Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Ն

Մայիս 15,2002 00:00

ԼՐԱԳՐՈՂԸ ԵՎ ԴԱՏԱՎՈՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՞Ն ՀՀ սահմանադրության 41-րդ հոդվածի համաձայն, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սահմանադրական այս դրույթը վերարտադրված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18 հոդվածում, որտեղ այն վերաբերել է նաեւ կասկածյալին։ Ոմանց կարծիքով, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, մամուլը եւ զանգվածային լրատվության այլ միջոցները իրավունք չունեն կարծիք արտահայտելու անձի մեղավորության կամ անմեղության վերաբերյալ։ Մինչդեռ նման դատողությունն անհիմն է եւ հակասում է ՀՀ սահմանադրության 24-րդ հոդվածի պահանջներին, որն ազդարարում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը պնդելու իրավունք, որ արգելվում է մարդուն հարկադրել հրաժարվել իր կարծիքից։ Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք՝ տեղեկատվության ցանկացած միջոցով։ Այս հոդվածն ամբողջական ձեւով արտացոլում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի եւ քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային պակտի 19 հոդվածների բովանդակությունը։ Անհիմն է որոշ դատավորների դժգոհությունը այն մասին, թե, իբր, մամուլը, զանգվածային որոշ լրատվամիջոցներ դատավորի դեր են ստանձնում, դիմում են էժանագին սենսացիայի։ Մամուլը կարեւոր օղակ է դատական համակարգի եւ հասարակության միջեւ։ Մամուլը դատարանների աշխատանքի մասին հասարակությանը իրազեկ պահելու առաքելություն պետք է ունենա։ Դատավորն ու լրագրողը պետք է համագործակցեն, որից կշահի արդարադատությունը։ Որքան հաճախ լրագրողները ներկա գտնվեն դատական նիստերին ու հրապարակեն դրանք, այնքան ավելի օբյեկտիվ ու անաչառ կլինեն դատավճիռներն ու վճիռները։ Ի դեպ, Ռուսաստանի Դաշնության գերագույն դատարանը օգտակար է համարել հասարակության եւ մամուլի ներկայացուցիչների ներկայությունը դատաքննություններին։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ, դատարանների նախագահների խորհրդի նախագահ Հենրիկ Դանիելյանը «Դատական նոր համակարգը՝ երեք տարի անց» վերտառությամբ հոդվածում ասել է, որ այսօր մենք ունենք իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներ, որոնք հոյակապ տիրապետում են օրենքին, որ նրանք քննադատություններով եւ խոր վերլուծություններով նպաստում են դատարանների աշխատանքի բարելավմանը։ («Օրենք եւ իրականություն» հանդես, թիվ 8, 2002թ.)։ Տողերիս հեղինակը միանգամայն համամիտ լինելով այդ կարծիքին, միաժամանակ ցանկանում է առաջարկել, որ այդպիսի լրագրողներին, ինչպիսին են Ռուզան Մինասյանը, Սասուն Մամյանը, Սոնա Տռուզյանը, Ջուլիետա Ամիրխանյանը եւ էլի մի քանիսը, տրվեր իրավաբանի դիպլոմ, որպես էքստեռն (դրսեկ) կարգով քննություն բռնածների։ Անմեղության կանխավարկած բառակապակցության փոխարեն պետք է օգտագործել անմեղության ենթադրություն, քանզի պրեզումպցիան լատիներեն բառ է, որ նշանակում է ենթադրություն, որն ավելի հստակ ու ճշգրիտ է արտահայտում պրեզումպցիա տերմինի իմաստն ու բովանդակությունը։ Ինչպես նշվեց, Սահմանադրության 41 հոդվածում ասված է. «Հանցագործության համար մեղադրվողը…»։ Ստացվել է պարադոքս այն առումով, որ եթե անձը հանցագործության համար մեղադրվող է, ապա նա անմեղ համարվել չի կարող։ Իսկ եթե անմեղ է համարվում, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրինական ուժի մեջ դատավճռով, ապա ինչպես կարող է մարդը կալանավորվել մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը եւ պատիժ կրել բանտում։ Իմ կարծիքով, Սահմանադրության եւ դատավարության հիշյալ հոդվածները պետք է ձեւակերպել հետեւյալ բովանդակությամբ. «Հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձի մեղքը միայն ենթադրվում է»։ Այս դեպքում նրան կալանավորելու հիմք կհանդիսանա այն, որ նա կասկածյալ է համարվել։ Հանցագործության համար մեղադրվողը անմեղ կարող է համարվել միայն այն դեպքում, երբ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարկ է նշել նաեւ, որ եթե քրեական օրենսդրությամբ անձի անմեղությունը պրեզումցավորված է (ենթադրվում է), քանի դեռ հակառակը չի ապացուցվել, ապա քաղաքացիական օրենսդրությամբ սահմանվել է տրամագծորեն հակառակ սկզբունք, այն է՝ վնաս պատճառողի մեղքն է պրեզումցավորված, քանի դեռ վնաս պատճառողը անձամբ ինքը չի ապացուցել իր անմեղ լինելը։ Շարժական գույքի օտարման դեպքում պրեզումցավորված է (ենթադրվում է) նաեւ զագսում գրանցված ամուսնու համաձայնությունը։ Օրինակ, համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ձեռք բերված ավտոմեքենան, թեպետ համարվում է նրանց ընդհանուր համատեղ սեփականությունը, սակայն, եթե ամուսիններից մեկը այն վաճառի կամ նվիրի առանց մյուսի համաձայնության, ապա գործարքի նոտարական վավերացման համար չի պահանջվում մյուս ամուսնու համաձայնությունը, քանզի նրա համաձայնությունը օրենքով պրեզումցավորված է։ Նման համաձայնություն պահանջվում է միայն անշարժ գույքի օտարման դեպքում։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել