Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻՑ

Մայիս 15,2002 00:00

ՀԱՏՎԱԾՆԵՐ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔԻՑ Առայժմ հայտնի չէ, թե երբ է վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատում լսվելու «Ա1+»-ի վճռաբեկ բողոքը՝ Նախշուն Տավարածյանի վճիռն ամբողջովին բեկանելու պահանջով։ «Սույն վճիռն անհիմն է, խեղաթյուրվել են գործի փաստական հանգամանքները,- մայիսի 10-ին ներկայացված բողոքում նշում է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը։- Դատարանի կողմից խախտվել են նյութական իրավունքի նորմերը։ Մասնավորապես, չեն կիրառվել այն օրենքները, որոնք պետք է կիրառվեին, սխալ են մեկնաբանվել օրենքները»։ Համակարգչային 5 էջ կազմող այս բողոքում նշված են փաստեր, երբ Ազգային հանձնաժողովի ներկայացուցիչները ներկայացրել են «բացարձակ ոչ ճիշտ տեղեկություններ, իսկ դատարանն, առանց համապատասխան քննության, հիմք է ընդունել այդ տեղեկությունները»։ Նշված է նաեւ, թե դատարանը գտել է, որ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի 49 հոդվածով նախատեսված դրույթների խախտումը չի կարելի հիմք համարել մրցույթն անվավեր ճանաչելու համար, քանի որ մրցութային պայմաններ եւ անցկացման կարգ սահմանելն Ազգային հանձնաժողովի բացառիկ իրավասությունն է։ Սակայն նախ օրենքի 37 հոդվածում, որում սահմանված են հանձնաժողովի լիազորությունները, որեւէ խոսք չկա այդ «բացառիկի» մասին։ Բացի այդ՝ «Ոչ մի օրենքով նախատեսված չէ, որ Ազգային հանձնաժողովի բացառիկ իրավասությունն օրենքը խախտելով մրցութային առաջարկ սահմանելը եւ պայմաններ դնելն է՝ պայմանները վերածելով պահանջների»։ Ըստ փաստաբան Տիգրան Տեր-Եսայանի, հանձնաժողովը «խտացրել ու դեֆորմացրել» է օրենքի 49 հոդվածի պահանջները։ Մի օրինակն, ասենք, «տեղեկանք» բառը «տեղեկություններ» բառով փոխարինելն է։ Ինչպես նշված է վճռաբեկ բողոքում՝ Ազգային հանձնաժողովը «Դուրս է եկել օրենքի շրջանակներից եւ փորձել ծրագրային քաղաքականություն սահմանելով հաստատել գրաքննություն»։ Իսկ դատարանն, աչք փակելով այս ամենի վրա, անտեսել է նաեւ Քաղդատօրենսգրքի դրույթները, ըստ որի՝ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեին գործի այն հանգամանքներն ու ապացույցները, որոնց վրա են հիմնված դատարանի հետեւությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաեւ՝ այն օրենքներն ու իրավական ակտերը, որոնցով է, իբր, ղեկավարվել տիկին Տավարածյանը վճիռ կայացնելիս։ Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել