Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-Ը ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է

Մայիս 15,2002 00:00

«Ա1+»-Ը ՓՈՒԼԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանի եւ հեռուստաընկերության շահերը դատարանում ներկայացնող փաստաբանական խմբի ղեկավար Տիգրան Տեր-Եսայանի երեկվա ասուլիսից հայտնի դարձավ, որ «Ա1+»-ը մտադիր է իրեն եթերից ապօրինի զրկողներին պատասխանատվության կանչել փուլ առ փուլ։ Հայ փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն այս ասուլիսի ընթացքում անդրադառնալով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի այն պատճառաբանությանը (որը գրեթե անփոփոխ տեղ գտավ նաեւ Նախշուն Տավարածյանի վճռում), թե 2001-ի նոյեմբերին ոչ մի կերպ չէին կարող «Ա1+»-ի արտոնագրի մրցույթն անցկացնել, քանի որ այդ ժամանակ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, մասնավորապես՝ դրա 59 հոդվածը, դեռ փոփոխվում էր, լրագրողների ուշադրությանը ներկայացրեց 2001 թ. հոկտեմբերի 6-ին ընդունված այդ փոփոխությունը, ըստ որի՝ օրենքի 59-րդ հոդվածի 3-րդ մասը պիտի շարադրվեր հետեւյալ խմբագրությամբ. մեկամսյա ժամկետում կառավարությունը Ազգային հանձնաժողովի կանոնակարգը եւ դրա վերաբերյալ իր եզրակացությունը պիտի ներկայացնի ԱԺ։ Տիգրան Տեր-Եսայանը լրագրողներին առաջարկեց եզրակացնել, թե այս նոր շարադրանքը որքանո՞վ էր կաշկանդում հանձնաժողովին, որպեսզի մրցույթն անցկացվեր ժամանակին. «Առավել եւս, որ 59-րդ հոդվածում ընդհանրապես չէր նշվում, թե Ազգային հանձնաժողովը չպետք է կազմակերպի մրցույթ մինչեւ կանոնակարգի ընդունումը։ Օրենսդիրը նման արգելք չէր սահմանել»։ Մանավանդ որ, հիշեցնենք. նույն ընթացքում հանձնաժողովն առանց կանոնակարգի մի շարք որոշումներ է ընդունել։ Նոյեմբերին մրցույթ չանցկացնելու իրական պատճառները բավական ակնհայտ են, դեռ գրանցված չէր «Դոֆինը» ու նաեւ, ինչպես մի սեմինարում բացահայտեց «Արմատ» կենտրոնի անդամ Տիգրան Սեդրակյանը, հենց նոյեմբերից են «Շարմի» ղեկավարները երկարատեւ ու հաճախակի հանդիպումներ ունեցել նախագահի նստավայրում։ «Առավոտը» հետաքրքրվեց, թե իրավական ձեւակերպում արդեն ստացե՞լ է «Ա1+»-ի նախագահի մտադրությունը՝ քրեական պատասխանատվության ենթարկել հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին ու փոխնախագահ Շամիրամ Աղաբեկյանին՝ իրենց գործողություններով հեռուստաընկերության համբավին հասցրած վնասի համար։ Տիգրան Տեր-Եսայանի պատասխանը դրական էր։ Անգամ նշեց, թե Մեսրոպ Մովսեսյանը դեռ մեղմ էր արտահայտվել։ «Պարզապես մարտավարական առումով չենք ցանկանում այժմ հայցը ներկայացնել դատարան։ Ավելին ասեմ՝ տեղի է ունեցել իշխանազանցություն եւ, երբ հարկ լինի՝ այդ հարցն էլ առաջ կքաշենք։ Անտեսվել է օրենքը եւ կամայական որոշումներ են կայացվել, որոնք նաեւ քրեորեն են պատժելի»։ Մեսրոպ Մովսեսյանը հավելեց, թե փուլ առ փուլ են առաջ գնալու. «Դեռ երկար է տեւելու այս ամենը, քանի որ մտադրություն ունենք մինչեւ վերջ բոլորին պատժել։ Հերթո՛վ»։ Ըստ փաստաբանի, հանձնաժողովի կատարած եւս մի օրինախախտում է, որ մինչեւ հիմա «Ա1+»-ին չի տրամադրվել որոշումն արտոնագիր տալը մերժելու մասին։ Սակայն՝ «մեր մոտեցումն այս է՝ «Շարմը» պետք է մերժվեր, քանի որ «Շարմի» ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքին։ «Շարմի» իրավունքն էր՝ ինչ ցանկացել, ներկայացրել է։ Իսկ Ազգային հանձնաժողովի պարտականությունն էր օրենքով առաջնորդվելը»։ Տիգրան Տեր-Եսայանը հիմնավորեց, թե ինչու պիտի մերժվեր «Շարմը»։ Օրենքի պարտադիր պահանջն է՝ ներկայացնել «տեղեկանք հնարավոր ֆինանսական աղբյուրների մասին»։ Սակայն «Շարմի» մրցութային առաջարկում չես գտնի նման տեղեկանք։ Փոխարենը կան գրություններ։ Նախ «Եվրոմոթորսից», որը հայտնում է իր «պատրաստակամությունը սկզբնական ներդրումներ անելու եւ հետագա համագործակցության մասին եւ հուսով է, որ այն արդյունավետ կլինի»։ Այսինքն՝ չկա որեւէ որոշակի տեղեկություն ներդրումների չափի մասին։ Ըստ այլ գրության էլ՝ «Հայգյուղփոխբանկն» է համագործակցելու «Շարմի» հետ։ Կարծեմ այս բանկը վարկավորում է (ընդ որում՝ առավելագույնը 25 հազար դոլարի չափով) գյուղացիական տնտեսություններին, որպիսին հաստատ չէ «Շարմը»։ «Այո, 1 մլն 850 հազար դոլարի ֆինանսական ներդրումը դուք այստեղ չեք գտնի։ Միայն կգտնեք երկկողմանի համագործակցության խոստումներ,- ասաց պրն Տեր-Եսայանը։- Խոսք չկա՝ 1,8 մլն-ը ո՛ր մեկը, ո՛ր մասով ներդրում կանի, ե՞րբ, ո՞ր ժամանակահատվածում կտա»։ Ըստ օրենքի, մրցույթի մասնակիցը պետք է ներկայացներ տեխնիկական հավաստագիր։ «Շարմը» մրցութային առաջարկին գրություն է կցել մի ՓԲԸ-ից, որն առեւտրային տեղեկատվություն է ներկայացրել իր ապրանքատեսակների եւ դրանց գների վերաբերյալ։ Սա՝ արտոնագրատիրոջ ընտրության համար այնպիսի կարեւոր չափորոշիչների մասով, որպիսիք դիմողի տեխնիկական եւ ֆինանսական հնարավորություններն են։ Ինչ վերաբերում է «աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունը» չափորոշիչին։ Մրցութային առաջարկի «Կադրային քաղաքականություն» բաժնում, առանց պահպանելու օրենքի պահանջը աշխատակազմի կրթության ու մասնագիտական պատրաստվածության մասին տեղեկություններ ներկայացնելու վերաբերյալ, «Շարմը» հավաստիացրել է, թե ստեղծելու է որակյալ աշխատակազմ. «Հեռարձակման արտոնագիր ստանալու դեպքում՝ տվյալ ալիքի նախկին հաստիքային աշխատակիցները մեր կողմից կդիտվեն որպես պոտենցիալ կադրեր»։ Տիգրան Տեր-Եսայանն այսպես գնահատեց տվյալ մոտեցումը. «Նման ձեւով՝ ուրիշի կադրերով մրցույթին մասնակցելն արդեն անհասկանալի է։ (…) «Ա1+»-ին 37 հաճախականությունից հանում են, իսկ աշխատողներին վերցնում են իրենց։ Շա՜տ ունիվերսալ ձեւով են մասնակցել մրցույթի»։ Ի դեպ, իր մի հարցազրույցում «Շարմի» տնօրեն Ռուբեն Ջաղինյանն ընդամենը «քաղաքավարական ժեստ» էր անվանել «Ա1+»-ի կազմին այժմ էլ իրենց հեռուստաընկերությունում աշխատելու առաջարկը։ Բայց փաստն այն է, որ այս դրույթն արձանագրված է «Շարմի» մրցութային առաջարկում, որն իբր պիտի 7 տարում անպայման կենսագործվի։ Եվ Ազգային հանձնաժողովն էլ պիտի վերահսկի դրա կատարումը, քանի որ հիմք է ընդունել նման առաջարկը։ Ասուլիսում «Նոյյան տապանի» թղթակիցը հարց ուղղեց ազատ եւ չզբաղեցված հաճախությունների մասին, որոնց առկայությունը փաստեց կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը։ «Սակայն «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» եթերից զրկելուց հետո հանձնաժողովը կարծես կատարել է իր ստեղծման գործառույթը եւ այլեւս ոչ մի մրցույթ չի հայտարարում»՝ թղթակցի այս դիտարկմանն արձագանքեց «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյանը եւ նշեց, թե բացի մրցույթով արտոնագրվածներից՝ բոլոր հաճախություններն էլ կարելի է համարել ազատ։ Բացի այդ, կան հեռուստաընկերություններ, որոնք ի սկզբանե չեն ունեցել որեւէ արտոնագիր. «Եվ մինչեւ այսօր աշխատում են։ Սրա մեջ տեսնում եմ միտում»։ Նա նշեց, թե նոր մրցույթները թերեւս կհայտարարվեն աշնանը. «Այստեղ էլ միտում կա։ Եթե «Ա1+»-ը ուզենա մասնակցել մրցույթի այլ հաճախության համար (…), չի հասցնի պատրաստվել նախընտրական շրջանի լուսաբանմանը»։ Մեսրոպ Մովսեսյանը օրենսդրության կոպիտ խախտումներով «Ա1+»-ին իր կապուղուց զրկելը որակեց «ոճրագործություն», որի հեղինակները Հայաստանի ղեկավարները եւ Ազգային հանձնաժողովն են, որոնք անպայման պիտի պատասխան տան ու պատժվեն. «Մինչեւ վերջ գնալով մենք ժամանակի կորուստ կունենանք, որն ի վերջո կվերածենք մեր ֆինանսական կորուստների պահանջների»։ «Առավոտը» նաեւ հետաքրքրվեց. իշխանություններն այլեւս փորձեր չե՞ն անում բանակցել եւ ինչ-ինչ առաջարկներով գայթակղել «Ա1+»-ին։ Մեսրոպ Մովսեսյանի պատասխանն էր. «Սկսված բանակցություններն ընդհատվեցին նաեւ այն պատճառով, որ ես կտրականապես մերժել եմ ամեն տիպի առաջարկները, չնայած կային նորմալ առաջարկներ էլ, որոնց կարելի էր համաձայնել։ Բայց համաձայնելը նշանակում էր՝ էլի՛ ժամանակի կորուստ։ Իսկ եթե ես, մեկ է, կորուստ ունեմ, ավելի լավ է՝ կորցնեմ դաշտը մաքրելով, քան թե միանգամից հանձնվելով»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել