Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐԻՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Մայիս 14,2002 00:00

ՆՈՐԻՑ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ Մայիսի 11-12-ը Ծաղկաձորում «Հայաստանի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների դերը տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում» թեմայով հերթական սեմինարն անցկացրեց Երեւանի մամուլի ակումբը։ Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը արձանագրեց հարավկովկասյան երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի հասարակական եւ լրագրողական կազմակերպությունների՝ բավական ակտիվ համագործակցությունը վերջին տարիներին։ Երկկողմ եւ եռակողմ համագործակցության շրջանակներում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել։ Բ. Նավասարդյանի դիտարկումներով, սա բավական հակասում էր քաղաքական զարգացումներին, քանի որ կոնֆլիկտների լուծման եւ ինտեգրացման բնագավառում կարծես թե լուրջ արդյունավետություն չէր նկատվում։ 2001-ի սեպտեմբերի 11-ից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունները սրվեցին այն աստիճան, որ կարելի է խոսել նահանջի մասին՝ նախկին երկխոսությունների արդյունքում արձանագրված ձեռքբերումներից։ Ահա այս ֆոնի վրա հետաքրքիր էր վերլուծել լրատվամիջոցների եւ քաղաքացիական հասարակությունների ազդեցությունը քաղաքական զարգացումների վրա, եւ ընդհակառակը, վերջինների արձագանքը լրատվամիջոցների հրապարակումներում եւ ազդեցությունը հասարակական կազմակերպությունների վրա։ Սեմինարին հրավիրվել էին Հայաստանում գործող հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ՝ ինչպես հեռարձակվող, այնպես էլ տպագիր։ Երեւանի մամուլի ակումբի նախագահը հույս հայտնեց, թե լրագրողներին եւ քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչներին սեմինարը կօգնի՝ ադրբեջանցի եւ վրացի գործընկերների հետ իրենց հետագա հարաբերությունները զարգացնելու։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել