Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՔՀԵՄԸ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ

Մայիս 15,2002 00:00

ԲԵՔՀԵՄԸ ՖԱՆՏԱՍՏԻԿ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑ Դեւիդ Բեքհեմը, այնուամենայնիվ, հասավ այն բանին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն իրեն ֆանտաստիկ վարձատրություն նշանակեց։ Այժմ Անգլիայի հավաքականի ավագը կստանա շաբաթական 100 հազար ֆունտ։ Ֆուտբոլիստի եւ ՄՅՈՒ-ի ղեկավարության միջեւ բանակցություններն ընթանում էին մի քանի ամիս։ Դեւիդը պահանջում էր աշխատավարձը բարձրացնել 300 տոկոսով, որը նրան դարձնում էր աշխարհում ամենից ավելի շատ վարձատրվող խաղացողը։ Արդյունքը եղավ այն, որ նա հասավ ուզածին եւ թիմում կմնա մինչեւ 2005 թվականը։ Պայմանագիրը ստորագրելուց հետո բավարարված Բեքհեմը հայտարարել է, թե միշտ էլ ցանկացել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում» եւ գիտեր, որ ակումբը կբարձրացնի իր աշխատավարձը։ «Պարզապես ուզում էի ֆինանսական հարցերը կարգավորել մինչեւ աշխարհի առաջնությունն սկսվելը»,- ասել է 27-ամյա կիսապաշտպանը։ Նրա խոսքերով, համաձայնագրի ստորագրումն իրեն երաշխավորել է Ալեքս Ֆերգյուսոնը, որը Դեւիդին համարում է լավագույն ֆուտբոլիստն աշխարհում։ Թիմի գործադիր տնօրեն Պիտեր Քենյոնը տեղեկացրել է, թե ամենաբարդը Դեւիդի իմիջի իրավունքների հարցն էր։ ՄՅՈՒ-ում Բեքհեմի աշխատավարձը նրա եկամուտների մի մասն է միայն։ Պարզապես այժմ ֆուտբոլիստի տարեկան ընդհանուր եկամուտը կազմում է $16 մլն, իսկ դա թույլ է տալիս $3,5 մլն-ով առաջ անցնել աշխարհում ճանաչում ունենալու հարցում նրա գլխավոր մրցակից «Ռեալի» խաղացող Զինեդին Զիդանից։ Իմիջիայլոց, Բեքհեմը կոնկրետ ձգտումներ ունենալու պատճառներ ունի։ Նրա եկամուտներն առայժմ զիջում են Միխայիլ Շումախերի կամ Հյուսիսային Ամերիկայի մարզիկների վաստակած գումարներին։ Այդուհանդերձ, շաբաթական 100 հազար ֆունտը մի այնպիսի ցուցանիշ է, որով, իրոք, կարելի է հպարտանալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել