Լրահոս
Օրվա լրահոսը

Թռիչքաձեւ

Մայիս 14,2002 00:00

Թռիչքաձեւ Թռիչքը թեթեւի հմայքն է։ Սիրտը թեթեւ լինի ու թեթեւ չկշռի։ Ճակատագիրը թեթեւ լինի ու չծանրացնեն։ Թռիչքը թեթեւ լինի եւ կրակոցը նրան չծանրացնի։ Նույնիսկ խելքը թեթեւ թող լինի, քանի դեռ տարիները հեռու են ծանրանալուց։ Հողը թեթեւ լինի, եթե կյանքը ծանր է եղել։ Մահը թեթեւ լինի, եթե ապաշխարանքը ծանր ես տարել։ Սերդ թեթեւ լինի, որ ձանձրացնելուց շնչին չծանրանա։ Ձեռքդ թեթեւ լինի, երբ հարվածիդ ծանրությունից երկյուղում են։ Ոճը թեթեւ լինի, որ գրողն էլ հետը թեթեւանա, ընթերցողը՝ նմանապես։ Վարքը թեթեւ եղավ, հետեւանքը կծանրանա։ Հանցանքը թեթեւ լինի, որ պատիժն իր ծանրությունից ամաչի։ Ոխդ թեթեւ լինի, որ շուտ շոգիանա։ Մեղքերդ թեթեւ լինեն, որ հոգեվարքդ թեթեւ լինի։ Բռնությունը թեթեւ լինի, որ բռան մեջ հավաքվածները ծանր չշնչեն։ Քարը ծանր լինի եւ երկրաշարժը թեթեւ։ Խաչդ թեթեւ լինի, խաչքարդ՝ ծանր։ Աթլետիկան ծանր լինի, թե թեթեւ, թող սիրտդ այն թեթեւ տանի։ Հոգսերդ թեթեւ լինեն, որ չծանրանան հարազատի ուսերին։ Քայլվածքդ թեթեւ լինի, որպեսզի հողը չտնքա։ Հիվանդությունդ թեթեւ լինի, որ մտահոգությունները չծանրանան։ Օրերը թեթեւասահ լինեն, տարիները՝ ծանրախոհ։ Կատակը թեթեւ լինի, որ ծանր բնավորությունն է՛լ ավելի չծանրանա։ Խաղաղությունը ծանրակշիռ լինի, որ ծանր մարտերը կանխվեն։ Սուտը թեթեւ լինի, որ ճշմարտությունը կարողանա գրկել նրան։ Սրտնեղությունը թեթեւ լինի, որ սրտանոթների վրա չծանրանա։ Դատավճիռը խղճի վրա չծանրացավ, որովհետեւ գրպանի վրա ծանրացավ։ Հաղթահարված փորձություններն ինչքան ծանր լինեն, այնքան հոգիդ կթեթեւանա։ Քո հոգեւոր ուժերի հասունացմամբ է նշանավորվում ծանր զրպարտանքը թեթեւ տանելու կարողությունը։ Ծանրութեթեւ անելուց հետո, քո վճիռը քեզ երբեմն ծանր, երբեմն թեթեւ պիտի թվա։ Երբ վճիռն արձակում են, այն ետ որսալու եւ անէացնելու խնդիրը ծանրանում է։ Ազատ արձակվածների վիճակի թեթեւացումը իմաստազրկվում է։ Ինչքան էլ կյանքդ ծանր լինի, դու պետք է այն հասկանաս, որ թեթեւացնես քո անձնական դառնացածությունը։ Երբ լեռները ծանրանում են անդնդախոր ձորերի բերանին, մնում է հիանալ թեթեւոտն այծեղջյուրների հմտության վրա։ Քո պարտությունը ծանր է, երբ մտքի թեթեւակի շարժումով եզրակացնում ես, որ քո հակառակորդն է ուժեղ եւ ոչ թե դու ես թույլ։ Ուրիշը քեզ տիրապետում է, երբ դու կորցնում ես քո ինքնատիրապետումը։ Քավարանը երանելի դարձավ, երբ հայտնվեցիր դժոխքում։ Քավարանն ընդամենը քեզանից խոնարհություն էր պահանջում։ Դժոխքը թույլ է տալիս, որ գոռոզանաս։ Քո եւ ուրիշի շահերը նման չեն իրար կատարելապես, ոչ էլ քո եւ նրա կորուստները։ Ասում են՝ ինչո՞ւ ծնվեցի, կամ մեռնում եմ հիմա եւ ոչ առաջ կամ հետագայում։ Եթե պատճառները քեզ հայտնեն, քո ի՞նչը պիտի փոխվի։ Հասկանալի դառնալուց նվազած ցավը դու նույնքան ուժգնորեն պիտի զգաս որպես առավելագույնը։ Հասկանալուն պետք է նախորդի եւ հաջորդի խոնարհությունը։ Ես եւ կյանքը միմյանց լիովին չհասկացանք, բայց դա չխանգարեց, որ միասին անցնենք այս երկար ու կարճ ճանապարհը։ Այդ ամենը թեթեւ էր, այդ ամենը ծանր էր, ի՞նչ տարբերություն, երբ անցած է լինում։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել