Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ՊԵ՞ՏՔ Է ԱՅԴՊԻՍԻ ԶԻՆՎՈՐ

Մայիս 14,2002 00:00

ՄԵՐ ԲԱՆԱԿԻՆ ՊԵ՞ՏՔ Է ԱՅԴՊԻՍԻ ԶԻՆՎՈՐ Նրա 18-ը անցյալ տարի լրացավ։ Շատերի հետ նա էլ պետք է զինծառայության մեկներ, սակայն բժշկական հանձնաժողովը վեց ամիս հետաձգեց ծառայության ժամկետը եւ վեց անգամ ուղարկեց Երեւանի տարբեր հիվանդանոցներ, սկսած Ուռուցքաբանության ինստիտուտից, վերջացրած Հանրապետականով։ Ուղարկեց հետազոտման, ախտորոշման։ Ստուգում էին բժիշկներն ու ամեն մեկն իր հերթին ասում. «Մեր հիվանդը չես»։ Արարատի մարզի Շահումյան գյուղի Բարաքաթյանների ընտանիքի միակ տղան է Արամը։ Ծնվել է բնածին արատով. ողնուղեղի ճողվածքով։ Անհանգստացած ծնողները դիմել են բժիշկներին։ Պրոֆեսորներից միայն մեկն է հանձն առել վիրահատել, բայց երկու օր հետո հրաժարվել է այն մտավախությամբ, որ տղան կարող է անդամալույծ դառնալ։ Հանձնաժողովի տված վեց ամիս ժամանակը ոչինչ չփոխեց Արամի կյանքում։ Կանչում են զինկոմիսարիատ, գնում է, ներկայանում։ Արդեն բոլորը ճանաչում են նրան։ 2-րդ բաժնի պետ Ս. Հակոբյանը, զգալով տղայի անհանգիստ վիճակը, անմիջապես աթոռ է առաջարկում։ Նա երկար կանգնել, քայլել, վազել, իր բարձրացնել չի կարողանում։ Հոգեկան ծանր օրեր է ապրում, երբ հիշում է, որ բժիշկների հիվանդը չէ։ Հաճախ ինքն իրեն հարց է տալիս. «Ո՞ւմ հիվանդն եմ ես»։ Միայն մեկ անգամ մի կին ասաց. «Աստծո հիվանդն ես, տղաս»։ Դա նրա Սեդա տատն էր։ Հանդիպեցի զինկոմին՝ պարոն Ղարիբյանին։ Անմիջապես հիշեց զինակոչիկ Արամ Բարաքաթյանին եւ իմ հարցին՝ «Մեր հզոր բանակին պե՞տք է այդպիսի զինվոր», պատասխանեց. – Հանձնաժողովը կորոշի։ Մեզ մնում է սպասել։ Մեզ նույնպես հետաքրքրում է հանձնաժողովի եզրակացությունը. 18-ամյա տղայի հետագա ճակատագիրը։ ԺԵՆՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Արարատի մարզ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել