Լրահոս
Օրվա լրահոսը

Պայքար կոռուպցիայի դե՞մ

Մայիս 15,2002 00:00

Պայքար կոռուպցիայի դե՞մ Մենք բազմիցս ենք անդրադարձել ոչ թե պետբյուջեի, այլ առանձին պաշտոնյաների, կլանների ու «կռիշաների» համար ավելի քան շահութաբեր մի ոլորտի, ինչպիսին է երթուղային տաքսիների «բիզնեսը»: Միայն այդ ոլորտում ստվերային շրջանառությունը կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար: Որ երթուղային տաքսիների, թերեւս, բոլոր «գծերն» իրենց «տանիքն» ունեն եւ դրանք ոչ անհայտ պետական պաշտոնյաներ են՝ եւս հայտնի է: Հիմա՝ կոնկրետ: Անցյալ կիրակի օրը «66» երթուղին սպասարկող 36 երթուղային տաքսի երթուղի դուրս չէր եկել: Վարորդները բողոքում էին, այսպես կոչված՝ «գծի փողը» թանկացնելու եւ օրական 3000 դրամի վարձավճարը 4000 դրամ դարձնելու դեմ: Բողոքները ներկայացվում էին, բնականաբար, «գիծ նայող» Ավոյին, որը, բացի «66» երթուղուց, միաժամանակ «նայում», վերահսկում եւ «նալոգներ» է հավաքում նաեւ «83», «67», «52» երթուղիները սպասարկող վարորդներից: Ի պատասխան գործադուլավոր վարորդների դժգոհության՝ պարոն Ավոն հայտարարել է, թե «գծի» փողը Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության Կենտրոնական դիսպետչերականի պետ Յուրա Գալստյանի հրամանով է բարձրացել, եւ բոլոր հարցերով պետք է նրան դիմել: Սույն Յու. Գալստյանն էլ, ի դեպ, այն նույն Գալստյանն է, որին ժամանակին նախկին քաղաքապետ Ա.Բազեյանը ազատել էր աշխատանքից, բայց որը վերականգնվել էր արդեն Ռ.Նազարյանի օրոք, թերեւս, քաղաքապետարանը կամ բյուջեն «լեւի» փողերով լցնելու նպատակով: Ինչեւէ: Վարորդներից մի քանիսը բողոքում էին. «Ի վիճակի չենք 4000 դրամ վճարել: Գիծը կարճ է՝ 13 կմ ընդամենը եւ եթե 4000 տանք գծին, մեզ տակը բան չի մնում: Լավագույն դեպքում՝ մեզ մնում է 1000-2000 դրամ, բայց գազի, մեքենայի նորոգման, արենդայի փող ենք փակում: Այնպես լինի, որ մեր հացի փողն էլ առնենք»: Վարորդները պատմեցին նաեւ, թե շուրջ 4-5 տարի առաջ «66» երթուղու «գծի փողը» եղել է 2700 դրամ եւ պայման, որ պետք է աշխատի սահմանափակ՝ թվով 22 շարժակազմ. 18-ը՝ լիցենզիայով, 4-ը՝ առանց լիցենզիայի: «Այսօր մեքենաների թիվը դարձել է 36, որից 18-ն են լիցենզավորված, 3000 դրամ օրավարձն էլ 4000 են դարձնել: Ավոն ասել է, թե նման հրաման է տվել ԿԴՎՑ-ի տնօրենը: Ուզում եք՝ գնացեք նրա մոտ, քաղաքապետի մոտ, վարչապետի մոտ: Մեր մոտ ճորտատիրական կարգեր են: Ասում են՝ էս է: Ուզում եք՝ ուզեք, չէ՝ չէ»: Փորձեցինք ճշտել Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետից, թե ԿԴՎՑ տնօրենը կապ ունի՞ «66» երթուղու «գծի փողի» հետ, կամ օրինական գանձվող վճարի չափն ավելացե՞լ է: Պարզվեց, որ ոչ մի «թանկացում» չի եղել: Ավելին, ԿԴՎՑ-ի պետը նման հրաման, հրահանգ տալու իրավունք չունի: Հիմա մենք էլ ուզում ենք, ամեն մի մանրամասնությունից զատ, ճշտել, թե ո՞ւմ կամայականության արդյունքում եւ ո՞ւմ գրպանը համալրելու համար է ավելացվել առանց այն էլ պետբյուջեն շրջանցող «գծի փողի» չափը: Դա մենք թողնում են պարոն Ռ.Նազարյանին եւ «գիծը նայող կռիշային»: Իսկ մինչ այդ «66» երթուղու վարորդները որոշել են շարունակել բողոքել եւ, իբրեւ ծայրահեղ միջոց, միանալ Ազատության հրապարակի ընդդիմադիրներին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել