Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԻՍՈՒՄ ՄԱՐԶԱԿԱՆ ՏՈՆ ԷՐ

Մայիս 14,2002 00:00

ԳՈՐԻՍՈՒՄ ՄԱՐԶԱԿԱՆ ՏՈՆ ԷՐ Մի տեսակ սովորական է դարձել, որ տարբեր մարզաձեւերի Հայաստանի առաջնություններն անցկացվում են Երեւանում, Գյումրիում կամ Վանաձորում։ Կազմակերպական առումով դա գուցեեւ հեշտ է՝ մարզիկների, մարզիչների, մրցավարների տեղավորման, սննդի կազմակերպման խնդիրներ համեմատաբար քիչ են առաջանում, եղած մարզաբազաներն էլ շատ թե քիչ բարվոք են։ Բայց մյուս կողմից նման քաղաքականությունը չի նպաստում սպորտի աշխարհագրության ընդլայնմանը։ Մարզերի, հանրապետության հեռավոր շրջանների մարզիկները, որոնց մեջ, հայտնի է, քիչ չեն շնորհալիներն ու հեռանկարայինները, այդպես մեկուսացված են մնում։ Խոսքը հիմնականում վերաբերում է պատանիներին ու երիտասարդներին, որոնք հայտնի պատճառներով հնարավորություն չունենալով մասնակցել մրցաշարերին, այդպես էլ չեն աճում, խամրում են։ Եվ արդյունքը լինում է այն, որ ֆիզիկական կուլտուրան եւ սպորտը մարզերում կամ չի զարգանում, կամ էլ շատ դանդաղ քայլերով է առաջ ընթանում։ Հենց այս հանգամանքն էլ հաշվի առնելով օրերս ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան առաջնությունը կազմակերպվել էր Գորիսում։ Մրցավայր էին ժամանել հանրապետության բոլոր մարզերի եւ վերոնշյալ երեք քաղաքների շուրջ 170 ըմբիշներ։ Ոչինչ, որ սկզբում նրանց տեղավորելու հարցում որոշ դժվարություններ եղան, սակայն հյուրասեր գորիսցիները հաճույքով հյուրերին ընդունեցին իրենց տներում։ Տեղաբնակները միաբերան ասում էին, թե իրենց քաղաքում վաղուց միաժամանակ այսքան հյուրեր չէին եղել ու շեշտում էին, թե առաջնությունը Գորիսում մեծ աշխուժություն է առաջացրել, վերածվել է իսկական մարզական տոնի՝ հատկապես պատանիների շրջանում։ Բոլոր օրերին հանրակրթական դպրոցի դահլիճը, որտեղ տեղադրվել էին մրցագորգերը, լեփ-լեցուն էր։ Ու դա ոգեւորում էր նաեւ մասնակիցներին։ Երեք օր տեւած պայքարից հետո իրենց քաշային կարգերում հաղթող դարձան երեւանցիներ Սուրեն Ադյանը (42 կգ), Գեղամ Բաբախանյանը (46), Կորյուն Հովսեփյանը (58), Հայկ Գեւորգյանը (63), Էդգար եւ Հարություն Ենոքյան եղբայրները (համապատասխանաբար՝ 76 եւ 85 կգ), վանաձորցիներ Արման Ղումաշյանը (50), Մհեր Բաբայանը (100) եւ 54 կգ քաշային Արմեն Հաբեթյանը (Գառնի)։ Առաջնությունը Գորիսում անցկացնելը հետաքրքիր եւ օգտակար եղավ նաեւ ըմբիշների համար։ Նրանց մեծ մասն առաջին անգամ լինելով Հայաստանի հարավային այս տարածաշրջանում, հիացավ Սյունիքի գողտրիկ բնությամբ, ծանոթացավ պատմամշակութային կոթողներին։ Վերջին տարիներին Հայաստանի առաջնությունը հեռավոր շրջանում կազմակերպելու առաջին փորձը հաջող անցավ։ Գոհ էին թե հյուրերը, թե տեղացիները, որոնք վստահ են, թե մարզական այս տոնակատարությունը նոր թափ կհաղորդի տեղում ոչ միայն ըմբշամարտի, այլեւ մյուս մարզաձեւերի աշխուժացմանը։ Իսկ կազմակերպիչը՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունը որոշել է այսուհետեւ տարբեր մարզաձեւերի հանրապետության պատանեկան առաջնությունները գերազանցապես կազմակերպել Հայաստանի հեռավոր մարզերում։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել