Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Մայիս 15,2002 00:00

ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՄԻՈՒԹՅՈՒՆ «Թե ինչքանով է Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միությունը (ՀԿԵՄ) ստալինյան կառույց եւ ինչքանով է այն իրեն արդարացնում, սրանք վաղուց մարած հարցեր են»,- կարծում է նույն միության պատասխանատու քարտուղար Հրաչյա Մելիքյանը։ Նա գտնում է, որ ՀԿԵՄ-ն անկախության 10 տարիների ընթացքում ապացուցել է, որ անհրաժեշտ է «բոլոր ազատ-անկախ կոմպոզիտորներին, որոնք ոչ մի ելք չունեն այլ երկրներ մեկնելու, ինչպես նաեւ նրանց, ովքեր չունեն հնչեղ անուններ, որպեսզի Փարիզից կամ Լոնդոնից հրավերներ ստանան»։ Ա՛յ, հենց նրանց էլ, ըստ Հ. Մելիքյանի, համախմբում է այս միությունը եւ հարյուրավոր համերգներ կազմակերպում վերջիններիս ուժերով։ Կոմպոզիտորների միությունը նույնիսկ մտել է «ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմի մեջ, հայ կոմպոզիտորներին ներկայացնում է էդ տեսակ ատյաններում»։ Հ. Մելիքյանը ավելի քան համոզված է, որ ներկայումս ստեղծված են բացառիկ պայմաններ, այնպիսիք, որ նույնիսկ կոմունիստների ժամանակ չկային. «Այն տարիներին շատ գումարներ կային, մարդիկ չէին իմանում՝ ինչի վրա ծախսեին։ Եվ հաճախ ճիշտ ընտրություն էլ չէր կատարվում։ Հիմա ամեն ինչ ազատ է. ինչ ուզես՝ կգրես, եւ քո գործերը ով ուզի՝ կկատարի»։ Երեւի Կոմպոզիտորների միության երազելի ու երանելի հնարավորություննե՞րն էին պատճառը, որ պարոն Մելիքյանը նեղացավ կոմպոզիտորական որոշ շրջանակներում շրջանառվող այն մտքից, թե Կոմպոզիտորների միությունը սպառել է իրեն։ Դրա համար էլ զայրացած ասաց. «Չեմ պատկերացնում, որ կլինեն մարդիկ, որ այս պարագայում կասեն, թե Հայաստանի կոմպոզիտորների միությունն իրենց պետք չէ։ Իսկ եթե, այնուամենայնիվ, կան այդպիսիք, մենք էլ ուրախությամբ հրաժարվում ենք նրանցից»: Հ. Մելիքյանն ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, որ իբր Երեւանը վերածվել է մշակույթի խոշոր կենտրոնի՝ աշխարհի մասշտաբով եւ որ Հայաստանը արդեն չգիտես որերորդ միջազգային փառատոնն է կազմակերպում, ու ինչքա՜ն մարդիկ են գալիս, ինքն էլ բոլորի անունները հիշել չի կարող. «Մեր բոլոր փառատոներն ու գիտաժողովներն անցնում են ընդունված բոլոր նորմերի համաձայն, Հայաստան են գալիս համաշխարհային անուններ ամենատարբեր երկրներից»։ Հ. Մելիքյանը ամենատարբեր երկրների շարքում հատկապես առանձնացրեց Վրաստանը, Միջին Ասիան եւ Արեւելքը։ Հետո էլ պատմեց, թե ի թիվս այլ միջոցառումների՝ 2003-ին 2 խոշոր միջոցառում էլ է նախատեսված։ Դրանցից մեկը նվիրված է Ա. Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին։ Ըստ Հ. Մելիքյանի՝ Կոմպոզիտորների միությունը այս առթիվ հրատարակելու է Ա. Խաչատրյանի գործերը։ Իսկ ինչո՞ւ հենց նա, որովհետեւ, պատասխանատու քարտուղարի համոզմամբ, միայն այս միությունը կարող է «այդ ամենը պրոֆեսիոնալ մակարդակով անել»։ Հ. Մելիքյանը Կոմպոզիտորների միության անունից խոստացավ, որ 2002-ի աշունը մնացած բոլոր աշունների նման իր հարազատ միության կազմակերպած միջոցառումների շնորհիվ դարձյալ հագեցած կլինի։ Բացի նորագույն երաժշտության կատարումներից, տեղի կունենա բանավոր փոխանցվող երաժշտական մշակույթին նվիրված գիտաժողով։ Ու քանի որ, «Երեւանն այս առումով դառնում է մեծ կենտրոն», մարդիկ արդեն խնդրում են մասնակցել մեր միջոցառումներին։ Եվ որովհետեւ «Կոմպոզիտորների միության ծրագրերը տարածվում են աշխարհով մեկ, տարբեր երկրներից (ինչ-որ կոմպոզիտոր Լոնդոնից, մյուսը՝ Շվեդիայից) ուղղակի խնդրում են, հայտեր ներկայացնում Հայաստանում լինելու համար»։ Իսկ այդ բոլորի պատճառը հետեւյալն է. «Կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը հենց այնպես չի հնարված, մարդիկ այստեղ լուրջ աշխատանք են կատարում»։ Համ էլ ի՞նչ վատ բան կա նրանում, որ նույն միության մեջ են ե՛ւ կոմպոզիտորները, ե՛ւ երաժշտագետները, «չէ՞ որ երկուսն էլ արտադրված են նույն՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայում»։ Հ. Մելիքյանը, վերհիշելով մի ժամանակ Կոմպոզիտորների միությունում եղած «խժդժությունները», հավատացրեց, որ ամեն ինչ հարթվել է, քանի որ ի վերջո բոլորը համոզվել են, որ «այստեղ մարդիկ աշխատում են ոչ թե 5-6 հոգու, այլ բոլորի համար»։ Նա հավաստիացրեց, որ իրենց կազմակերպած միջոցառումների ազդագրերում կարելի է հանդիպել Հայաստանի երաժշտական համաժողովի (ՀԵՀ) անդամների անուններին։ ՀԵՀ-ն էլ նա համարեց ՀԿԵՄ-ի հարստությունը։ Մեր զրույցի վերջում Կոմպոզիտորների միության հովանավորներից ու անսպառ հնարավորություններից պատմող Հ. Մելիքյանը տրտնջաց, թե ռաբիսից ձերբազատվելու համար «չկան մեծ հնարավորություններ, որպեսզի պրոպագանդվի լավագույն, հայկական երաժշտությունը»։ Հետո էլ ավելացրեց. «Ճիշտ է, ռաբիսն էլ տեքստային ու մեղեդիական այլանդակություններ ունի, բայց վերջին հաշվով երաժշտություն է։ Օրինակ, Թաթան ի՞նչ ռաբիս է որ։ Նրան մի քիչ ճաշակն է պակասում, մեկ էլ շատ է «սիրունիկ», «անուշիկ» բառերի վրա երգեր սարքում։ Բայց մարդ մի քիչ էլ պիտի Թաթա լսի, դա էլ է մերը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել