Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկեգործությունը՝ «որպես ուղիղ ճանապարհ»

Մայիս 15,2002 00:00

Ոսկեգործությունը՝ «որպես ուղիղ ճանապարհ» 1998 թ. ՀՀ ոսկեգործների եւ ակնագործների նորաստեղծ միությունը կազմակերպեց «Ոսկեգործություն-98» միջազգային 1-ին ցուցահանդես- վաճառքը, որն անց է կացվում ամեն տարի՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Ցուցահանդես-վաճառքի ստեղծման գլխավոր նպատակն էր համախմբել հանրապետության ոսկեգործների եւ ակնագործների ուժերը, ի ցույց դնել ներքին ռեզերվներն ու հնարավորությունները՝ գրավել գնորդների եւ առեւտրական կազմակերպությունների ուշադրությունը, որը նույնն է, թե նպաստել ճյուղի զարգացմանը։ Եթե 1998 թ. ցուցահանդեսին մասնակցում էր ընդամենը 28 կազմակերպություն, որից միայն երկուսն էին արտասահմանյան (գերմանական, թուրքական), ապա այս տարվա (մայիսի 10-ից 14-ը գործող) միջոցառմանը մասնակիցների թիվը գերազանցում էր 100-ը։ Ցուցահանդեսի բաժանմունքներում ներկայացված էին ոսկուց, արծաթից եւ պլատինից պատրաստված ոսկերչական իրեր, ադամանդներ, թանկարժեք, կիսաթանկարժեք եւ արհեստական քարեր, ժամացույցներ, բիժուտերիա, գեղարվեստական արժեք ներկայացնող զարդեր, դիզայն, հաստոցներ, գործիքներ, սարքավորումներ եւ օժանդակ նյութեր՝ ոսկերչության եւ քարերի մշակման համար։ Տեսականին հարուստ էր եւ բազմատեսակ, ընդունակ գոհացնելու անգամ ամենաքմահաճ հաճախորդին։ Իսկ գները տարբեր էին։ Այսպես, օրինակ, Երեւանի ոսկերչական գործարանի ցուցասրահում ամենաէժան ոսկյա արտադրանքը գնահատվում էր 5 դոլար, ամենաթանկը՝ 50 հազար։ Ի դեպ, այս գործարանի արտադրանքի ավելի քան 90%-ն իրացվում է ԱՄՆ-ում, Մերձավոր Արեւելքում, ԱՊՀ եւ այլ երկրներում։ Իսկ գեղարվեստական ժամացույցների գործարանի արտադրած կանացի ու տղամարդու ոսկյա շղթայով, առանց շղթայի, գրպանի ժամացույցների գները 30$-ից աճում էին մինչեւ 2500$։ Ու եթե 1998թ. ցուցահանդեսում ներկայացվել էր մոտ 40 տեսականի, ապա այս տարի դրանց թիվը գերազանցում էր 70-ը։ Գործարանը արտադրանքի 95%-ը արտահանում է ԱՊՀ, ԱՄՆ եւ նույնիսկ Շվեյցարիա։ Ցուցահանդեսի նախաձեռնումը նպատակ է հետապնդել Հայաստանի ոսկեգործության եւ ակնագործության դաշտում տեսնել մասնագիտացված առեւտրի մի հրապարակ, ուր համաշխարհային ոսկեգործության եւ ակնագործության վաճառքի ավանդույթները շուկայական հարաբերությունների պայմաններում կարող են վերարտադրվել եւ ընդունվել մեր արտադրողների ու վաճառողների կողմից։ Կամ էլ, այլ կերպ ասած՝ վաճառքի ներկայացրած յուրաքանչյուր իր պետք է ունենա այնպիսի գնորդ, որը նույնչափ մասնագիտորեն կարող է մոտենալ վաճառքի գործընթացին եւ կատարել մասնագիտական ընտրություն։ Սա մեծ մարքեթինգ է կամ վաճառքի իրավիճակի ուսումնասիրություն, որի արդյունքում այդ ուսումնասիրության վերարտադրությունն է։ Ըստ Հայաստանի ոսկեգործների եւ ակնագործների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի, իրենք կարողացել են ոլորտը, նրա հարակից մեքենաշինությունը, գործիքաշինությունը, դիզայներներին եւ մյուսներին հրավիրել, համախմբել մի դաշտում, ցույց տալ, որ այսօրվա ռեսուրսներով հայ ոսկերիչներն ու ակնագործները կարող են մտնել համաշխարհային շուկա։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել