հաշվին, լինեն դրանք Եվրոպայում, թե Եվրոպայից դուրս»։ Ռաֆայել Էստրելան երեւանյան այցի օրերին հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ այցելելով Ծիծեռնակաբերդ։ Պատասխանելով հայ- թուրքական հարաբերությունների մասին հարցին, պրն Էստրելան ասաց, որ ինքը ծանոթ է հայ ժողովրդի պատմությանը, եւ անցած դարի սկզբում հայ ժողովրդի կրած տառապանքները որակեց «հանցագործություն մարդկության դեմ». «Ես իրավաբան չեմ եւ տերմինների մասին չեմ կարող բան ասել, սակայն ես քաղաքական գործիչ եմ, ներկայացնում եմ երկիր, մարդ եմ՝ աշխարհն ընկալելու իմ սեփական կարողությամբ եւ իմ ուրույն ձեւով, եւ պետք է ասեմ, որ այն, ինչ տեղի է ունեցել, իսկապես կարելի է կոչել ցեղասպանություն։ Դժվար է մեր պատմության մեջ գտնել այդ մասշտաբի բռնություններ, ոչնչացում, մարդասպանություն։ Այս ամենն ընդունելուց հետո մենք ի՞նչ կարող ենք անել մեր Խորհրդարանական վեհաժողովում։ Կարող ենք պարզապես երկխոսության համար դաշտ ապահովել։ Մենք վերջիվերջո շրջանակ ենք ստեղծում հաշտության համար»։ Սեպտեմբերի 11-ից հետո աշխարհն իրոք փոխվել է եւ որեւէ մեկի մտքով դժվար թե անցներ, որ Ռուսաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, որ Հայաստանը եւս քայլ կանի Հյուսիսատլանտյան ուղղությամբ։ Ակնհայտորեն Վրաստանից եւ Ադրբեջանից հետո Հայաստանին այլընտրանք չէր մնում։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի այցելության նպատակն էր՝ Հայաստանի խորհրդարանի եւ իր գլխավորած կառույցի միջեւ հարաբերությունների նոր փուլ ստեղծել։ Մինչ այժմ որեւէ հարաբերության բացակայությունը չի խանգարել, որ պայմանավորվածություն ձեռք բերվի՝ Հայաստանին շնորհել ՆԱՏՕ-ում դիտորդի կարգավիճակ։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նպատակն է՝ Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը նաեւ այս ճանապարհով՝ տարածաշրջանի երկրներին դիտորդ կամ ասոցիացված անդամ դարձնելով. «Դուք ինձանից լավ գիտեք, որ Հարավային Կովկասում, ինչպես նաեւ՝ Բալկաններում, անվտանգություն եւ կայունություն ասվածները սովորական բառեր չեն։ Դրանք առնչվում են խաղաղությանն ու պատերազմին, կյանքին ու մարդասպանությանը, ատելությանը կամ հաշտությանը։ Դա է պատճառը, որ մենք ցանկանում ենք ավելի ակտիվ մասնակցություն ունենալ տարածաշրջանում»։ Ռաֆայել Էստրելայի այցելությունը համընկավ ՆԱՏՕ-ի համար խիստ կարեւոր եւ ակտիվ փուլի հետ։ Այս օրերին Ռեյկյավիկում հանդիպում են ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, ինչպես նաեւ՝ ասոցիացված անդամ երկրները, նաեւ Հայաստանը։ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահը հայտնեց, որ իրենց խնդիրը չէ հակամարտությունների լուծումը («դա կառավարությունների եւ Մինսկի նման կազմակերպությունների գործն է».- Մ. Ե.), սակայն այսօր Ռեյկյավիկում տեղի ունեցող երկկողմ կամ եռակողմ հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ն խոստացավ, որ կարող է ստեղծել այն դաշտը, այն շրջանակը, որը կստիպի, որ հակամարտությունների լուծումը տեղի ունենա։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել