«ՄԵՐ ՈՒԺԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է» Ասում է էքսվարչապետ Արամ Սարգսյանը Ընդդիմադիր քաղաքական ուժերը երեկ մի թեթեւ «մատ» արեցին խորհրդարանի իշխանական թեւին։ Դեռ նախորդ օրվանից շրջանառության մեջ մտած լուրը, թե 13 քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները երեքշաբթի սկսելու են Ռ. Քոչարյանի պաշտոնանկության ստորագրահավաքը, ստիպել էր խորհրդարանական որոշ ուժերի «փախած ման գալ», ինչպես բնութագրեց ժարգոնի սիրահար մեկը։ Դատարկ ԱԺ-ն ծույլ-ծույլ քննարկում էր Ջրային օրենսգիրքը, այդպիսով «ջրելով» բուն քաղաքական խնդիրները, որոնք այսօր այսպես թե այնպես ծառացած են երկրի եւ ժողովրդի առաջ։ Եվ որքան էլ խորհրդարանը փորձի չնկատելու տալ դրանք, կամ ջայլամի կեցվածք ընդունի, միեւնույն է՝ պոչը երեւացող է եւ, ըստ ընդդիմության՝ կտրելու արժանի պոչ է։ Օրվա առաջին կեսն անցավ լրագրողական անարդյունք սպասումների մեջ, հասկանալի է, որ ջրային թեման քչերին էր հետաքրքրում (թեպետ քաղաքական կայուն վիճակում գտնվող խորհրդարանին եւ ժողովրդին պետք է, որ հետաքրքրեր), ամենքը սպասում էին, թե երբ են ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները քարտուղարությունից վերցնելու պաշտոնանկության համար անհրաժեշտ թերթիկը։ Թերթիկը երեկ այդպես էլ չվերցվեց։ Ասում են՝ այդ բանը կարվի այսօր։ Թերեւս մինչ այդ կարիք կար կրկին տնտղել որոշ պատգամավորների տրամադրվածությունը։ Բացի այդ, այս անգամ ընդդիմադիր ուժերը դիմել էին առավել սահմանադրական եղանակի՝ ոչ թե միանգամից վերցրել էին թերթիկը եւ դիմում էին իրենց գործընկերներին՝ միանալու ստորագրահավաքին, այլ՝ սպասում էին ժողովրդական պահանջին։ Ինչը չուշացավ, եւ Ազատության հրապարակից հանրաքվեի մասնակիցները՝ Արամ Սարգսյանի, Ալբերտ Բազեյանի, Վաղարշակ Հարությունյանի, Աշոտ Մանուչարյանի եւ մյուսների գլխավորությամբ, արդեն ժամը 16:30-ի սահմաններում օղակել էին խորհրդարանի ճաղապատերը եւ բղավում էին. «Ռոբե՛րտ, հեռացիր»։ Որոշ ժամանակ անց խորհրդարանի Դեմիրճյան մուտքից դուրս եկան ՀԺԿ-ական եւ «Հայաստան» պատգամավորական խմբերի, «Հանրապետություն» կուսակցության անդամ պատգամավորները եւ միացան միտինգավորներին։ Վերջիններս պատգամավորներին դիմավորեցին մեծ ոգեւորությամբ, որպես «ազգընտիր» պատգամավորներ։ Թե ինչու երեկ չսկսվեց ստորագրահավաքը, շատ պարզ է, նախ. ընդդիմությունը ժամանակ է շահում ոմանց համոզելու համար, եւ հետո. կա հարցը հերթական կամ արտահերթ նիստում քննելու տարբերություն։ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արամ Սարգսյանի ներկայացմամբ. «Մեր ուժը ժողովուրդն է, մենք ուրիշ ուժ չունենք, ուրիշ լծակ չունենք, պաշտոններ չենք առաջարկում, փող չենք առաջարկում, մեր ուժը ժողովրդի մեջ է եւ կարծում ենք՝ մեր պատգամավորները, տեսնելով ժողովրդին, ժողովրդի կարծիքը հաշվի առնելով, որոշ մասը՝ նաեւ վախենալով, որոշ մասը՝ հարգելով, որոշ մասը՝ գաղափարապես, կմիանա ստորագրահավաքին։ Այնպես որ, լրիվ հնարավոր եմ համարում 44 ստորագրություն այս խորհրդարանում հավաքելը»։ Ժողովրդին հնարավորություն էր տրված ուղիղ կապով հետեւել խորհրդարանի նիստի ընթացքին։ Հայտարարվում էր, օրինակ, որ խորհրդարանը լքել էին ՀՀԿ բազմաթիվ պատգամավորներ, ինչին ի պատասխան բազմությունը «ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ» էր վանկարկում։ Սակայն, եթե ամբողջ օրվա ընթացքում խորհրդարանի դահլիճում ամենաշատը 8-10 պատգամավոր էր լինում, հայտարարությունների ժամին մեր մոտավոր հաշվարկով մոտ 50 պատգամավոր էր նստած։ Մեր դիտարկմամբ՝ որոշ քաղաքական ուժեր (ինչպես, օրինակ, «Օրինաց երկիրն» ու «Իրավունք եւ միաբանությունը») իրենց համար խիստ կարեւոր հայտարարություններ էին ուզում հնչեցնել (առաջինը՝ Իջեւանի քաղաքապետի, ըստ իրենց, անօրինական ընտրությունների մասին, «ԻՄ»-ը՝ ավիաուղիների մասնավորեցման եւ լրատվամիջոցներից մեկի հասցեին), իսկ մյուսները (ընդդիմադիրներից բացի)՝ ներկա լինելով, թերեւս փորձել էին տպավորություն ստեղծել, թե ո՛չ դրսից են տեղյակ, ո՛չ էլ ուզում են տեղյակ լինել։ Միայն պատգամավոր Ստեփան Զաքարյանը՝ հայտարարությունների ժամին «Ա1+»-ի կամովին ստանձնած դերը կատարելով, հայտարարեց դրսում հավաքված բազմության մասին եւ ասաց, թե ինչ է ժողովրդի պահանջը։ Թվարկելով իշխանությունների կողմից կատարված եւ կատարվող մի շարք անօրինականություններ, Ստեփան Զաքարյանը եզրահանգեց. «Այս ամենը շատ մարդկանց համբերության բաժակը լցրել է։ Եվ այդ մարդիկ եկել ու պահանջում են ԱԺ-ից՝ սկսել Ռոբերտ Քոչարյանի պաշտոնանկության գործընթացը»։ Այդ գործընթացը կրկին կսկսվի այսօր։ Շարունակությունը՝ հաջորդիվ։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ