Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԿՈԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

Մայիս 15,2002 00:00

ԷԿՈԿՐԹՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ Էկոլոգիական կրթության կարիք հատկապես ունեն պաշտոնյաները, պառլամենտականները, որոնք որոշումներ են կայացնում, օրենքներ ընդունում՝ առանց խորամուխ լինելու շրջակա միջավայրի վրա դրանց հնարավոր ազդեցության հանգամանքներում։ Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոնում անցկացվող «Բնապահպանական հիմնախնդիրներ» քննարկումների մասնակիցները եկան նման եզրակացության։ Այլապես ինչպե՞ս պատկերացնել, որ մեր ԱԺ-ն վավերացնում է միջազգային կոնվենցիաները՝ առանց ծանոթանալու դրանց բովանդակությանը։ Իսկ դրանք շատ հաճախ իրենց մեջ շրջակա միջավայրին առնչվող խնդիրներ են պարունակում, եթե անգամ դրանց անունները ոչինչ չեն հուշում։ Օրհուսի կոնվենցիան ենթադրում է կրթական ծրագրեր անցկացնել հենց պաշտոնյաների համար։ 2001թ. ընդունված «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության եւ դաստիարակության մասին» ՀՀ օրենքը բնութագրվեց իբրեւ դեկլարատիվ, որտեղ չեն երեւում դրա կիրառման իրական հիմքերն ու մեխանիզմները։ Վերջին տարիներին էկոլոգիական հարցերին քիչ թե շատ ուշադրություն դարձվում է, ինչը չի կարելի ասել էկոլոգիական կրթության մասին։ Այդ առումով մենք այնքան, կարելի է ասել, «անգրագետ» ենք, որ էկոլոգիական անվտանգությունը մեզ մոտ ոչ մի տեղում ֆիքսված չէ իբրեւ պետական անվտանգության բաղադրամաս։ Սրա պատճառներից մեկն էլ այն է, որ էկոլոգիան մեզ մոտ միշտ դիտարկվել է մարդուց դուրս, առանձին։ Մարդն իրեն տեսնում է իշխող՝ բնության այլ տեսակների վրա։ Հակառակը նրան սովորեցնելու խնդիրը հենց էկոլոգիական կրթությանն է վերապահված։ Մինչդեռ օրենքի ընդունումից հետո եւ առաջ, մեր հասարակության մեջ թե ընդհանրապես, թե կենցաղային մակարդակով ոչինչ չի փոխվել. ինչպես անխնա սպառող եղել ենք, այդպիսին էլ շարունակում ենք մնալ։ Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել