Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանից ակնկալիք չունեմ»

Մայիս 15,2002 00:00

«Դատարանից ակնկալիք չունեմ» Երեկ իր վերջին խոսքում ասաց Մուշեղ Սաղաթելյանը «Հարգելի դատարան, ինձ շատ դժվար է վերջին խոսք ասել, որովհետեւ գիտակցում եմ, որ փորձում եմ պայքարել պետական կառույցների դեմ, որոնք շատ են»,- ասաց Մ. Սաղաթելյանը՝ եւս մեկ անգամ պնդելով, որ իր դեմ քրգործի հարուցումը հետեւել է «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների վերաբերյալ իր արած հայտարարություններին: «Հարգելի պետական մեղադրողը մեղադրական ճառ ասաց, որը ես չեմ կարող ընդունել որպես ճառ՝ իրավաբանության եւ օրենքների շրջանակներում: Ես քաջ գիտակցում եմ, որ այդ ճառն ընդամենը պատվեր է, եւ այդ կարգի ստրուկը չի կարող դա չկատարել»,- նկատեց ՔՊԻՎ նախկին պետը: Դատավորի դիտողությունից հետո, թե ամբաստանյալը վիրավորում է, վերջինս արձագանքեց. «Իմ վերջին խոսքում ասում եմ այն, ինչ ցանկանում եմ: Ես անձին չեմ վիրավորում: Խոսում եմ համակարգի եւ այն վերաբերմունքի մասին, որը դրսեւորվում է իմ հանդեպ»: Մ.Սաղաթելյանն իր այդ որակումը փաստարկեց նրանով, որ նախաքննության, դատաքննության ընթացքում մեղադրանքներն առաջադրվել են Քրդատօրի բազմաթիվ խախտումներով՝ «թքելով օրենքի վրա»: «Եվ եթե այդ ամենից հետո մեղադրողը պնդում է մեղադրական եզրակացությունը, ես նրան ո՞նց կարող եմ անվանել, եթե ոչ՝ ստրկամիտ: Ես քաջ գիտակցում եմ, որ չեմ արել այն, ինչում ինձ մեղադրում են: Հասկանո՞ւմ եք, որ ես դա չե՛մ արել»,- հայտարարեց Մ.Սաղաթելյանը՝ շեշտելով, որ իրեն առաջադրված մեղադրանքների դրդապատճառը բոլորին է հայտնի: Նա նաեւ կարծիք հայտնեց, թե ստալինյան ժամանակներն ավելի լավն էին, որովհետեւ այն ժամանակ «մարդուն բերում, ծեծում, ստիպում էին, որ թղթի վրա գոնե գրի» եւ հանձն առնի իրեն վերագրվող մեղադրանքները. «Իմ նկատմամբ դա էլ չեն արել: Իրենք վերցրել-գրել են, որ այդպես է՝ դիպլոմդ կեղծ է, Միսակ Մկրտչյանին ծեծել ես, թեեւ չի ապացուցվել, Ռ.Զորոյանին դու ես ծեծել, չնայած չի հիմնավորվել: Դրանք ապացույցներ չե՞ն, որ սա պատվեր է: Ես որեւէ ակնկալիք չունեմ նույնիսկ դատարանի վճռից, գիտակցաբար եմ գնում այս ամենին, որովհետեւ նպատակ ունեմ՝ կասկած ունեմ եւ պայքարում եմ բացահայտելու «27»-ի գործը՝ կազմակերպիչների մասով»: Ամբաստանյալը շեշտեց նաեւ, որ իրեն առաջադրված մեղադրանքների կոնկրետ դրվագներով նույնիսկ վկայություն չեն տվել այն մարդիկ, ովքեր դրան առնչություն, անմիջական մասնակցություն են ունեցել, եղել են իր կողքին. «Ինչո՞ւ: Ինչ է թե, այս պահին պաշտո՞ն են զբաղեցնում»: Մ. Սաղաթելյանը համաձայնեց, որ կարելի է նախագահին անհիմն մեղադրելու համար պատժել, բայց միայն իրականությունը պարզելուց եւ դա հիմնավորելուց հետո. «Ես ուզում եմ, որ ճիշտը պարզվի, բայց իմ նկատմամբ վերաբերմունքը հակառակ կողմից է գործում, որովհետեւ պատվիրատուն ուժեղ է, եւ ոչ ոք ոչինչ անել չի կարող: Ես դա հասկանում եմ»: Անդրադառնալով ՆԳՆ գործակալ Հ. Գրիգորյանին որպես վկա գործում ընդգրկելու փաստին, նա նշեց. «Ի՞նչ է նշանակում՝ պետության կողմում աշխատող գործակալին բերել դատարան. որ ասի, թե Մուշեղը 50 հազար դոլա՞ր է խոստացել: Մի անձ, այն էլ՝ գործակալ, մի բառ է արտասանել, եւ դրա հիման վրա քրգործ հարուցել եւ ներկայացնել որպես հիմնավորված փա՞ստ: Ո՞ր հիմքով: Եթե մի անձի ցուցմունքով հարցը լուծվում է, է, ես էլ եմ մեկ անձ, հայտարարություններ եմ արել «27»-ի վերաբերյալ. ինչո՞ւ չեն նյութեր հավաքում եւ քրգործ հարուցում: Դրանով ապացուցում են այն, ինչ ես ասում եմ «27»-ի մասին: Ես գիտեի, որ այսպես է լինելու: Կփորձենք շարունակել պայքարել»: Մ. Սաղաթելյանն ասաց, որ ինքն ի պաշտոնե ինֆորմացված մարդ է, եւ իր թերություններից մեկն էլ հենց այն է, որ շատ բան գիտի, եւ դա է սարսափեցնում պատվիրատուին. «Ճանաչելով ինձ՝ գիտեն, որ ես 40 գոմշի կաշի կտամ, բայց, մեկ է, մեղա չեմ ասի: Կա պատվեր, եւ փորձում են ինձ զրկել ազատությունից: Դա ձեր իրավունքն է, այդպես են ասել, բայց ինձ դատապարտելով՝ դատապարտում եք արդարադատությունը: Ես գնալու եմ մինչեւ վերջ: Փորձեք շարունակել այսպես՝ այսպիսի վերաբերմունքով իմ, օրենքների, իրավաբանության նկատմամբ: Սա է իմ վերջին խոսքը: Փորձեք դատել, դատապարտել, ես չեմ խուսափում»: Մ. Սաղաթելյանն ավարտեց իր ասելիքը, եւ հետեւեց երկարատեւ ծափահարություն: Դատավոր Վ. Լալայանը հայտարարեց, որ դատավճռի օրն ինքը կհայտարարի: Թերեւս մտածելու բան կա, եւ պատվերը, թերեւս, միանշանակ իջեցված չէ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել